«Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, լրագրող Հայկ Գևորգյանի կալանավորման վերաբերյալ ոստիկանության բացատրությունները համոզիչ չեն: Նման տեսակետ Slaq.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը:
«Շատ տարօրինակ է, որ մարդը հետախուզման մեջ գտնվելիս գնում և Կառավարության նիստ է լուսաբանում, հանգիստ իր աշխատանքն է կատարում…եթե այս սկզբունքով շարժվենք` բոլորս կարող ենք հետախուզման մեջ լինել: Հայկը հայտնի լրագրող է և նման ձևով բերման ենթարկելն ու ձերբակալելը հոգեբանորեն ազդում է ողջ լրագրողական դաշտի վրա:
Ինչ է նշանակում` Հայկն ավտոմեքենայով ինչ-որ մեկին հարվածել է, առողջությանը քայքայող վնաս է հասցրել և այլն…Ոստիկանության բացատրությունը պարզապես չի համոզում: Կամ պետք է ոստիկանության բացատրությունները համոզիչ լինեն, կամ էլ Հայկին ազատ արձակեն:
-Այսինքն` Ձեր կարծիքով Հայկ Գևորգյանն իրականում ոչ ոքի վրաերթի չի՞ ենթարկել և նրա կալանավորումն անհի՞մն է:
-Ես չեմ բացառում, որ Հայկը, գուցե, ավտոմեքենայով պատահաբար վնասել է քաղաքացուն, բայց գալ և 10 օրից հետո ասել, որ նա հետախուզման մեջ է գտնվում այն դեպքում, երբ այդ մարդն անգամ փախուստի չի դիմել, բերման ենթարկել… այստեղ զուգադիպությունները շատ են: Ես այնտեղ չեմ եղել, որ ասեմ` նա իրականում մարդուն մարմնական վնասվածք հասցրել է, թե ոչ, սակայն ոստիկանության այդ գործելաոճը` բռնել, բերել հետադարձ ձևով գրել, որ նա մարդուն առողջական վնաս է հասցրել, սխալ է: Վերջիվերջո Հայկ Գևորգյանը հանրային դեմք է, լուրջ լրագրող է և չէր կարող քաղաքացուն մեքենայի տակ գցել ու հեռանալ, ես դրան չեմ հավատում:
-Միայն այն փաստը, որ Հայկ Գևորգյանը լրագրող է, բավարար հիմքեր ստեղծու՞մ է նրան ազատ արձակելու համար, եթե նա, իսկապես, մեղավոր է:
-Նույնիսկ եթե Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել քաղաքացուն, Հայաստանում տասնյակ մարդիկ կան, ովքեր դիմացինի վրա կրակել են, բայց անգամ 10 վայրկյանով բանտում չեն մնացել: Թող Հայկին էլ ազատ արձակեն ու նախաքննություն տանեն: Ինչի՞ համար են կազմակերպում այս «մասկի շոուն»:
Իհարկե պետք է գործը քննեն, բայց ես նաև չեմ բացառում, որ Հայկի դեմ բողոքը ուղղակի մեկը գա ու գրի, ով իրականում չի տուժել կամ ինչ-որ մեկին Հայկը կպած լինի ու գրեն, որ ինքը առողջությանը սարսափելի վնասներ է հասցրել և հիմա էլ քայքայվում է, ասենք, ավտոմեքենայի հետևին կպնելուց…
Հարցականները մի քիչ շատ են… Ես ոչ մեկին սխալ չեմ համարում, սակայն ոստիկանության գործողությունները շատ ու շատ հարցականներ են առաջացնում: Իսկ ոստիկանության պարզաբանումից հետո էլ այդ հարցերն ավելի են շատանում: Մենք հո միամիտ չենք, 20 տարի է գիտենք չէ՞, թե ինչպիսի բարքեր են տիրում և ինչպես են վերաբերվում ընդդիմադիր լրագրողներին:
Սխալ է ասել, որ Հայկը պիտի դատապարտվի և ճիշտ չէ միանշանակ բացականչել` ազատություն Հայկին, պետք է պարզապես արդարություն պահանջել:
Հիշեցնենք, որ երեկ` ժամը 11:00-ի սահմաններում, ձերբակալվել, այնուհետև Նուբարաշեն քրեակատորողական հիմնարկ է տեղափոխվել «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու, հայտնի լրագրող Հայկ Գևորգյանը:
Երեկ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ասուլիս հրավիրեց, որի ժամանակ ընդգծեց, որ իրադարձությունների այսօրինակ ընթացքը խմբագրակազմին հիմք է տալիս արձանագրելու` օրաթերթի առանցքային ներկայացուցչի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվում է պատվիրված հետապնդում` կապված նրա լրագրողական գործունեության հետ:
Այնուհետև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանը Հայկ Գևորգյանի կալանավորման վերաբերյալ ներկայացրեց հետևյալ պարզաբանումը.
«Հուվարի 13-ին` ժամը 17:30-ին, Մհեր Մկրտչյան փողոցում գործով մեղադրյալ Հայկ Գևորգյանը վրաերթի է ենթարկել Աշոտ Ֆրանգուլյանին, որը մարմնական վնասվածքներ է ստացել, իսկ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Ֆրանգուլյանին պատճառվել է ձախ ծնկոսկրի կոտրվածք, այսինքն` առողջությանը միջին ծանրության վնաս է հասցվել: Արարքը որակվել է ՀՀ Քր. օր.-ի 242-244-րդ հոդվածներով: Հարուցվել է քրեական գործ, Հայկ Գևորգյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել: Դա հիմք է հանդիսացել, որպեսզի նրա նկատմամբ հետախուզում հայտարարվի: Հետախուզմանը զուգահեռ որոշում է կայացվել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, քանի որ բավարար մեղադրանքներ են եղել: Որպես մեղադրյալ ներգրավելուց և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելուց հետո մեղադրական մարմնի առջև ծառացել է անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը: Նախաքննական մարմինը Հայկ Գևորգյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել է դատարան: Դատարանը որոշել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Այսօր Հայկ Գևորգյանը հայտնաբերվել է, և այդ խափանման միջոցը կիրառվել է: Եռօրյա ժամկետում Գևորգյանը կներկայացվի դատարան, և նրան հնարավորություն կտրվի վիճարկելու իր կալանավորման հիմքերը»:
Լուսինե Հովհաննիսյան
Slaq.am - Լրատվական աղբյուր