Slaq.am-ի ամանորյա հարցազրույցներիի շարքում ներկայացնում ենք ՀՀ նախկին ոստիկանապետ, Հանրապետության նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի հարցազրույցը:
-Որտե՞ղ և ի՞նչ միջավայրում եք նշելու Ամանորը։
-Նոր տարին տանն եմ դիմավորելու, որովհետև ես էլ եմ այն կարծիքին, որ Ամանորը զուտ ընտանեկան տոն է, պետք է անցկացնել ընտանիքում։ Չեմ կարծում, որ Հայաստանից գնացողներն առանձնապես հաճույք են ստանում, որ տոնը նշում են դրսում: Պարզ է, որ իրենք կարող էին և մի ուրիշ ժամանակ գնալ նույն այդ արտասահմանյան, եվրոպական և արաբական երկրներ, բայց նրանք դրսում ընդամենը հավաքվում, գնում են ռեստորան, ուրախանում ու օրն այդպես են անցկացնում, միայն թե այստեղից կտրվեն:
Միակ արդարացնող հանգամանքն այն է (ինչի համար ես նրանց լավ եմ հասկանում), որ մարդիկ ընդամենը խուսափում են Նոր տարվա աժիոտաժից:
Վերջապես նրանք գնում հանգստանում են... գուցե հենց Նոր տարվա գիշերն է իրենց համար հանգստանալու միակ հնարավորությունը, թեկուզ միայն նրա համար, որ ստիպված չլինեն անընդհատ դիմավորել կանխատեսելի ու անկանխատեսելի հոծ մարդկանց ու «դիժուրնի» չասեն «Ձեր Նոր տարին շնորհավոր, ձերն էլ, ձերն էլ, ուրախ տարի լինի, ողջ լինենք և այլն», ու էսպես նույն ձայնասկավառակը 3-4 օր անընդհատ պտտելով: Երբեմն մտածում ես` Աստված իմ, երբ աշխատանքային օրը կսկսվի գնամ ու էս իրավիճակից գոնե դուրս գամ։
Բայց երևի թե դրա մեջ էլ ինչ-որ հաճելի ավանդական բան կա: Տարիներ շարունակ այդպես է եղել, պետք է ըմբռնումով մոտենալ։ Նաև այդ է պատճառը, որ գյուղում եմ դիմավորելու Նոր տարին, ծնողներիս մոտ: Հայրս ու մայրս տարեց են, և նրանց միայնակ թողնելը ճիշտ չի լինի։ Ինչ իմանաս, կյանք է... ավելի լավ է այդ պահին նրանց կողքին լինենք: Նոր տարին եղբայրներով, ընտանիքներով կդիամվորենք մեր հայրական օջախում, մեկ օր կմնամ գյուղում, իսկ հետո կվերադառնամ Երևան։ Երևի թե այդ օրերին կաշխատեմ նաև քաղաքում չլինել, նույն իրավիճակներից խուսափելու համար ընտանիքիս հետ կգնամ Ծաղկաձոր։
-Իսկ դեպ, նույն խմբակային շնորհավորողների այցելությանն սպասու՞մ եք նաև այս տարի։
-Դե ուզեմ, թե չուզեմ, ինչպես ինձ նման շատերը, դրանից ոչ մեկս ապահովագրված չենք։ Եթե մարդը գալիս է քո տուն` շնորհավորելու քեզ ու քո ընտանիքի անդամներին, ի՞նչ պետք է ասես, ասես չէ՞, չեմ ուզում, մի եկեք իմ տուն, դա բացառված է: Նոր տարին այն միակ տոն է, երբ տանդ դուռն էլ չպետք է փակես։ Կարող է նույնիսկ ամենաանցանկալի, ամենաանսպասելի մարդը դուռդ բացի և դու պիտի հյուրընկալես նրան։
Հնուց ասել են, թե Նոր տարին հանդուրժողականության, բարեկամության, ներումների տոն է։ Երևի պատահական չեն դրանք: Այդ օրերին նույնիսկ, այսպես ասած, թշնամին է թշնամու տուն գնում։ Օրինակ` մարդիկ ում դու ես նեղացրել, կամ քեզ են նեղացրել, հենց այդ օրը գիտակցաբար ամեն ինչ մի կողմ ես դնում, բարևում ես, շնորհավորում: Նստեցինք, նշեցինք միասին և ամեն ինչ անցավ, այդ առումով իհարկե Ամանորը համամարդկային տոն է։
Գիտեք, Սուրբ Ծննդյան, Ամանորյա տոները իմ կարծիքով ամենալավ տոներն են, որոնց նշելու ավանդույթը մեր ժողովուրդն անպայման պահպանում է։ Ինձ ուրախացնում է, երբ մարդիկ բարձր տրամադրությամբ նախապատրաստվում են: Ցավոք, քիչ չեն նաև հնարավորություն չունենցողները, բայց նրանք էլ ջանում են, որ այս տոների համար անեն ամեն ինչ ըստ պատշաճի` թեկուզ պարտքով։
-Ընդունված ավանդույթի համաձայն գյուղում կշրջե՞ք հարևանների, համագյուղացիների, հեռավոր բարեկամ-ծանոթների տներով:
-Հայս, մայրս, եղբայրներս այդ պահին հետս կլինեն, ինձ համար դա գերագույն հաճույք է` լինել մեծ ընտանիքում: Նրանց առաջինը կշնորհավորեմ, ուրիշ տեղ չեմ ուզում գնալ, իսկ եթե անգամ գնամ, ապա միայն այն մարդկանց տները, որոնք անցնող տարում հարազատ են կորցրել, քանի որ ընդունված է, այդ մարդիկ տանից դուրս չեն գալիս, տոնը չեն նշում, նրանք վշտի մեջ են և մարձավորները պիտի այցելեն իրենց: Կգնամ նրանցից մի քանիսին շնորհավորելու, սիմվոլիկ բաժակ բարձրացնեմ, բարին մաղթեմ և ասեմ, որ այլևս նման վիշտ չլինի, այդքան բան։ Հենց այնպես ինչ-որ մեկի տուն գնալու իմաստ չկա, հիմա այդ ավանդույթը չկա առհասարակ գյուղում, դա էլ է խմբագրվել այսպես ասած:
-Հանրապետության նախագահին այցելելու՞ եք շնորհավորելու:
- Ամեն տարի հանրապետության նախագահի տուն եմ գնացել, շնորհավորել, իսկ այս տարի արդեն Անվտանգության խորհրդի անդամ չեմ, այդ իսկ պատճառով այս տարի չեմ կարող գնալ նախագահի տուն, և հետ բոլորը չէ, որ կարող են գնալ և շնորհավորել Հանրապետության նախագահին: Պատկերացնո՞ւմ եք, արարողակարգը չլիներ, այդ մարդը փաստորեն մի րոպե էլ նստելու ժամանակ չեր ունենա: Հաշված մարդիկ իրավունք ունեն գնալ նախագահի տուն և դա էլ ի պաշտոնե։ Այս տարի դա էլ չկա։
-Ոստիկանական համակարգում կա՞ն մարդիկ, որոնց ինքներդ կայցելեք կամ իրենք կգան Ձեր Նոր տարին շնորհավորելու։
- Ոչ իհարկե, ասացի արդեն, որ միայն հարազատ կորցրած մտերիմ մարդկանց կայցելեմ: Այլ մարդիկ չկան, որոնց կայցելեմ` մանավանդ ոստիականական համակարգից։ Իրականում չեմ ուզում որևէ մեկը գա, և ես ինչ-որ մեկի Նոր տարին շնորհավորեմ, որովհետև ես չեմ ուզում, որ հետագայում որևէ մեկը իմ պատճառով խնդիրներ ունենա, Աստված իրենց հետ: Ես այս առիթից օգտվելով` բոլորի Նոր տարին շնորհավորում եմ, թող բոլորը առողջ լինեն, իրենց գործերին էլ հաջողություն, և իմ պատճառով թող որևէ խնդիրներ չունենան: Ամբողջ կյանքում երազել եմ, որ ինձնից հետո որևէ մեկը ամոթ չկրի, կամ պատասխան չտա։ Հիմա էլ ուզում եմ, որ բոլորն իրենց ազատ զգան, ես իրենցից ոչ որևէ բան հարցնում եմ, ոչ ուզում եմ իմանալ, ոչ ուզում եմ տեսնեմ... Աստված իրենց հետ, թող հանգիստ ապրեն։
-Ամանորյա նվերներ նախապատրաստե՞լ եք Ձեր թոռնիկների, Ձեր ընկերների, մերձավորների համար։
-Չէ, նվերներ չեմ նախապատրաստել, կինս է նման հարցերով զբաղվում, ինքն է արդեն նախապատրաստել երեխաների և հարազատների համար։
-Իսկ Դուք այդ օրերին ստանու՞մ եք նվերներ, մանավանդ որ Ոստիկանապետ էիք, իսկ կոլեգաների մոտ կա այդպիսի սովորություն։
-Նոր տարուն նվերներ ստանալ չեմ սիրում, նվերն ի՞նչ կապ ունի այդ օրվա հետ: Եթե նվիրում են, բնականաբար պետք է ընդունես, հակառակը չկա: Երբ մարդը ասենք օծանելիք է սիրով նվիրում, հո չեմ ասելու չէ, պետք չի, բայց ամեն դեպքում այնքան էլ հաճելի չէ: Ես աշխատում եմ ինքս մի բան փոքր բան նվիրել, իհարկե սիմվոլիկ։
Հենց երեկ այդպիսի գնումեր ենք արել կնոջս հետ: Տոներին երբ մեզ հյուր են գալիս իրենց կանանց, աղջիկների հետ, կինս մի օծանելիք կամ ծաղիկներ է նվիրում, հաճելի է, թող հյուրերն իրենց լավ զգան։ Իհարկե չեմ բացառում, իրենք էլ կարող է իրենց հետ ինչ-որ բան բերում են։
-Ամանորյա գնումներին մասնակցու՞մ եք կամ սեղանը զարդարելու պրոցեսին:
-Ես չեմ խառնվում նման բաներին, կինս է դրանով զբաղվում, նա հասցնում է: Ամանորին նախապատաստվելու միակ բանը , որ ես անում եմ այն է, որ տոնածառը կնոջս հետ եմ զարդարում և հենց Ամանորի գիշերը:
-Իսկ կա՞ ինչ որ բան, որ ասոցացնում եք Ամանորի հետ:
-Մանկությունս, մաանդարինի հոտը: Հիշում եմ, երբ պապս 3 կգ մանդարին էր գնում, մեր կարծիքով այդ տարին լավ էր անցնում, դա մեզ համար իսկական տոն էր: Բայց երբ նա մի օր մի մեծ արկղ մանդարին բերեց, դա արդեն մեզ համար լիարժեք տոն էր: Ժամանակներն այնքան արագ փոխեցին ամեն բան, հիմա Ամանորի հետ ասոցացնելու միակ բանը մնացել է տոնածառը, դա էլ այսօր բնական չի:
-Տարեմուտին ինչի՞ մասին եք մտածում ու ի՞նչ եք մաղթում:
-Մտածում եմ, որ լավ տարի լինի, առողջ լինենք և ոչ մի կորուստ չունենանք , մաղթում եմ շառից-փորձանքից հեռու լինենք: Հիմա առավել ևս այդ խոսքը շատ եմ գնահատում, առաջ չէի հասկանում, երբ կողքդ ընկած փորձում են շառ սարքեն քո վրա, դա շատ ծանր բան է: Մեկ էլ փորձանքը, որ գալիս է' վերջ, ահավոր անկանխատեսելի բան է, որ կարող է քեզ վնասել բոլոր կողմերից:
Ուզում էի ասել Աստծո հետ կապված ճակատագիր է, բայց չասացի...Նկատել եմ, վերջերս Աստծո անունը քիչ եմ տալիս' ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Համարում եմ, որ հերիք է' թող Աստված մի քիչ հանգստանա, շատ տվեցինք նրա անունը, թե չէ ոմանք գառի մորթի իրենց վրա քաշելով ու Աստծո անունն ամեն րոպե տալով... ճիշտ չէ, Աստծուն հանգիստ թողենք:
Աստծուց խնդրում եմ, որ մեր ժողովուրդը լավ ապրի, շատ ծնունդներ լինեն, բանակը հզորանա: Բանակը ես ամեն ինչից վեր եմ դասում' անգամ իմ շատ սիրելի ոստիկանությունից:
2012 թ.-ն իմ կարծիքով Հայաստանի համար կլինի ձեռքբերումների տարի, ուղղակի վստահ եմ: Այս տարի քաղաքական լուրջ գործընթանցեր կսկսվեն, և բոլորս շատ ուշադիր ենք լինելու ցանկացած գործընթացի նկատմամբ' ինձնից սկսած: Ուղղակի կտեսնեք, որ 2012թ. կունենանք այն հաջողությունը, որը չենք ունեցել ոչ 2011-ին և ոչ էլ 2010-ին:
-Իսկ ի՞նչ հիմքեր ունեք նման կանխատեսումներ անելու համար:
-Հիմա նախագահի պահանջները շատ ավելի բարձր են, և դրանք կատարելը դաձել է շատ դժվարին ու բարդ : Մենք այդ նշաձողը պիտի կարողանանք պահել, եթե չկարողացանք' ոչ մեկս պետական մարմիններում չենք կարող աշխատել: Այդ իսկ պատճառով հիմա բոլորս աշխատելու ենք գերծանրաբեռնված:
-Նոր տարվա գիշերը ինչի՞ մասին եք ավելի շատ մտածում, հատկապես լուսավո՞ր, թե՞ անհանգստացնող, ցավացնող հիշողություններն եք ի մի բերում:
-Երկու անգամ եմ առիթ ունեցել հանրագումարի բերել իմ անցած օրերը կամ երազանքները. առաջինը դա ծննդյանս օրն է, իսկ երկրորդը Նոր տարին։ Այդ ժամանակ ես ինձ կարծես մեկ տարով մեծացած եմ զգում, ես երկու անգամ եմ մեծանում, ի տարբերություն մյուս բոլոր մարդկանց։ Այդ երկու օրերին էլ ես փորձում եմ հիշել, թե ինչ է եղել անցած տարում կամ ինչպիսին է եղել ինձ համար անցած տարին։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր տարին իր հետ բերում է հաջողություններ և անհաջողություններ, խուսանավել անհաջողություններից երբեմն ստացվում է, երբեմն` ոչ, որովհետև դրանք երևի թե ճակատագիր են ու պիտի լինեն։
Կարծում եմ` անցած տարի կորուստ չեմ ունեցել մանավանդ բարոյական կորուստ, ոչ մի բանի հետ չեմ ուզում կապել անցած տարվա փոփոխությունները, որոնք ինչ-որ տեղ գուցե նաև անհաջողություններ կարելի է համարել, անգամ աշխատանքիս հետ կապված փոփոխությունը:
Դրանց ես շատ ըմբռնումով եմ մոտենում, չհաշված մի քանի հանգամանքներ, որոնց մասին ես առայժմ չեմ խոսում։ Նկատի ունեմ այն, որ անհասկանալի մարդկային կամ բարոյական նորմերի որոշ խախտումներ են կատարվում, բայց ես առայժմ լռությամբ սպասում եմ, տեսնեմ` էս պրոցեսը մինչև ուր կզարգանա: Այդուհանդերձ հիմա էլ վիրավորված չեմ անցած տարուց: 2011թ. ինձ համար շատ լավ ու բարեբեր տարի է եղել, ձեռքբերումների տարի է եղել, և եթե կորուստներ էլ եղել են, ապա դրանք ձեռքբերումների համեմատ եղել են չնչին` թե կոնկրետ իմ անձի պարագայում, իմ կյանքում, թե մեր երկրի կյանքում։
Երկիրը կայուն էր, տարին անցավ առանց ցնցումների: Ինձ համար էական է նաև այն, որ զբաղեցրածս նախկին պաշտոնում, որ 2011-ին զբաղեցրեցի 9 ամիս, այդ ամիսները եղել են շատ խաղաղ, շատ կայուն: Հետաքրքիր բացահայտումներ ենք ունեցել, ձեռքբերումներ ենք ունեցել, համակարգի տրամադրությունը եղել է շատ բարձր ու պատրաստակամ: Վստահաբար ասում եմ, որ այնպես չի եղել, որ ես ինձնից հետո կոտրված համակարգ եմ թողել, ընդհակառակը` թողել եմ կարգին, պինդ, դուխով համակարգ (բառիս համար կներեք)։ Եթե որևիցե մեկը փորձի իմ այս պաշտոնավարման տարիների վրա ցեխ նետել, տարբեր որակումներ տալ, ուրեմն դա կվերաբերվի իրեն, որովհետև նման բան չի կարելի ասել:
Ակնհայտ է, թե որքան թափանցիկ է աշխատել համակարգը, իր առջև դրած խնդիրը կատարել է 100%-ով , որի մասին խոսեց, իր գնհատականը տվեց նաև Հանրապետության նախագահը: Իսկ դա ինձ համար արդեն իսկ չափանիշ է, եթե նախագահը գնահատած չլիներ, ապա ես ինձ թույլ չէի տա այսօր նման արտահայտություններ անել:
Այժմ ես բարոյական իրավունք ունեմ իմ գնահատականը տալ ու կարծում եմ դրանում որևէ անհամեստություն չկա: Գոհ եմ եղել 2011-ից, համոզված եմ, որ 2012-ը ավելի լավ տարի կլինի, ես իհարկե ավելի զբաղված կլինեմ, որպես նախագահի խորհրդական ավելի ծանրաբեռնված:
-Ձեր գործառույթներն արդեն հստա՞կ են և որո՞նք են :
-Իհարկե, ես ամեն օր 9-ից 10 պակաս աշխատանքի վայրում եմ լինում: Չէի ասի, թե նույնքան ծանրաբեռնված եմ, որքան նախորդ պաշտոնում էր, ի վերջո այն ուժային կառույց էր և անհամեմատ մեծ ջանք, աշխատանք ու ծանրաբեռվածություն էր պահանջում, բայց ամեն դեպքում հիմա էլ շատ գործեր ունեմ անելու և պակաս պատասխանատվություն չէ:
-Դուք սիրում եք ոստիկանական համակարգը և ակնհայտ էր, որ Ձեզ այնտեղ շատ լավ ու ինքնավստահ էիք զգում: Հիմա ինչպե՞ս եք հարմարվում համեմատաբար նստակյաց պայմաններին, նոր աշխատանքային ոճին:
-Անկեղծ ասած, ես հիմա ինձ ավելի լավ եմ զգում, ես ինձ հիմա իսկապես զգում եմ իմ ափսեի մեջ: Իհարկե ոստիկանական համակարգն ինձ շատ հոգեհարազատ է, ես համակարգում ունեմ աշխատանքային երկար տաիրների փորձ, բայց սա էլ մի նոր ու հետաքրքիր աշխատանք է:
-2012թ-ից. ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Երկրի համար բնական է շատ սպասելիքներ ունեմ, ինչ-որ ասեմ, էլի վերաբերվելու է ժողովրդին: Ես մտահոգ եմ ու շատ կուզենայի, որ մեր փոքր երկրում աղքատ մարդ չլիներ, աղքատություն բառից ես ինձ շատ վատ եմ զգում:
Ինձ շատ մտահոգում է, որ սեփական երկրում մարդը չունի ապրելու հնարավորություն: Քիչ չեն նրանք, որոնց տուն կարող ես մտնել ու տեսնել, որ անգամ աթոռ չունեն նստելու, չկա հաց, այս դարում չկան կենսական նշանակության շատ ու շատ բաներ և այստեղ թեման ավարտվում է, ես խոսելու բան չունեմ: Մեր ժողովրդի մեջ նման մարդիկ, ընտանիքներ չպետք է լինեն, ուզում եմ մեր ժողովուրդը լավ ապրի, բարեկեցիկ կյանքով ու միշտ ապահովության զգացում ունենա: ՈՒզում եմ մարդիկ վստահ լինեն իրենց ուժերի, սեփական հայրենիքի ու ապագայի նկատմամբ:
-Իսկ Դուք հավատու՞մ եք իրականում, որ այդպիսի օր կգա:
-Եթե չհավատամ, ուրեմն ինձ մոտ արդեն ամեն ինչ ավարտված է, եթե չհավատամ կթողնեմ ես երկրից կգնամ: Սա միայն բարի ցանկություն չէ, դրան հավատում եմ ես ու միշտ եմ հայտարարել, որ ինչ էլ լինի ես էս երկրից քայլ չեմ անի ու չեմ հեռանա: Իմ վերջն էստեղ է, որովհետև ես իմ առաջ դրած խնդիրներ ունեմ: Ով ուզում է թող մտածի գնալու մասին, ես էստեղից գնացողը չեմ: Կան մարդիկ, որոնք իրենց բիզնեսն են դուրս տանում: Ինձ էլ ասում էին, թե իբր բիզնեսներ ունեմ ու տեղափոխում եմ..չկա նման բան:
-Ի վերջո շատերիս պարզ չեղավ, իրականում Դուք բիզնես ունեի՞ք:
-Ես սեփականություն ունեմ, բայց բիզնեսով չեմ զբաղվում: Ես սեփականություն ունեմ, ինչով որ ապրում եմ, դա էլ գաղտնիք չէ: Այլապես դուք կմտածեիք, թե Ալիկ Սարգսյանը զբաղեեցրած նախկին պաշտոնի աշխատավարձո՞վ է ապրում, Դուք էս հնարավորություններն ունեցել եք ինչի՞ հաշվին:
Բնական է, այսօր այդ ո՞ր պաշտոնյան կարող է իր աշխատավարձով իրեն լավ զգալ: Ես մի քանի սեփականություն ունեմ, օրինակ հենց Արտաշատում ունեմ որոշ բաներ (այդպես էլ չի հրապարակում,-Slaq.am), որոնք իմ ու եղբայրներիս հետ են կապված, իսկ դա գաղտնիք չէ ոչ մեկին, պաշտոնապես գրանցված են, փաստաթղթերով, հավատարմագրով գրանցել եմ և կառավարումը հանձնել եմ իմ եղբայրներին, որովհետև ես ի պաշտոնե դրանցով զբաղվելու իրավունքը չունեմ:
-Ձեր պաշտոնի փոփոխությունից անմիջապես հետո սկսեցին կրկին շրջանառվել նոր նշանակումների մասին լուրեր: Անգամ սկսեցին խոսել, թե նախապատրաստվում եք խորհրդարանական ընտրություններին և հենց Ձեր համար, այլ ոչ թե ՀՀԿ-ի:
-Ես մինչև այժմ չեմ կարողանում ընկալել` պատասխանե՞լն է այս պահին ճիշտ, թե՞ այդ խոսակցությունները անարձագանք թողնելը: Մի անգամ էլ ակնհայտ հերյուրանք էին տպագրել իմ հասցեին` էլի սեփականության հետ կապված և երբ զանգեցի այդ մարդուն, պատահմամբ իմ ընկերներից մեկը էդ մարդու հետ սեղանի շուրջ նստած է եղել: Ու տվյալ լրագրողն իմ զանգից հետո ասել է. «Խայծը կերավ, ըհն տեսաք զանգեց, հիմա արդեն ինչ հարցեր ունեմ` կտամ»: Դե հիմա մտածեք, արժե՞ հավատալ կամ լուրջ վերաբերվել այդ շրջանառվող լուրերին: Պաշտոնապես հայտարարում եմ, ինձ որևէ այլ պաշտոնի առաջարկ չի եղել, ես նման հարցով չեմ խոսել Հանրապետության նախագահի հետ:
-Դուք ՀՀԿ-ական էիք, չէ՞:
-Ես ՀՀԿ անդամ էի, իմ գործունեությունը սառեցվել էր ուժային կառույցում նշանակվելու պատճառով: ՀՀԿ խորհրդի նախագահն էի Արարատի մարզում: Հիմա նորից իմ կուսակցական պատկանելության հարցը լուծելու եմ և կլինեմ ՀՀԿ-ի շարքերում: Կանխելու համար ոմանց հետագա «կանխատեսումները»` պաշտոնապես հայտարարում եմ` ես պատգամավոր չեմ ուզում դառնալ և չունեմ նման մտադրություն:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ
Slaq.am - Լրատվական աղբյուր