2010թ.-ի հունիսին Հանձնաժողովի իրականացրած դիտանցումների արդյունքում արձանագրվել էր հավի ձվի գների իջեցում: Այս կապակցությամբ հուլիսի 2-ի նիստում «Հավի ձու' կճեպով» ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության նպատակով ՏՄՊՊՀ-ը վարչական վարույթ հարուցելու որոշում կայացրեց շուկայում գործող 6 հիմնական տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք ապահովում են հանրապետության ձվի արդյունաբերական արտադրանքի 96 տոկոսը:
Վարույթի ընթացքում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ շուկայում արձանագրվել է արտադրության ծավալների շեշտակի աճ: Քանի որ արտադրանքն ամբողջությամբ սպառվում է ներքին շուկայում, ներմուծման եւ արտահանման բացակայության պայմաններում, տեղի ունեցավ գների նվազում:
Ի դեպ, նվազման միտումը դրսեւորվել է դեռեւս անցյալ տարվա հուլիսից: Սակայն, շեշտակի անկում արձանագրվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին: Այս մասին է վկայում նաեւ ԱՎԾ-ից ստացված պաշտոնական վիճակագրությունը, որի համաձայն, ս/թ հունվար-մայիս ամիսներին արձանագրել է 30 տոկոս աճ, իսկ տնտեսվարողների' հանձնաժողովին ներկայացրած տվյալներով, արտադրության աճը կրկնակի պակաս է ներկայացված:
Այս տվյալների տարբերությունը ՏՄՊՊՀ-ն խնդրահարույց համարեց եւ որոշում կայացրեց ապրանքային շուկայի կառուցվածքի ուսումնասիրության վարչական վարույթի արդյունքները տրամադրել ՊԵԿ-ին' հարկային մարմինների ուշադրությունը հրավիրելով այս խնդրի վրա:
Տնտեսվարողների ներկայացրած տվյալների համադրությունը ցույց է տվել, որ գների տատանումները համընկնում են շուկայի 6 հիմնական սուբյեկտների մոտ, ինչը մասնագետների գնահատմամբ, շուկայի մրցակցային լինելու վկայությունն է:
Վարույթի վերաբերյալ խորհրդատվության նպատակով հրավիրված արտասահմանյան փորձագետները եւս վկայեցին, որ արտադրության ծավալների աճn անխուսափելիորեն պետք է հանգեցներ գների իջեցման: Ինչի հետեւանքով արտադրողները կրել են մեծ վնասներ:
Ուսումնասիրությամբ պարզվել է նաեւ, որ շուկայում ի հայտ է եկել նոր գերիշխող սուբյեկտ, քանի որ «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ը եւ «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ը, որոնք գրավում են շուկայի 29.16 տոկոս բաժինը, պատկանում են միեւնույն սեփականատիրոջը' «X Գրուպ» հոլդինգին:
Հանձնաժողովը որոշեց նշված ընկերություններին ճանաչել գերիշխող դիրք ունեցող, ինչը նշանակում է, որ այդ սուբյեկտներն այսուհետ գտնվելու են հսկողության հատուկ ռեժիմում եւ պարտավորվում են պարբերաբար Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրել գնային փոփոխությունների մասին: Իսկ հանձնաժողովը այդ սուբյեկտների գործունեություան նկատմամբ պարբերաբար մոնիթորինգ կիրականացնի: Անդրադառնալով շուկայում գործող սուբյեկտների միավորման մասին մամուլում հրապարակված տեղեկություններին' Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պարզաբանեց, որ խոշոր սուբյեկտների միավորումը, «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքով որակվում է որպես համակենտրոնացում եւ նման գործարքի թույլտվություն ստանալու համար տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են դիմել ՀՀ ՏՄՊՊՀ-ին:
«Շուկայում գործող 6 հիմնական տնտեսվարողներից ոչ մեկը համակենտրոնացման հայտով Հանձնաժողովին չի դիմել: Իսկ Օրենքի համաձայն, եթե համակենտրոնացումը տեղի է ունեցել առանց հայտարարագրման թույլտվության, ապա Հանձնաժողովը իրավասու է չեղյալ հայտարարել նման գործարքը»,- ասաց Արտակ Շաբոյանը: Նիստի ընթացքում Հանձնաժողովը որոշում կայացրեց նաեւ նույն ապրանքային շուկայում գործող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի, «Արաքս թռչնաբուծական ֆաբրիկա» ՓԲԸ-ի եւ «Զանգափ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակել տուգանք 500 000-ական դրամի չափով' անբարխիղճ մրցակցության համար:
Հանձնաժողովի կատարած դիտանցումների արդյունքում պարզվել էր, որ այդ ընկերությունների կողմից արտադրված եւ իրացվող հավկիթների վրա ի թիվս այլ տեղեկատվության բացակայում է պիտանելության ժամկետի մասին նշումը, ինչը կարող է որակվել որպես հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Հատկապես ամառվա սեզոնին, բարձր ջերմաստիճանի պայմաններում տնտեսվարողները խուսափում են հստակ ժամկետներ նշել ձվի վրա: Արդյունքում սպառողները կարող են ձեռք բերել պիտանիության ժամկետը լրացած սննդամթերք' վտանգելով իրենց առողջությունը:
Այսպիսով, պիանիության ժամկետը չնշող ձու արտադրողները սպառողների շահերը վնասելով, ստեղծում են անհավասար մրցակցային պայմաններ: Հասարակությանը մոլորեցնելու եւ անբարեխիղճ մրցակցության գործողության համար հանձնաժողովը որոշեց 500 000-ական դրամի չափով տուգանք կիրառել նաեւ անձեռոցիկի արտադրությամբ զբաղվող «Միկօֆարտ», «Թագուհի Կլեոպատրա», «Ավտո Ռոսսի», «Ղ.Հ.Ա.Կ.» ՍՊԸ-ների եւ Ա/Ձ Զ.Մովսիսյանի ու Կ.Գրիգորյանի նկատմամբ:
Այս սուբյեկտների կողմից արտադրված եւ իրացվող անձեռոցիկների տուփերի վրա եւս բացակայում են անհրաժեշտ նշումները, մասնավորապես' անձեռոցիկների քանակը, ինչը կարող է ապակողմնորոշել սպառողին:
Կողմնորոշվելով դեպի ցածր գինը սպառողը կարող է չիմանալ, որ արդյունքում ձեռք է բերում ավելի քիչ քանակով ապրանք: