Երևանում մեկնարկեց նոր հեծանվահրապարակի շինարարությունը 29.07.10 11:31 Երևանի քաղաքապետարանի և իտալական «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրով` մայրաքաղաքում կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան նոր ու ժամանակակից հեծանվահրապարակ: Ծրագրի մեկնարկն այսօր ազդարարեցին Երևանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Գագիկ Բեգլարյանն ու Ֆրանչեսկո Ջուստոտտին ստորագրեցին հռչակագիր՝ սկիզբ դնելով Երևանում ժամանակակից հեծանվահրապարակի կառուցմանը: «Երևան քաղաքի համար կարևոր այս ներդրումային ծրագիրը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության ժողովուրդների բարեկամական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը՝ ի բարօրություն հայ և իտալացի ժողովուրդների»,- այս բովանդակությամբ ուղերձով պարկուճը Երևանի քաղաքապետն ու «Ռենկո» ընկերության hայաստանյան մասնաճյուղի տնօրենը տեղադրեցին կառույցի հիմքում: Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում գտնվող 2 հա տարածքում կկառուցվի ավելի քան 3200 հանդիսատեսի համար նախատեսված հեծանվահրապարակ: ժամանակակից հեծանվահրապարակի շինարարությունը մարզամշակութային նոր, աշխույժ կենտրոն կդարձնի մայրաքաղաքի այս հատվածը վստահ է Երևանի քաղաքապետը: «Շատ մոտ ապագայում Երևանը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան հեծանվահրապարակ, ինչը կնպաստի Հայաստանում հեծանվասպորտի զարգացմանը: Այս կառույցը շատ հարմար կլինի նաև բազմաթիվ սպորտային միջոցառումների անցկացման և տարբեր սպորտաձևերի զարգացման համար: Կարող ենք նաև այլ մեծ միջոցառումներ այստեղ անցկացնել»,- նշեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
Սա Երևանի քաղաքապետարանի և «Ռենկո» ընկերության համատեղ ներդրումային ծրագրի երկրորդ փուլն է: Ծրագրի առաջին փուլով Ազատության հրապարակում կառուցվեց ստորգետնյա ժամանակակից ավտոկայանատեղի` նախատեսված 500 ավտոմեքենա կայանելու համար: Միջազգային չափորոշիչներին համապատասխան եռահարկ կայանատեղին արդեն հաջողությամբ գործում է:
«Ես համոզված եմ, որ այս կառույցն ավարտվելու է սահմանված ժամկետում: Մեկ փորձ ունենք արդեն. Ազատության հրապարակի կայանատեղին կառուցվեց շատ որակով և շահագործման հանձնվեց ժամանակից շուտ: Այս հեծանվահրապարկն էլ, հույս ունեմ, կկառուցվի բարձր որակով: Երևանը, Հայաստանը ունենալու են գեղեցիկ մարզադպրոց, որտեղ, բացի հեծանիվից, մեր երեխաները կարող են սովորել և պարապել նաև այլ մարզաձևեր»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հեծանվահրապարակի ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը Երևանի քաղաքապետին ներկայացրեց հեծանվահրապարակի էսքիզներն ու նախագիծը: Նոր հեծանվահրապարակը կունենա 250մ երկարությամբ շրջագիծ, որի վազքային գոտու լայնությունը 7մ է: Հարթակները և վազքուղին ծածկված կլինեն փայտե կոնստրուկցիաներով, որոնք 20մ թռիչքով ֆերմաներ են` տեղադրված 9.40մ քայլով: Ծածկն իրականացվելու է «KAUFMANN-CANDUCCI» կազմակերպության կողմից: Տարածքում երկայնական առանցքով կտեղադրվի հեծանվահրապարակին պատկանող կառույց, որը կունենա նախամուտք, սրահ, մարզիկների և մարզիչների համար առանձին հանդերձարաններ` ցնցուղներով, երկու մարզասրահ նախապատրաստական և հետմարզական վարժման համար` կից հանդերձարաններով և ցնցուղներով, հեծանիվները պահելու և նորոգելու սենյակներ, ավտոկայանատեղեր, առաջին բուժօգնության սենյակ, կառույցի ղեկավարության գրասենյակներ, դահլիճ, ճաշարան, հասարակական սանհանգույցներ:
Հեծանվահրապարակին պատկանող կառույցի և ավտոտնակների միջև կտեղադրվեն վազքուղի տանող պանդուսներ: Նախատեսված է նաև շտապ օգնության մեքենայի մարզահրապարակ մուտքը: Կառույց է ներառված 20 մեքենային ավտոկայանատեղը: Այստեղ մուտքը հարմարեցված է նաև հաշմանդամների համար. կկառուցվեն հատուկ թեքամուտքեր՝ հաշմանդամների անիվային նստարանների համար:
Հեծանվահրապարակի մուտքերը կտեղադրվեն Ծ. Իսակովի պողոտայի կողմից, կից կտեղակայվեն տոմսարկղերը: «Ռենկո» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆ. Ջուստոտտին, կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործությունը, նշեց, որ իրենց ընկերության համար շատ կարևոր և պատասխանատու գործ է Երևանում ներդրումային ծրագրի իրականացումը: «Մենք մեր պատրաստակամությունն ու պարտավորությունն ենք հայտնում ժամանակին ավարտել այս նոր գլուխգործոցի, նոր կառույցի շինարարությունը Երևանում»,- ասաց Ֆ. Ջուստոտտին:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին և «Ռենկո»ընկերությանը՝ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Ալ. Բերեզովսկին նշեց, որ այս հեծանվահրապարակը նոր որակ կհաղորդի մարզաձևի զարգացմանն ու կապահովի առողջ ապրելակերպ Երևանում: «Իր տեսակի մեջ սա կլինի լավագույն հեծանվահրապարակներից մեկն ամբողջ հետխորհրդային տարածքում և Եվրոպայում: Այստեղ կանցկացվեն ինչպես տեղական նշանակության, այնպես էլ միջազգային մրցումներ»,- նշեց Ալ. Բերեզովսկին:
Ծրագիրն ընդգրկուն է՝ շուրջ 6 մլրդ դրամի ներդրումային կապիտալով: Շինարարության համար սահմանված է երկու տարի, որից հետո երևանցիները հնարավորություն կունենան իրենց ժամանցն անցկացնելու հասարակական-մշակութային, մարզական ու հանգստի այս կենտրոնում։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն ![]() | • Անհայտ իրանցին հատել է Ագարակ-Մեղրի սահմանը• Ուխտագնացություն դեպի Տիգրանակերտ• Գնդակոծել են Նախիջևանի կողմից
Երևան Ցերեկը Գիշերը Ստեփանակերտ Ցերեկը Գիշերը Ջավախք Ցերեկը Գիշերը |





































































































