Վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը 29.07.10 10:21 Հայ երաժշտարվեստը ծանր կորուստ կրեց: Հուլիսի 28-ին Մոսկվայում վախճանվեց անվանի երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանը:
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում:
1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:
Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի
հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ»(Նյու Յորք), «Գավո»(Փարիզ) , «Գեբաու» (Ամստերդամ), «Սենթըր Հոլլ»(Տոկիո) և այլն, համագործակցել է հանրահայտ արտիստներ` Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» (դասական երկացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի «Գեբաու» դահլիճում` 1988թ.:
Նշանավոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի
պրոֆեսոր), նաև Մոսկվայում, ուր աշխատեց մինչև կյանքի վերջը:
Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երկացանկ, որի մեջ մշտական տեղ ունեին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործությունները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:
Արաքս Դավթյանը նաև բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն էր, ինչի վկայությունն է ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:
Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:
Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով: Վերջին հրաժեշտի վայրի և ժամկետի մասին հանրությանը կծանուցվի լրացուցիչ:![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |




































































































