ՀՀ ոստիկանության «Ուղիղ կապ»-ի հյուրը ս.թ. հունվարի 26-ին ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն էր: Հնարավորություն էր ընձեռվել նրան հարցեր ուղղելու` ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների, ինչպես և հակահասարակական արարքի մասին հաղորդում կամ հայտարարություն չընդունելու վերաբերյալ:
Անշուշտ, չէինք կարող բաց թողնել վերոնշյալ հնարավորությունը, քանզի ոստիկանությունը տարիներ շարունակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջի կոպիտ խախտմամբ անտեսել է ոչ միայն սոսկ իրավախախտումների, հակահասարակական արարքների, այլև նույնիսկ հանցագործությունների մասին բազմաթիվ հաղորդումներ` տարիներ շարունակ հրապարակված հանրապետական նշանակության և հանրապետությունից էլ դուրս տարածում ունեցող զանգվածային լրատվության տարբեր միջոցների կողմից: Հանցագործության մասին ուղղակի և անուղղակի հաղորդումների բազմաթիվ օրինակներից սկզբի համար բերենք ընդամենը մի քանիսը, ընդ որում` միայն տողերիս հեղինակին պատկանողները (ԶԼՄ-ներով այդպիսի բազմաթիվ հաղորդումներ են եղել նաև իմ գործընկերների կողմից).
«Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթ. «Նախարարությունը ձկնագողերին ձեռնտու քաղաքականություն է վարում. Սևանա սիգը հոգեվարքի մեջ» (23.05.2008, թիվ 20, էջ 8), «Սևանա լճի ձկնապաշարների վերջը» (19.09.2008, թիվ 34, էջ 9), «Սևանա լիճը մահացման փուլում է. հաղորդում հանցագործության մասին» (27.11.2009, թիվ 43, էջ 2,5), «Դինոզավրերի ժամանակները» (11.12.2009, թիվ 45, էջ 8):
«Հայացք» շաբաթաթերթ. «Նախարարությունը պետք է պատասխան տա» (24.10. 2010, թիվ 17, էջ 6), «Հանցավոր անգործություն ու բնապահպանական աղետ. արգելված սիգը վաճառվում է ամեն օր, իսկ նախարարությունը ուղտի ականջում քնած է» (14.01.2011, թիվ 1, էջ 7):
«Հայոց Աշխարհ» օրաթերթ. «Սիգի վերացումը գերորսի հետևանք է» (02.07.2005, թիվ 124), «Բացահայտ հանցագործություն է կատարվում» (20.05.2006, թիվ 92, էջ 1), «Հանցագործությունների մասին հաղորդումներն անտեսվում են» (11.02.2010, թիվ 23), «Սիգի պաշարների ոչնչացումից հետո արգելքն արդեն նման է շոուի. հաղորդում հանցագործության մասին» (10.12.2010, թիվ 225, էջ 1), «Սևանի ամբողջ մակերեսին ձկնագողերի շշեր են» (06.08.2011, թիվ 148, էջ 6), ինչպես նաև Սևանա լճի սիգի արդյունագործական պաշարների գիշատչային որսի և հանցավոր ոչնչացման վերաբերյալ մի շարք այլ հրապարակումներ «Հայոց Աշխարհ» և այլ թերթերում:
Եղել են նաև հանքարդյունահանման ոլորտում հանցագործության մասին հաղորդումներ.
«Հայացք» շաբաթաթերթ. «Սա հաղորդում է հանցագործության մասին» (29.10.2010, թիվ 9, էջ 11), «Պետական շահերն անտեսելով տվել են ընդերքը. առանց անձնական շահագրգռությա՞ն» (15.04.2011, թիվ 14, էջ 2, 6):
«Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթ. «Ովքե՞ր են հանքերի «գեներալները» (19.02.2010, թիվ 6, էջ 17), «Ովքե՞ր են հանքերի «գեներալները» -2» (26.02.2010, թիվ 7, էջ 3):
Ավելորդ չենք համարում նշել նաև այլ ոլորտների ու խնդիրների հետ կապված հետևյալ հրապարակումները.
«Հայացք» շաբաթաթերթ. «Վերականգնողներն» այլանդակել են հուշարձաններն ու մնացել անպատիժ» (24.09.2010, թիվ 4, էջ 8):
«Հայոց Աշխարհ» օրաթերթ. «Համա թե վերականգնել են. հավելագրելով, աղավաղելով» (05.04.2011, թիվ 60, էջ 6):
«Հայացք» օրաթերթ. «Հենց ոստիկանությունն է նրանց լկտիացրել» (07.06.2011, թիվ 24, էջ 2), «Ոստիկանությունում անտեսել են հանցագործության մասին հաղորդումը» (28.07.2011, թիվ 59, էջ 5): «Կառավարության ձևական հոգածության ու բնապահպանության նախարարի «հերոսական» մտադրության մասին» (26.11.2011, թիվ 130, էջ 3):
Պարոն Հակոբյանի հետ մեր զրույցի սկզբում նախ փորձեցինք մի սկզբունքային հարց ճշտել. իր հետ ուղիղ կապի հնարավորության ընձեռումը տպավորություն ստեղծելո՞ւ համար է, թե՞ իրական գործ անելու: Մեր զրուցակիցը հավաստեց, որ ոստիկանությունը ոչինչ չի անում արտաքին տպավորություն ստեղծելու համար: Շատ լավ, այդ դեպքում ցանկանում ենք հասկանալ և հրապարակայնորեն հարցնում ենք` ի՞նչն է պատճառը, որ հանցագործության մասին վերոնշյալ և այլ հաղորդումները տարիներ շարունակ հետևողականորեն անտեսվել են, պատասխանը եղել է քար լռությունը, հաղորդում տվողիս չի ուղարկվել նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին գոնե մեկ որոշման պատճեն:
Քանի որ վերոնշյալ հաղորդումների, հոդվածների հետքերով գնալու դեպքում հարցաքննության պետք է կանչվեին ՀՀ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, շատ հնարավոր է, որ բացատրություններ պահանջվեին նաև ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և ներկայիս նախարար Արամ Հարությունյանից, մեզ իրավունք ենք վերապահում եզրակացնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման գնով դրանց ընթացք չտալը պայմանավորված է Հայաստանն ախտահարած համակարգային կոռուպցիայով, այդ թվում նաև` քաղաքական կոռուպցիայով:
Ավելին. ՀՀ ոստիկանությունը ոչ միայն հանցագործության մասին հաղորդումներին ընթացք չի տվել, այլև, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետները, ժամանակին չի պատասխանել իրեն ուղղված հարցերին: Վերջին օրինակներից մեկը «Հայացք» օրաթերթի 10.01.2012 թ. թիվ 1-ում հրապարակված «Երբ մեղավորները չեն պատժվել, կա՞ երաշխիք, որ բնակչության զանգվածային վարակումը չի կրկնվի» հոդվածում շարադրված հարցերն առ այսօր անպատասխան թողնելն է:
Որպեսզի ընթերցողի մոտ թյուր տպավորություն չառաջանա, նշենք, որ անձամբ Արմեն Հակոբյանի դեմ որևէ բողոք չունենք, նա մոտ 2 ամիս առաջ է նշանակվել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, և կասկած չունենք, որ վերոնշյալին անտեղյակ է: Պարոն Հակոբյանն առաջարկեց վերոնշյալ հոդվածները հրապարակած ԶԼՄ-ների անունները, հրապարակումների ամսաթվերը, հոդվածների վերնագրերը և մյուս տեղեկությունները փոխանցել իրեն` խոստանալով զբաղվել դրանցով ու պատասխանել: Մնացյալը ցույց կտա ժամանակը, պարզապես հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում «Ուղիղ կապ»-ը գործում է նաև հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման նպատակով: Հրաշալի առիթ է ապացուցելու, թե ոստիկանությունն իսկապես շահագրգռվա՞ծ է այդ կապի ամրապնդմամբ:
Slaq.am - Լրատվական աղբյուր