;Թերթերից մեկի հրապարակման համաձայն` ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ակտիվորեն ինտեգրվել է նախընտրական գործընթացներին: Մասնավորապես այս օրերին, երբ քաղաքական ուժերը մտածում են ձայներ հավաքելու բոլոր օրինական և անօրինական միջոցների մասին, պարապ նստած չեն նաև ՕԵԿ-ականները: Ընտրազանգված հավաքելու վերահսկողության, պատասխանատվության տեսանկյունից, ՕԵԿ-ականներն արդեն մարզերը «բաժանել են» իրենց մեջ և Կոտայքի մարզը «բաժին է ընկել» ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Փաստորեն, Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ «խաղ է տալու» ՕԵԿ-ական գրեթե ուժային նախարարը:
Հակառակ մեր սպասումների' Slaq.am-ի հետ զրույցում նախարարը ոչ միայն չհերքեց թերթի տեղեկությունը` այլև խոստովանեց, որ այս օրերին ջանասիրաբար հանդիպումներ է ունենում մարզի բնակիչների հետ:
-Իրականում Կոտայքի մարզում ունեցած Ձեր ահնդիպումները նախըտրական տրամադրություննե՞ր շոշափելու համար են:
- Իհարկե, ես հանդիպում եմ իմ կուսակցական ընկերների հետ' աշխատանքից հետո, կիրակի օրերին, որոշակի աշխատանքներ ենք տանում Կոտայքի մարզում, որովհետև այնտեղ մենք ունենք ուժեղ թիմ և կարծում եմ, որ պետք է ՕԵԿ-ի անդամների հետ համապատասխան ձայներ հավաքենք:
-Բայց նախարարն իրավունք ունի՞ առհասարակ զբաղվելու կուսակցական աշխատանքներով, կուսակցության համար ձայներ հավաքելու և առհասարակ նախընտրական «խաղերի» մեջ հայտնվելու:
- Ես խաղերի մեջ չեմ մտնում, այնտեղ հանդիպում եմ իմ կուսակցական գործընկերների հետ, տեսնում եմ ինչն ինչպես են արել, բայց դա անում եմ աշխատանքից հետո:
-Այդ դեպքում չի՞ ստացվում, որ դուք կարող է Ձեր պաշտոնական դիրքը, լծակները գործի դնելով եք փորձում նախընտրական շրջանում դիվիդենտներ հավաքել:
- Չէ, չեմ կարծում: Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի:
-Համենայն դեպս Դուք ՕԵԿ-ական դարձաք նախարարի պորտֆելն ստանալուց հետո միայն: Ուստի դա չի՞ նշանակում, որ հանդիպողները ընկալում են, որ հանդիպում են ոչ թե ՕԵԿ անդամի' այլ հենց նախարար Արմեն Երիցյանի հետ:
- Ես իրավունք ունեմ չէ՞ հանդիպելու իմ կուսակցական գործընկերների հետ: Հանգստի օրերին հանդիպում եմ նրանց, շփվում ենք, ինչի իրավունքը, կարծում եմ, ունեմ:
- ՕԵԿ-ը ոչ մի անգամ իր հնարավորություններով չի փայլել Կոտայքի մարզում, այս անգամ ընտրություններին ինչպիսի՞ արդյունքներ եք ակնկալում:
- Անկեղծ ասած, դեռ չգիտեմ' ինչպես կլինի, բայց ընդհանուր առմամբ Կոտայքում միշտ էլ ՕԵԿ-ի թիմ եղել է, թե որքան ձայներ են հավաքել' շատ, թե քիչ, դա արդեն ավելի երկրորդական խնդիր է:
-Ամեն դեպքում, հաշվի առնելով այս մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ակնհայտ գործոնը, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այստեղ ՕԵԿ-ի համար:
-Չէ ես չունեմ այդ առումով որոշակի վերլուծություն և հետո չմոռանանք, որ նախընտրական փուլը, մեղմ ասած, դեռևս չի սկսել: Ես գտնում եմ, որ այնտեղ ձևավորված թիմ կա, մինչև ինձ էլ եղել է, և այդ թիմը կարող է իր առջև դրված խնդիրները կատարել:
-Առավել ևս, որ ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, վաղ չե՞ք համարում Ձեր հանդիպումները ՕԵԿ-ական Ձեր գործընկերների հետ:
- Չէ, չէ: Ես ոչ միայն ՕԵԿ-ի անդամների հետ եմ հանդիպում` այլև իմ ընկերների հետ, չէ՞ որ նախկինում այնտեղ աշխատել եմ Կոտայքի մարզի ոստիկանության ռեգիոնի պետ (2000-2001թթ եղել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ,- Slaq.am):
-Կոտայքի մարզում այս անգամ նախընտրական շրջանը հետաքրքիր զարգացումներ կունենա, այստեղ ոչ միայն առկա է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, ՀՀԿ-ական մարզպետ Կովալենկո Շահգալդյանի, այլ նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի գործոնը, ով ևս առաջադրվելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններում:
Այս անունների ունեցած կապերը, լծակները հաշվի առնելով արդյո՞ք ՕԵԿ-ը այստեղ լուրջ խնդիր չի ունենա:
-Մենք առաջին հերթին կոալիցիոն գործընկերներ ենք և գտնում եմ, որ ՀՀԿ-ն իր տեղն ու դերը ունի, ԲՀԿ-ն իր, ՕԵԿ-ն էլ իր: Այդ անունները, որոնք դուք նշեցիք, բոլորին էլ ճանաչում եմ, նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է իր առջև դրված խնդիրները կատարել, բայց դա դեռևս չի նշանակում, որ ՕԵԿ-ը այստեղ թույլ է: Իմ կարծիքով ամեն մեկն էլ պետք է իր ձայներն ունենա, և շահերի բախում չեմ տեսնում: Որ ուժը որքան ձայն հավաքի, կնշանակի, որ այնքան էլ պոտենցիալ ու տեղ ունի:
-Առաջին անգամ եք Դուք ՕԵԿ-ի համար ձայներ հավաքելու: Արդյո՞ք դա նշանակում է, որ ՕԵԿ-ը Կոտայքի մարզում ձայների զգալի տարբերություն կունենա:
-Դեռ չգիտեմ, ես հին կուսակցական չեմ, դրա համար էլ կդժվարանամ ասել: Պետք է էական տարբերություն լինի, որովհետև մենք այնպես ենք անում, որ մեր կուսակցությունը, կոալիցիոն գործընկերները, բոլորս էլ շատ ձայն հավաքենք:
-Այսինքն' Դուք ստիպված աշխատելու եք նաև ՀՀԿ-ի համա՞ր:
-Չէ, ես գիտեմ, որ ՀՀԿ-ն էլ շատ ուժեղ է:
-Իսկ Դուք միայն Կոտայքի մարզում եք Ձեր ուժերը , Ձեր կապերը ի իմի բերելու:
-Էրեբունի, Շենգավիթ համայնքներում և Կոտայքի մարզում:
-Այսինքն' Ձեր վրա միայն ա՞յդ հատվածն է դրված:
-Դրված չէ, սակայն ես այդ ուղղություններով կարող եմ լավ աշխատանքներ տանել, վստահ եմ:
ՍՅՈՒԶԻ ԲԱԴՈՅԱՆ
Slaq.am - Լրատվական աղբյուր