ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը լիովին բավարված է Հրազդան մարզադաշտի վիճելի հողակտորի վերաբերյալ իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի համատեղ որոշումից:
Այս մասին նա հայտնեց Slaq.am-ի հետ զրույցում: Աղաբաբյանի խոսքով, երկու ՀՀԿ-ականների հանդիդիպումը կայացել է առանց միջնորդների և խնդիրը լուծել են համատեղ:
Իսկ թե որքանով է այս որոշումից բավարարված մարզադաշտն 99 տարով վարձակալած պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ինչպես և ինչ միջոցներով է նա պետությանը վճարելու մարզադաշտի տարեկան վարձավճարը, որտեղ է ի վերջո կառուցվելու իր պատկերացրած առևտրի կենտրոնը, Աշոտ Աղաբաբյանն ասաց հետևյալը.
Ռուբեն Հայրապետյանն իր Ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, թե մարզադաշտի հարցը փակված է, ինչը ենթադրում է, որ խնդիրն այլևս լուծված է:
-Գո՞հ եք Հայրապետյանի հետ ունեցած հանդիպումից:
-Այո, շատ գոհ եմ: Մենք շատ կարճ ժամկետում հասանք փոխհամաձայնության` ո'չ առևտրի աշխատողները կտուժեն, ո'չ ստադիոնը, և ո'չ ֆուտբոլային խաղերի հանդիսատեսը: Լրատվամիջոցներն օգնեցին այս բոլոր հարցերի լուծմանը:
Ռուբեն Հայրապետյանը կարողացել է հասնել նրան, որ ՈՒԵՖԱ-ից գումարներ է հայթայթել մարզադաշտի վերականգնման համար: Մենք կարող ենք փոխառության կարգով այդ գումարները ստադիոնին տալ, իսկ հավաքականի բոլոր խաղերն անցկացնելու համար մարզադաշտը կտրամադրենք մեր հավաքականին անվճար, որպեսզի Ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված չլինի լրացուցիչ գումարներ ծախսել ՈՒԵՖԱ-ի խաղերը կազմակերպելու համար: Ֆուտբոլի ֆեդերացիան կվերակառուցի մարզադաշտը, իսկ մենք այն կտրամադրենք իրենց:
-Իսկ ինչ լուծում գտնվեց Ձեր պատկերացրած առևտրի կենտրոնն ունենալու համար, իրականում եղե՞լ է այլընտրանքային տարածքի առաջարկ:
-Այո, մենք առևտրի կենտրոն ենք կառուցում մարզադաշտից 130 մ հեռավորության վրա` այնպես, ինչպես որ նախատեսված էր։ Եվ այդ երկհարկանի առևտրի կենտրոնը կառուցում ենք ստադիոնի ծախսերը հոգալու համար։ Բնականաբար, եթե մենք վիդեոտաբլոներ տեղադրենք, նորմալ միջոցառումներով հանդես գանք, ապա կփորձենք պաշտպանել եղածը լավագույն ձևով։
-Ի՞նչ մակերես կզբաղեցնի կառուցվող առևտրի տունը։
-27.000 քմ հողակտորն այժմ դարձավ 35.000 քմ, որը թե՛ իր զբաղեցրած դիրքով և թե՛ մակերեսով համապատասխանում է բոլոր նորմաներին։ Այսինքն` առևտրի կենտրոնի տարածքը նախատեսվողից էլ ավելի ընդլայնվեց։
-Իսկ դրա կառուցման համար նախատեսված հողակտորը կրկին մարզադաշտի ենթակայության տա՞կ է։
-Ոչ, այդ տարածքն արդեն մարզադաշտի հետ կապ չունի։ Իրականում նախատեսված վայրի դիմաց, որպես փոխհատուցում, Երևանի քաղաքապետարանը ազատ գոտի է տրամադրել, իսկ այդ 12 քմ ավել մակերեսի համար Երևանի քաղաքապետարանը պետք է նոր որոշում կայացնի։
Մենք ուզում ենք Երևանի քաղաքապետարանին ստադիոնի կողմից տարածք տալ, որը կլինի հենց իրենց ենթակայության տակ (նկատի ունի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք օտարված տարածքը,- Slaq.am)։
-Այսինքն` Ձեր հողահատկացման հետ կապված քաղաքապետարանը հստակ որոշում չի կայացրե՞լ։
-Ոչ, դեռ չի եղել, բայց հուսամ, որ արդեն կլինի։
-Իսկ նոր հողակտորը Դու՞ք եք ընտրել, թե՞ առաջարկվել է որպես այլընտրանք։
-Մենք ճարտարապետների հետ նայել ենք տարածքը ու եկել ենք համաձայնության, որ ստադիոնից այդքան հեռավորության վրա ճիշտ է առ—տրի կենտրոն կառուցելը։
-Ինչի՞ դիմաց Ձեզ այդ տարածքը պիտի հատկացվի, չէ՞ որ Ձեր նախատեսած առևտրի կենտրոնի համար եղան առարկումներ, եղավ կառուցումն արգելող որոշում։ Ուրեմն կադաստրի պետական կոմիտեից, ինչպես կարգն է, ձե՞ռք եք բերել այդ հողակտորը, թե՞ որպես փոխհատուցում է այն Ձեզ տրվելու։
-Մենք ընդամենը տարածքների փոխանակում ենք արել` հողակտոր ենք փոխում, որպեսզի մարդիկ` տոնավաճառի աշխատակիցները, իրենց տարածքն ունենան աշխատելու համար։ Այդ նոր տարածքի խնդիրը լուծվեց ստադիոնի հաշվին, ունեցավ համապատասխան տարածքներ, ստադիոնի կողքին կկառուցվի առևտրի կենտրոն, որի գումարները կծախսվեն ստադիոնի պահպանման համար, մենք այսպես համաձայնության եկանք։
Հ.Գ. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի մեկնաբանությունը «Հրազդան» մարզադաշտի վերաբերյալ հետևյալն է.
«Երևանի քաղաքապետարանում առևտրի կենտրոնի համար քննարկվում է այլընտրանքային տարբերակ»։
Սյուզի Բադոյան
Slaq.am - Լրատվական աղբյուր