14:24:10 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բյուրեղավանը հավակնում է դառնալ յուրահատուկ կոլորիտով և ավանդույթներով տարբերվող համայնք․ Հակոբ Բալասյան

    11:15 25 Հոկտեմբեր 2017

    Վերջին տարիներին կյանքի որակը մեր համայնքում էապես փոխվել է, դրա գրավականն իրականացված բազում ծրագրերն են:

     

    Առաջիկայում մեր քաղաքը կունենա եկեղեցի. հոգեւոր կյանքը նոր արժեւորում կստանա, եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներն այդուհետ իրենց աղոթքները կուղղեն առ Աստված Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցու պատերի ներքո:

     

    Այժմ մեծածավալ աշխատանքներ են ընթանում համայնքում՝ ուղղված տարբեր ոլորտների զարգացմանը:

     

    Իմ պաշոնավարման ավարտին կցանկանայի Բյուրեղավանը տեսնել մաքուր, բարեկարգ, կանաչապատ, քաղաքային բոլոր ենթակառուցվածքները կատարելագործված, ինչպես նաեւ խաղաղ բնակավայր, որտեղ մեծանում են Հայ առաքելական եկեղեցու հավատքով բարեպաշտ հայեր:

     

    -Պարո՛ն Բալասյան, Դուք երկար տարիներ է, ինչ ղեկավարում եք Բյուրեղավան համայնքը՝ շուրջ 9 տարի: Հետաքրքիր է, որքանո՞վ են Բյուրեղավանի հետ կապված Ձեր ակնկալիքներն ու նպատակային ծրագրերն իրականություն դարձել:

    -Հարցը բովանդակությամբ շատ տարողունակ է, որովհետև ծրագրերը շատ են եղել, իսկ նպատակներն՝ ավելի շատ, և դրանք վերաբերել են տարբեր ոլորտներին: Կարող եմ նշել, որ ծրագրերը կազմելիս մշտապես քննարկվել են ավագանու հետ և հանրային լսումների միջոցով: Դրանք հիմնականում իրագործվել են, քանի որ իրատեսական են եղել: Քիչ խոստացել եմ, ավելի շատ՝ կատարել:

    -Ի՞նչ առաջնային երեք խնդիր կնշեք, որոնք լուծվել են այս տարիների ընթացքում՝ որակապես փոխելով բյուրեղավանցու կյանքը:

    -Նախ դժվար է առանձնացնել երեքը կամ յոթը, բայց կարող եմ ասել, որ կյանքի որակը մեր քաղաքում իրոք փոխվել է. մասնավորապես՝ ասֆալտապատվել են քաղաքի գլխավոր փողոցները, ներհամայնքային ճանապարհներն ու բակային տարածքները: Բակերում կառուցվել են մանկական խաղահրապարակներ, տեղադրվել են զրուցարաններ: Ամբողջությամբ լուծվել է քաղաքի լուսավորության հարցը, վերականգնվել վերելակային տնտեսությունը:

    2012թ-ից ավագ դպրոցին կից գործում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան նախակրթարան՝ 100 երեխայի համար: Այն բացվել է համայնքի և Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի հետ համատեղ:

    Չորս տարի առաջ վերաբացվեց «Արև» մանկապարտեզը, որտեղ կատարվել են 160 մլն դրամի ներդրումներ: Այսօր մանկապարտեզ է հաճախում 140 երեխա:

    Կարևոր ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ արդեն 8 տարի ջեռուցվում է քաղաքային պոլիկլինիկան: Փոխվել են դռներն ու պատուհանները:

    Մեծ ուշադրություն է դարձվում համայնքում մատաղ սերնդի կրթության և գեղագիտական դաստիարակության հարցերին, որոնք տվել են իրենց դրական արդյունքները: Օրինակ, եթե 2008թ-ին արվեստի դպրոցում սովորում էր 85 աշակերտ, ապա այսօր նրանց թիվը հասնում է 240-ի: Արդյունքները շոշափելի են ու ակնառու: Ուրախությամբ պետք է նշեմ, որ արվեստի դպրոցի ժողգործիքների անսամբլն անցյալ տարի Ազգային նվագարանների անսամբլների համահայկական 1-ին մրցույթ-փառատոնին հանրապետությունում արժանացել է առաջին պատվավոր մրցանակին:

    Մեծ աշխատանքներ են տարվում սպորտը մասսայականացնելու ուղղությամբ: Պատահական չէ, որ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցանակաբաշխությանը Կոտայքի մարզի թիմն արդեն մի քանի տարի է հիմնականում ձևավորվում է բյուրեղավանցի ընտանիքներից: Մեր մարզիկները հանրապետական, միջազգային մրցաշարերում մասնակցություն են ունենում և դատարկաձեռն չեն վերադառնում: Ունենք սամբո ըմբշամարտի երիտասարդական հավաքականի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:

    2014թ-ին Բյուրեղավանի համայնքապետարանը և Ամերիկայի արևելյան թեմի Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդը /FAR/ համատեղ բացել են բարեգործական ճաշարան: Ճաշարանից այսօր օգտվում է 163 շահառու: Մշտապես օգնում և սատարում ենք զոհվածների, սոցիալապես անապահով ընտանիքներին:

    Համայնքում ամբողջովին փոխել ենք սանմաքրման և աղբահանության աշխատանքների ձևը, ինչի արդյունքում կա դրական տեղաշարժ. աղբահանման և սանմաքրման աշխատանքները կատարվում են հստակ գրաֆիկով: Դրա ապացույցը՝ անցյալ տարի Հայաստանի համայնքների միության և ՏԿԶ նախարարության կողմից կազմակերպած մրցանակաբաշխությունը, որտեղ մեր համայնքն արժանացել է «Մաքուր Համայնք-2016» մրցանակին: Կարելի է կատարված աշխատանքների մասին երկար խոսել, սակայն սահմանափակվենք այսքանով:

    -Ձեր նախաձեռնությամբ խմելու ջրագծերի անցկացմանն ուղղված մեծ ծրագիր իրականացվեց, արդյո՞ք բյուրեղավանցու խմելու ջրի խնդիրը հիմնովին լուծվեց:

    -2013թ-ի մայիսից սկսեցինք քաղաքի խմելու ջրի ջրագծերի վերանորոգման աշխատանքները: Եվրոպական բանկի և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի միջոցներով կառուցվեց նոր ջրահավաք: Հիմնովին փոխվեցին ցածրահարկ շենքերի, առանձնատների հին ջրագծերը: Բարելավվեց ջրի որակը և ջրամատակարարումը: Մեզ համար ավելի հեշտ կլիներ նորը կառուցել, քան հինը վերանորոգել:

    Ցավոք, այս տարի ամռանը մենք ունեցանք խնդիր ջրամատակարարման ժամերի հետ կապված: Պատճառը ոչ թե համակարգն էր, այլ ընդհանուր ջրի պակասը ջրահավաքներում: Այստեղ ժողովրդի դժգոհությունն արդարացի էր:

    -Հոգևոր կյանքի զարգացման առումով ևս Դուք կարևոր քայլ կատարեցիք՝ նախաձեռնելով եկեղեցու կառուցումը, քանի որ համայնքում եկեղեցի չկար: Արդյո՞ք ավարտվել են եկեղեցու շինարարական աշխատանքները:

    -Հոգևոր կյանքի ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել, որոնց արդյունքում Կոտայքի թեմի առաջնորդ մեր հարգարժան Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի աջակցությամբ մեր քաղաքում կառուցվում է եկեղեցի: Սուրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2013թ-ին: Հիմնարկեքի արարողությունը 2013-ի օգոստոսի 18-ին էր: Կառուցվում է Արոյան եղբայրների միջոցներով: Այժմ էլ շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս տարի ևս 2մ բարձրացրել են եկեղեցու պատերը: Կավարտվի շինարարությունը, և մեր քաղաքը կունենա եկեղեցի, հոգևոր կյանքը մեր քաղաքում նոր արժևորում կստանա: Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներն այդուհետ ավելի կկապվեն եկեղեցու հետ, ինչը կնպաստի մեր բնակչության մեջ քրիստոնեական արժեքների արմատավորմանը:

    -Այսօր ողջ հանրապետությունում իրականացվում է համայնքների խոշորացման ծրագիրը, ի՞նչ ընթացքի մեջ են այդ աշխատանքները Բյուրեղավան համայնքում:

    -Ինչպես գիտեք, միավորվում են Բյուրեղավան, Նուռնուս և Ջրաբեր համայնքները: Նոյեմբերի 5-ին տեղի կունենան ընտրություններ: Սկսվել են աշխատանքները, ըստ հաստատված ժամանակացույցի՝ արդեն ձևավորվել են տեղամասային կենտրոնները: Աշխատանքները սահուն ընթանում են՝ համաձայն մարզպետարանից և ՏԿԶ նախարարությունից ստացված հանձնարարականների:

    -Ձեր կարծիքով՝ որքանո՞վ արդյունավետ կլինի համայնքների գործունեությունը խոշորացման արդյունքում:

    -Համայնքների խոշորացման գաղափարը շատ լավն է: Աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված կլինի ձևավորված թիմով: Այն համայնքում, որտեղ ավելի լավ գործունյա թիմ կլինի, այնտեղ արդյունքները դրական ու նկատելի կլինեն:

    -Ինչպիսի՞ արձագանքներ եք ստացել Բյուրեղավան, Ջրաբեր և Նուռնուս համայնքների բնակիչներից ծրագրի հետ կապված:

    -Խոշորացման ծրագրի հետ կապված առանձնակի արձագանքներ չենք ստացել: Բնականաբար, համայնքներում արդեն տեղեկացված են ծրագրի մասին և կարծում եմ, որ հարցին բնակիչները մոտենում են գիտակցաբար՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն պետական կարևորության ծրագիր է:

    -ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում մշտապես նշում եք, որ Ձեզ համար մեծ կարևորություն ունի մատաղ սերնդի կրթության և դաստիարակության խնդիրը, և Դուք բազում ծրագրեր եք իրականացրել՝ այդ ոլորտին ուղղված: Արդյո՞ք հաջողվել է համայնքում ապահովել բարձր մակարդակի կրթություն, արդյոք գոհացնո՞ւմ է Ձեզ այն, ինչ այսօր կա:

    -Երբ եղածը գոհացնում է, ուրեմն՝ այլևս անելիք չունես, իսկ ես երբեք չեմ բավարարվում եղածով: Սա շենք-շինություն չէ, որ մեկ անգամ կառուցես ու ավարտես: Այդ աշխատանքները վերին սահման չունեն, կատարելագործման կարիք անընդհատ կա. սա է մեր ազգի ինքնատիպության պահպանման գրավականը և հասարակության շարժիչ ուժը:

    -Նոր ուսումնական տարվա մեկնարկը տրված է, ինչպե՞ս այն դիմավորեցին բյուրեղավանցի դպրոցականները, քանի՞ առաջին դասարանցի ոտք դրեց այս տարի կրթության և գիտության աշխարհ:

    -Ինչպես միշտ, ուսումնական տարվա մեկնարկը տրվեց բարձր խանդավառությամբ: Քաղաքում ամենուր մանուկների ծիծաղն էր ու բարձր տրամադրությունը: Այս տարի Բյուրեղավանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխաների թիվը 123-ն էր: Հիմնական դպրոցում կազմավորվեց չորս առաջին դասարան: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ավանդույթը չխախտվեց, բոլոր առաջին դասարանցիները համայնքապետարանի կողմից ստացան գրենական պիտույքների փաթեթ:

    Ցավոք, մեր հիմնական դպրոցն աշխատում է խիստ ծանրաբեռնված: Դպրոցն ի սկզբանե նախատեսված է եղել 568 աշակերտի համար: Այստեղ հաճախող աշակերտների թիվն այսօր հասնում է 927-ի, դպրոցն աշխատում է 2 հերթով, փոխարենը՝ ավագ դպրոցն աշխատում է թերբեռնված: 1000-ից ավելի աշակերտի հնարավորություն ունեցող դպրոց այսօր հաճախում է 280 աշակերտ: Մենք մարզպետի հետ մտածում ենք առաջիկայում գտնել այս հարցի լուծման տարբերակները:

    -Առաջիկայում ի՞նչ ծրագրեր պետք է իրականցվեն համայնքում:

    -Այժմ ընթանում են մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության հրատապ ծրագրի շրջանակներում ընդգրկված էր հարցը, ինչի արդյունքում արդեն հատկացված գումարով իրականացվում են շինարարական աշխատանքները: Գումարի մի մասն էլ համայնքի բյուջեից է ուղղվել: Նախատեսվում է հիմնանորոգումից հետո այստեղ մեկտեղել արվեստի և շախմատի դպրոցները, գրադարանը:

    Սկսել ենք քաղաքային պուրակի կառուցման աշխատանքները, որոնք կտևեն մոտավորապես երեք տարի: Այստեղ նախատեսվում է կառուցել տարեցների ակումբ, հուշաղբյուր, խաղահրապարակներ, հանգստի գոտի և հասարակական զուգարան:

    Այս աշխատանքներն ավարտելուց հետո սլաքը կուղղենք մարզական կառույցների զարգացմանը: Մեծածավալ աշխատանքներ կան կատարելու քաղաքային մարզադաշտում և նրան կից կառույցներում:

    Նախատեսվում է նաև ոռոգման համակարգը կատարելագործել: Որպեսզի մեր քաղաքը լինի ավելի բարեկարգ ու կանաչապատ, անհրաժեշտ է հիմնովին փոխել համակարգը:

    Վերը նշված բոլոր ծրագրերը ընդգրկված են մեր քաղաքի հնգամյա զարգացման ծրագրում: Ծրագրերն իրատեսական են, և ես վստահ եմ, որ դրանք իրագործվելու են:

    -Ինչպիսի՞ն կցանկանայիք տեսնել Բյուրեղավանը Ձեր պաշտոնավարման ավարտին:

    -Կցանկանայի տեսնել մաքուր, բարեկարգ, կանաչապատ, քաղաքային բոլոր ենթակառուցվածքները կատարելագործված, ինչպես նաև խաղաղ բնակավայր, որտեղ մեծանում են Հայ առաքելական եկեղեցու հավատքով բարեպաշտ հայեր: Ցանկանում եմ, որ բոլոր երեխաները հնարավորություն ունենան ստանալ որակյալ կրթություն, ապահովված լինեն բոլոր պայմաններով, զբաղվեն արվեստով և սպորտով: Քաղաքը շարունակի ապրել ավանդույթներով, առանձնանա իր կոլորիտով:

    Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

    Df.am

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս