Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին ոչ մի կարևորություն չի տալիս և բացարձակապես դրանով չի հետաքրքրվում:
««Եվրատեսիլը» զուտ բիզնես շուկա է, այնտեղ մշակույթը բացակայում է: Ստեղծագործական առումով մրցույթն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, որովհետև այնտեղ ստեղծագործություն չեն ներկայացնում, ընդամենը ապրանք են վաճառում»,- Slaq.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ռոբերտ Ամիրխանյանը:
Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ համարում Հայաստանի մասնակցությունն այդ մրցույթին` հաշվի առնելով, որ այն անց է կացվելու Բաքվում, կոմպոզիտորը պատասխանեց.
«Հայաստանն ամեն տեղ պետք է մասնակցի ու հաղթի»:
Երբ Ամիրխանյանից հետաքրքրվեցինք, թե «Եվրատեսիլ 2012»-ին ու՞մ կցանկանար տեսնել որպես Հայաստանի ներկայացուցիչ, վերջինս պատասխանեց.
«Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ով կմասնակցի կամ ինչ կերգի, որովհետև դա բիզնեսի նպատակ է հետապնդում, ստեղծագործություն չունի իր մեջ: Ես կկռվեի բարձր հոգևոր արժեքի, ստեղծագործական խնդիրների համար, իսկ եթե այնտեղ մեկը պետք է գնա փայլացնի, ինչ-որ մոդայիկ երգեր երգի, դա ինձ չի հետաքրքրում»:
«Իսկ ո՞րն է պատճառը, որ Հայաստանում այդքան լուրջ են վերաբերվում այդ մրցույթին» հարցին, կոմպոզիտորն արձագանքեց.
«Որովհետև ինչ էլ չլինի Հայաստանը մասնակցում է միջազգային իրադարձություններին, բա ո՞նց, դա էլ պետք է լինի, դրան էլ մասնակցի»:
Մեր խնդրանքով Ռոբերտ Ամիրխանյանն անդրադարձավ նաև նախընտրական քարոզարշավներին հայ երգիչ-երգչուհիների մասնակցությանը: Հարցին, թե որքանո՞վ է ճիշտ կատարողների մասնակցությունը քաղաքական քարոզարշավներին, Ամիրխանյանը հետևյալ կերպ պատասխանեց.
«Դա թողնում եմ իրենց խղճի վրա: Եթե նրանք փող են վերցնում ու գնում գովազդներ անում, թող անեն: Ինչ ուզում են անեն, իրենց գործն է»:
Slaq.am - Լրատվական աղբյուր