14:34:25 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը

    13:33 2 Հունիս 2016

    Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության,  Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

    Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք: 

    «Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանագարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքը օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», - նշել է Մարիա Բարաղամյանը:

    Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ: 

    Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել  քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:

    «Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել» , - նշել է Երվանդ Զորյանը:

    Գրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:
    Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը կամ հավաքելով  «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:

    Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս