Այսօր դատական նիստում Հայաստանի ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանն արել էր հայտարարություն, թե իր գործի հետ կապված կա ոմն բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես պատգամավոր, ով իրականում միջնորդություններ է արել, սակայն Մարգար Օհանյանն այդպես էլ չհրապարակեց վերջինիս անունը: ՀՀ ՃՈ-ում իրականացրած չարաշահումների (մասնավորապես նա մեղադրվում է 2 480 720 լիտր բենզին յուրացնելու մեջ) համար մեղադրվող Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը Slaq.am-ի հետ զրույցում ասաց, թե իր համար էլ էր Մարգար Օհանյանի ակնարկներն անսպասելի` միաժամանակ չբացառելով, որ դատական հաջորդ նիստերի ընթացքում Մարգար Օհանյանը սենսացիոն բացահայտումներ կանի: «Դատական նիստի ընթացքում բոլոր հայտարարությունները կլսեք, գործում պատգամավոր կա, թե չկա, դա հայտարարությունների ձևով կարվի»:
-Իսկ պաշտոնյաների անուններ Մարգար Օհանյանը կհրապարակի՞, ի՞նչ եք կարծում:
-Ես ոնց կարամ ասեմ, եթե ինքը այդքան հրապարակել է... դա էլ երևի կանի: Ինքը պետք է հրապարակի, դա ոչ մեկ չի կարող ասել նախապես:
-Ում նկատի ուներ Ձեր եղբայրը, երբ հայտարարում էր, որ ինձ ուզել են հեռացնել համակարգից` մասնավորապես հայտարարելով. «Սա անձնական հարաբերությունների արդյունք է, եթե կարող եք ապացուցել, որ ես եմ այդ հանցագործության հեղինակը` ապա ես պատրաստ եմ իմ պատիժը կրել: Ուրիշի կռիվը ձեր վրա մի վերցրեք, իմ անձնական հարաբերությունները ղեկավարների հետ ավարտական փուլի մի հասցրեք այստեղ»:
-Դատական նիստը կշարունակվի և ամեն ինչ կիմանանք, ես հիմա չեմ ուզում իր փոխարեն որևէ հայտարարություն անել:
-Մարգար Օհանյանը դատարանում ասաց, որ իրեն չարաշահումների համար մեղավոր չի համարում: Հարց է առաջանում, այդ դեպքում ինչու՞ է հենց Մարգար Օհանյանի ընտանիքը վերականգնել ՃՈ-ում եղած միլիոնավոր չարաշահումների հասցված վնասը և ոչ թե գործով մյուս մեղադրյալները: Մյուս մեղադրյալներից ոչ մեկը չէ՞ր մասնակցել փոխհատուցման համար գումարի հավաքագրմանը, դուք առաջարկե՞լ էիք:
-Մասնակցել են բարեկամները, ընտանիքը: Ինչքանով որ ես տեղյակ եմ, քննչական ծառայությունում փոխհատուցումներ եղել են, սակայն հաստատ չեմ կարող ասել, բայց քանի որ նրանք ազատության մեջ են եղել, նրանք դրա մասին երևի թե չեն էլ մտածել, ավելի շատ երևի մտածել են, որ իրենք դատարանում կվճարեն:
-Կոկրետ ու՞մ բարեկամները, ընտանիքը:
-Ոչ իհարկե Կարախանյանի կամ մյուսի, միայն Օհանյանի բարեկամները: Իսկ թե ինչու միայն Օհանյանի բարեկամները, որովհետև Օհանյանն էր միայն անազատության մեջ, և այս դեպքում նրան պետք է ազատ արձակեին, նրա խափանման միջոցը փոխելու համար էինք դա անում: Կոնկրետ նշվել է, որ փոխհատուցում եք մինչև դատավարության ավարտը, իսկ եթե մեղավոր կճանաչվի` գումարը կմնա պետությանը, անմեղ ճանաչվելու դեպքում գումարը ամբողջովին կվերադարձվի Մարգար Օհանյանին:
-Այժմ Դուք ինչի՞ հույս ունեք, որ պարոն Օհանյանը կարդարացվի՞:
-Իմ փոխարեն Դուք ի՞նչ կպատասխանեիք... Ես ամեն րոպե եմ սպասում, որ եղբայրս կարդացվի և ազատ կարձակվի:
-Հնարավո՞ր է, որ հենց անուններ հրապարակելուց անմիջապես հետո Մարգար Օհանյանն ազատ կարձակվի:
-Անկեղծ ասած ես նման բան չէի սպասում, և չգիտեի, թե ինչ պետք է Մարգարը հրապարակեր, իսկ ինչ ոչ: Եթե նա նպատակահարմար գտավ անուններ հրապարակել` ուրեմն մինչև վերջ կգնա, վստահ եմ:
-Այսինքն մենք բոլորս սենսիացիաների սպասե՞նք:
-Իհարկե պետք է սպասել, քանի որ Մարգարն էլ բացահայտ ասաց, որ ասելու է ամեն ինչ:
-Ձեզ համար անսպասելի՞ էր, որ Ձեր եղբոր փաստաբանի միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մերժվեց:
-Բոլորս էլ սպասում էինք, և մտածում, որ եթե պետությանը հասցված նյութական վնասը փոխհատուցված է, նրան էլ ձերբակալել էին, որպեսզի չխոչնդոտի նախաքննությանը, իբր կազդի վկաների և մյուս ամբաստանյալների վրա: Միջնորդություն ներկայացրինք, դե որ մերժեցին, ինչ կարող եմ ասել: Միանշանակ չեմ կարող ասել, հետագա նիստերի ընթացքում նույն միջնորդությունն էլի կարվի՞, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ ընթացքում երևի թե հնարավորություն կունենանք ներկայացնել:
Մեր փաստաբանն էլ ներկայացրեց, որ նույն հոդվածով դատապարտված բոլոր մարդիկ, ովքեր գտնվում են նույն դահլիճում հավասար պայմաններում չեն գտնվում, միջազգային դատավարության օրենքների համաձայն պետք է բոլորը օրենքի առջև հավասար լինեն և նույն կարգավիճակն ունենան: Մարգարը ոչ քաղաքից ա բացակայելու, ոչ փախնելու ա, ոչ միջամտելու և ոչ էլ խանգարելու ա գործի քննությանը: Նա քննությանը խոչընդոտելու ոչ մի միտում չի էլ ունեցել: Առաջին իսկ պայմանով նա վկայի կարգավիճակով գնացել է ՀՔԾ, անմիջապես փոխվել է կարգավիճակը ամբաստանյալի:
-Մարդիկ կան, ովքեր շատ վստահ խոսում են, որ Մարգար Օհանյանը ոչ միայն ազատ կարձակվի` այլ նաև համակարգ կվերդառնա: Այս կանխատեսումների համար ի՞նչ հիմքեր եք տեսնում:
-Շատ հեռու գուշակություններ չի կարելի անել և պետք էլ չի, առայժմ մարդ պետք է միայն իր ոտքերի տակ նայի, առավել ևս նման մեկնաբանություն անել, այն էլ իմ կողմից կարիք չկա: Նման խոսակցությունները շատ են, քանի որ ոստիականական համակարգում քիչ բան չի փոխվել: Ոստիկանապետ է փոխվել, քիչ բան չէ, շատ բան է փոխվել այնտեղ, որը համակարգի առողջացման համար լայն հնարավորություններ է տալիս: Մեր հույսը դեռ չի մեռել, իմ եղբայրն ունի 30 տարվա վաստակ: Այս պետության և համակարգի համար նա արել է ամեն ինչ, ինչը որ հնարավոր է:
-Նախկինում այլ մարդիկ էին ոստիկանական համակարգի ղեկավար պաշտոններում, հիմա այլ: Այդ առումով ի՞նչ սպասելիքներ ունեք, դատական պրոցեսի վրա ներազդելու հավանականություն տեսնու՞մ եք:
- Ես կարծում եմ, որ հիմա պայմանները գնալով ավելի են լավանում' և ներազդելու, և դատարանի ավելի արդար որոշումներ կայացնելու համար, ինչը և' ՀՀ նախագահի, և' ոստիկանապետի պահանջն է, որն ուղղորդում է դեպի ճիշտ աշխատաձևը: Որևէ մեկը չի կարող բողոքել սխալ աշխատաձևից: Հանրապետության նախագահը միջամտում է, ուշադրության կենտրոնում է պահում, որպեսզի համակարգն առողջանա, լավանա, բայց մի օրում կլավանա՞:
-Բայց ՀՀ նախագահն այն ժամանակ էլ էր միջնորդում, ներկա էր գտնվում ոստիկանության կոլեգիայի նիստերին:
-Նա քննարկել է այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարել:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ
Slaq.am - Լրատվական աղբյուր