2012թ հունվարից ՀՀ-ում ներդրվում է սոցիալական փաթեթ, որը նախատեսված է քաղաքացիական և պետական ծառայողների, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների պետական կազմակերպությունների վարչական եւ մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար:
Սոցիալական փաթեթի ներդրումը հնարավորություն է ընձեռում շուրջ 120 հազար աշխատակիցների և նրանց անմիջական ընտանիքի անդամներին (ամուսինը և մինչև 27 տարեկան չամուսնացած զավակները), անկախ զբաղեցրած պաշտոնից և վարձատրության չափից հավասարաչափ օգտվել հետևյալ սոցիալական ծառայություններից`
- բժշկական ապահովագրություն, որն աշխատակիցների համար կրում է պարտադիր բնույթ,
- հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
- ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար,
- հանգստի կազմակերպում ՀՀ և ԼՂՀ տարածքում:
Բժշկական ապահովագրության համար սահմանված է պարտադիր բազային ծածկույթ 52 հազար դրամի չափով, որի պարագայում ապահովագրական գումարի չափը մեկ տարվա համար կազմում է 3 մլն 800 հազար ՀՀ դրամ: Այս գումարի շրջանակում ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցի սուր, անհետաձգելի և պլանային մի շարք բժշկական ծառայություններ, այդ թվում` հիվանդանոցային բուժօգնություն, որը ներառում է թերապևտիկ բուժում պահանջող հիվանդություններ, վնասվածքների, էլեկտրահարությունների, այրվածքների բուժում, ինչպես նաև վիրաբուժական բուժում պահանջող հիվանդություններ` ընդհուպ նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների իրականացում և այլն:
Կադրերի ռեզերվներում գտնվող անձանց, տվյալ մարմնում վեց ամսից պակաս աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների, կես դրույքից պակաս ծանրաբեռնվածությամբ անձանց, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձանց և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա փաթեթը չի տարածվում:
Յուրաքանչյուր աշխատակցին փաթեթով նախատեսված գումարը կազմում է 132 հազար դրամ տարեկան կտրվածքով, ինչը դրամի վերածելու դեպքում նախորդ տարվա միջին աշխատավարձի նկատմամբ ենթադրում է 10%-անոց աճ:
Սոցիալական փաթեթի նպատակն է բարձրացնել աշխատանքի գրավչությունը, արդյունավետությունը, մեղմել կադրերի արտահոսքը և նպաստել աշխատակիցների սոցիալական կարիքների բավարարմանը:
Slaq.am - Լրատվական աղբյուր