ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի (Ծաղիկ Ռուբո)` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնականով առաջադրվելու հարցը դեռ հստակ որոշված չէ:
Նշենք, որ վերջին շրջանում մամուլում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Ռուբեն Գևորգյանն իր թեկնածությունն առաջադրելու է իր եղբորորդու` ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանի ընտրատարածքում:
Պարզելու համար, թե որքանո՞վ են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, Slaq.am-ը զրուցեց ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հետ:
-Դեռ վաղ է այդ մասին խոսել: Ես չեմ որոշում`ընտրություններին առաջադրվել, թե ոչ, դա իմ կուսակցության որոշումն է: Ես ունեմ կուսակցության առաջնորդ և կուսակցության քաղաքային խորհուրդ և նման որոշումներն իրենք են կայացնում: Հիմա այդ հարցը դեռ որոշված չէ, իսկ ինչ վերաբերվում է իմ եղբորորդու` իր թեկնածությունը դնել-չդնելուն, ապա լավ կանեք` իրենից հարցնեք: Երբ ժամը կգա, դա արդեն արյան խնդիր է, արյունակից մարդու խնդիր է, այդ ժամանակ էլ մենք կորոշենք:
-Եթե, այնուամենայնիվ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշում կայացնի, որ Դուք հենց նույն ընտրատարածքում պետք է առաջադրվեք Ձեր եղբորորդու հետ, նրա դեմ պայքարի կգնա՞ք :
-Թող գա ժամանակը, տեսնենք, թե առաջադրումներն ինչպես են լինում, այն ժամանակ մենք կկողմոնորշվենք ու ստույգ կպատասխանենք ձեր հարցերին: Ժամանակից շուտ ես հարցերին պատասխանելու խնդիր չունեմ: Իսկ ինչ վերաբերվում է եղբայր հասկացությանը կամ եղբորորդուն, ապա իմ գաղափարներով, իմ մտածելակերպով եղբայրները հոգևոր միաբանության միևնույն աստիճանի անձինք են և արյան խնդիրն իմ մոտ ամենամեծագույն արժեքն է: Այդ ամենն ինձ համար ժամանակին լուրջ մտածելու տեղիք կտա, և այդ ժամանակ էլ կպատասխանեմ: Իսկ եթե մեկ այլ մարդ առաջադրի իր թեկնածությունը, ես բոլորովին մտածելու տեղիք չեմ ունենա: Ես այս տարածքում բազում անգամ մեծամասնականով անցած անձնավորություն եմ, առանց ամպագոռգոռ բաներ ասելու, ինձ թվում է` Դավիթաշեն տարածքն ինձնով պայմանավորված տարածք է: Եթե իմ կուսակցությունը որոշի, որ ես պիտի առաջադրվեմ, առանց տարակուսելու բացարձակ հաղթանակ տանելու մտադրության տեր մարդը դժվար թե հետ կանգնի իր առաջադրվելուց: Իսկ եթե արյան խնդիր լինի` մեկը մյուսի դեմ առաջադրվելը, դա արդեն ինձ լուրջ մտածելու տեղիք կտա:
Թերթերը միշտ անհեթեթություններ են գրում, թե իբր ես հայտարարել եմ, որ առանց վեր ու վար անելու` սրան-նրան ջախջախիչ հաղթանակ եմ տանելու... Դրանք բոլորն անհեթեթ խոսակցություններ են: Ես նման բան չեմ ասել: Աստծուն փառք, ես հին քաղաքական գործիչ եմ, կազմակերպված մտածելակերպ ունեմ և գիտեմ` որտեղ ինչ կարելի է ասել, ում մոտ ինչ կարելի է խոսել քաղաքական առումով:
Slaq.am - Լրատվական աղբյուր