Ամենաընթերցված
18.05.2012
09:16
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը կազատվի աշխատանքից
Շատերի համար անակնկալ էր այս տարածքի կուսակցության...
Ուրբաթ
18 Մայիս
Գլխավոր Քաղաքականություն Հասարակություն Տնտեսություն Միջազգային լուրեր Մշակույթ   
 
18 Մայիս, 2012
17 Մայիս, 2012

«Իմ կախարդական երազը»«Իմ կախարդական երազը»

«Իմ կախարդական երազը»

04.02.1219:15
«Իմ կախարդական երազը»

Ես հայտնվեցի հեքիաթի մեջ… Ո´չ, ավելի ճիշտը՝ դա կախարդական երազ էր: Սակայն այն փաստը, որ ես Հայաստանում եղել եմ իրականում, այլ ոչ թե երազում, հաստատում են այնտեղից բերած բազմաթիվ իրեղեն հիշատակություններն ու հուշանվերները:

Այս ամառ ես որոշեցի համատեղել հաճելին օգտակարի հետ, այսինքն՝ տեսնել հարազատներիս ու բարեկամներիս, միաժամանակ ծանոթանալ Հայաստանի պատմությանը, այն երկրի, որից սերում եմ արմատներով, որը, սակայն, չէի տեսել ավելի քան 20 տարի: Մի խոսքով՝ որոշեցի սեփական աչքերով տեսնել այն ամենը, ինչի մասին ես դրանից առաջ միայն լսել ու կարդացել էի:

Կալինինգրադի հայկական համայնքում մեզ շատ էին պատմել ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասին: Կիրակնօրյա դպրոցում անցկացված բազմաթիվ միջոցառումները, զրույցները, պատմությունները, ֆիլմերը Հայաստանի ու «Արի տուն» ծրագրի մասին հիանալի առիթ դարձան վերջնական որոշում կայացնելու համար: Եվ ահա ամռան մեկ ամսվա ընթացքում ես Հայաստանում տեսա, սովորեցի ու ապրեցի այնքան շատ բան, որը կարող է բավականացնել մի ամբողջ կյանք:

Դրա համար ես ամբողջ սրտով շնորհակալ եմ ոչ միայն Հայաստանում ու Ղարաբաղում ապրող իմ ազգականներին ու բարեկամներին, ոչ միայն «Արի տուն» ծրագրին, այլև բոլոր նրանց՝ մինչ այդ ինձ բոլորովին անծանոթ մարդկանց, ովքեր ինձ օգնեցին այդ ամենը ընկալել, հասկանալ ու հոգեպես հասունանալ: Օրինակ՝ ես երբեք չեմ մոռանա այն համերգը, որին ներկա եղա Աշտարակում ապրող Հակոբյան ընտանիքի հրավերով: Նրանք ուղղակի ասացին. «Քեզ համար շատ օգտակար կլինի»: Նրանք ճիշտ էին, որովհետև դա սովորական համերգ չէր. այնտեղ հնչում էին աշուղական(ժողովրդական երգիչ-բանաստեղծների) երգեր: Դա ինձ համար զարմանալի, աստվածային երաժշտություն էր, որը թափանցում էր հոգուս խորքերը՝ արթնացնելով մինչ այդ անծանոթ հույզեր: Իզուր չէ, որ «աշուղ» բառը արաբերենից թարգմանությամբ նշանակում է «աստվածային սիրով վառվող կրքոտ սիրահար»: Ես միշտ հոգուս ամենանվիրական ծալքերում կպահեմ այն ջերմ ու գեղեցիկ մաղթանքները, որոնք ինձ, որպես «Ռուսաստանից եկած պատվավոր հյուրի», հղեցին հայ աշուղները համերգից հետո:

Ես վերջապես իմացա , թե որտեղ է թաղված սուրբ Մեսրոպ Մաշտոցը, սեփական աչքերով տեսա Խոր վիրապը՝ մութ ու խորը այն պատժափոսը, որտեղ 14 տարի բանտարկված է եղել սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Ես նույնիսկ իջա այդ փոսը: Անկեղծ ասած՝ այդ պահին սարսուռ զգացի այն մտքից , որ ես՝ բազմամեղս, գտնվում եմ պատմական այդ սրբավայրում:

Ես հասկացա նաև, որ Գառնին ու Գեղարդը միևնույն բաները չեն, ինչպես որ մինչ այդ պարզամտորեն ենթադրում էի, այլ երկու բացարձակ տարբեր իմաստ ու բովանդակություն ունեցող պատմական վայրեր, նաև երկու տարբեր ճարտարապետական հուշարձաններ:

Հիմա ինձ համար դժվար չէ տարբերել կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանից, ինչպես նաև անսխալ ասել՝ որն է քյամանչան, որը սազը կամ թառը: Ափսոսում եմ միայն, որ ես՝ արդեն հասուն աղջիկս, հիմա եմ «բացահայտում» այնպիսի պարզ ճշմարտություններ, որոնք իրեն հարգող յուրաքանչյուր հայ (հայուհի) գիտի ծնված օրից: Բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք:

Հայաստանի գեղեցկությունների մասին կարելի է անդադար խոսել: Կուզենայի պատմել նաև մարդկանց մասին: Որքան էլ Ֆելիքս Գևորգյանը բազմիցս ասել էր, որ հայերը յուրահատուկ, ինքնատիպ ազգ են, ես պետք է դրանում ինքս համոզվեի: Եվ իսկապես էլ, հայերը զարմանալի ժողովուրդ են: Հայերի համար ոչ մի անհնարին բան չկա. ամեն հայ վստահ է իր բացառիկության մեջ: Եվ ամենակարևորը՝ երբեք, ոչ մի իրավիճակում նրանք չեն կորցնում լավատեսությունն ու հումորի զգացումը:

Բոլորովին այլ աշխարհ է իմ հարազատ Ղարաբաղը՝ ծնողներիս ու պապիկ-տատիկներիս թանկագին ծննդավայր- հայրենիքը: Այստեղ բառերն ավելորդ են դառնում: Շուշի, Գանձասար, Տիգրանակերտ…յուրաքանչյուր քար ու թուփ, յուրաքանչյուր անկյուն, ամեն ինչ պատմությամբ է շնչում: Ղարաբաղում լինելով՝ հասկանում ես, որ մեր հայրերը, պապերն ու եղբայրները իզուր չեն իրենց արյունը տվել այդ նվիրական հողի համար:

Ազգականներիս ու բարեկամներիս՝ ինձ համար կազմակերպած զվարճալի-ուսուցողական ծրագրերից զատ մասնակցեցի Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրին: Ծրագրին մասնակցում էին բազմաթիվ հայ պատանիներ և աղջիկներ Ռուսաստանի նաև այլ քաղաքներից, Հոլանդիայից, Չեխիայից, գերմանիայից, Ուկրաինայից, ուրիշ երկրներից: Ամեն մի օրը հետաքրքիր էր ու հագեցած: Սարդարապատ, Էջմմիածին, Եռաբլուր, Զվարթնոց, Գառնի, Գեղարդ, Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, Աշտարակ, Սևան, «Ջրաշխարհ», թանգարաններ…միթե՞ կարելի է այս ամենը մոռանալ: Կամ ինչպե՞ս կարելի է մոռանալ հայկական ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Վարդավառը: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են. ասում են՝ որքան շատ են այդ օրը քեզ ջրում, այնքան հաջող կլինի տարին քեզ համար: Ինձ թվում է՝ հաջողությունների գծով համաշխարհային ռեկորդը աս տարի իմն է լինելու:

Ես ոչ միայն ապրեցի հրաշալի օրեր, այլև շատ նոր ու հետաքրքիր բաներ սովորեցի, հաղորդակցվեցի մեր ժողովրդի պատմությանը , հավերժությանը, սրբություններին… Բայց ես նաև գիտեմ, որ Հայաստանում ու Ղարաբաղում դեռ ինձ սպասում են շատ ու շատ անակնկալներ, հրապուրիչ ու հետաքրքիր բաներ, որոնք ես նոր պիտի տեսնեմ, սովորեմ, հասկանամ: Եվ ես դա անպայման կանեմ գալիք ամռանը:

Վերջում ուզում եմ ամբողջ սրտով շնորհակալության խոսքեր ասել Կալինինգրադի հայկական համայնքի ղեկավարությանը՝ ինձ ճիշտ ճանապարհ ցույց տալու համար, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակից Գագիկ Լալայանին՝ իմ «պահապան հրեշտակին» Հայաստանում, ով «Արի տուն» ծրագրի ողջ ընթացքում հայրաբար օգնեց և հոգ տարավ իմ մասին:

Սյուզաննա Ալեքսանյան

«Նաիրին Կալինինգրադում» («Наири в Калининграде»)

«Արի տուն-2011»-ի մասնակցի հուշեր

Slaq.am - Լրատվական աղբյուր

 



 

Տարադրամ
USD396.991.14
EUR504.26-4.45
RUR12.82-0.22
 
 
Քվեարկության արդյունքներ
 


Եղանակ
Երևան
Ցերեկը
28°C
Գիշերը
13°C
Ստեփանակերտ
Ցերեկը
25°C
Գիշերը
12°C
Ջավախք
Ցերեկը
24°C
Գիշերը
10°C