Երեկ Մարգար Օհանյանի դատական նիստին ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյան (Ճոյտը):
Slaq.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը նշեց, որ ինքը եղել է Մարգար Օհանյանի հին ընկերը: Վերջինիս կարծիքով ՃՈ նախկին պետին պետք է հասարակություն դատի և որ ամենակարևորն է պետք է կարողանա ներել նրան:
«Ես ու Մարգար Օհանյանը հին ընկերներ ենք եղել ու ես գտնում եմ, որ նրա արարքի մեջ հասարակությունը չի կարող բացասական բան տեսնել: Ենթադրենք, որ նա կատարել է կամ կասկածվում է չարաշահման մեջ, բայց չէ-որ ամբողջ գումարը վերականգնել է այդ մարդը: Ես չգիտեմ ինչի համար է այս շոուն, որ կազմակերպվում է, բայց քանի որ մարդն ամբողջ գումարը վերականագնել է, պետք է ազատ թողնեն նրան: Թող էլի դատավարություն գնա, բայց թող նա ազատության մեջ լինի»,-իր խոսքում նշեց Հակոբ Հակոբյանը:
ԱԺ նախկին պատգամավորը վստահեցնում է, որ Մարգար Օհանյանն իր աշխատանքը տարիների ընթացքում անթերի է կատարել և արդար դատավճռի դեպքում նա ազատության մեջ պետք է լինի:
«Ժամանակին նա իր բոլոր պարտականությունները կատարել է անթերի: Երբ դատարանում հիշում էի Մարգար Օհանյանի արած քայլերը, ուզում եմ, որ հասարակությունն էլ իմանա, որ եթե էս երկրում սով ու քաղաքացիական պատերազմ չի եղել, դրա մեջ կա նաև Մարգարի լուման»,- իր խոսքում նշեց Հակոբ Հակոբյանը:
Հարցին, թե հավատու՞մ եք, որ Մարգար Օհանյանը կարողանալու է ապացուցել իր անմեղությունը, Հակոբ Հաքկոբյանը պատասխանեց. «Հիմա մեր դատավորներն ավելի շատ նման են Պեպոյին դատող դատավորներին, ես էսօր մեր դատարաններին չեմ էլ հավատում»:
Slaq.am - Լրատվական աղբյուր