Վերջին տարիներին Հայաստանում ինքնասպանությունների թվի ավելացումը ստիպել է վիճակագիրներին` նման դեպքերի մասին առանձին վերլուծություններ կատարել: Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով` տարեկան մոտ 1 մլն մարդ ինքնասպան է լինում: Դա տեղի է ունենում հատկապես զարգացած երկրներում: Առաջին հորիզոնականներում Արեւելյան Եվրոպայի երկրներն են: Ճապոնիայում տարեկան 30 հազար մարդ է ինքնասպան լինում: Ավելի ցածր ցուցանիշներ են գրանցվել Լատինական Ամերիկայում եւ մահմեդական աշխարհում: Հայաստանում 2011-ին ինքնասպանության 647 փորձերը 9.3 տոկոսով գերազանցում են 2010-ի ցուցանիշը:
Բարեբախտաբար, ինքնասպանությամբ ավարտված մահերն են կրճատվել` այդքանով հանդերձ էլ, սակայն, իրենցից խիստ մտահոգիչ պատկեր ներկայացնելով: Ովքեր են առավել միտված դիմելու ինքնասպանության: Ինչ են փաստում վիճակագիրները, ինչ են կարծում հոգեբանները եւ ինչպես է այդ հարցին վերաբերում եկեղեցին: Թվում է` աշխարհը որքան զարգանում է եւ որքան ավելանում են մարդուն ընձեռվող հնարավորությունները, նույնքան հեշտ ու հաճելի էլ պետք է դառնար ապրելը: Իրականությունն ու վիճակագրությունն այլ բան են, սակայն, փաստում:
Գնալով ավելի ու ավելի շատ մարդ է այս աշխարհից հոգնած ու զզված` ինքնասպանությամբ հրաժեշտ տալիս սեփական կյանքին: Դժվար է ասել` ինքնակամ, քանի որ, հոգեբանների համոզմամբ, ինքնասպանություն գործող 10 անձանցից միայն մեկն է ուզում մահանալ. կյանքը թանկ է նույնիսկ ինքնասպանություն գործողների համար: Ինքնասպանների խրոնիկ հիվանդությունը դեպրեսիան է:
Դրանով հիվանդների 70 տոկոսը ինքնասպանության հակում ունի, իսկ նրանց 15 տոկոսն իրագործում է այն: Ինքնասպան լինում է 2-3 անգամ ավելի շատ տղամարդ, քան կին: Սակայն փորձերի դեպքերով կանայք են գերազանցում: 23-ից 33 տարեկանների դեպքում դեպրեսիայի պատճառը աշխատանք չունենալն է, 35-ից 50 տարեկանների մոտ` սոցիալական հոգսերը, դեռահասների մոտ` անձնական խնդիրները` ինքնահաստատում, մերժված սեր, տարաձայնություններ ծնողների հետ կամ սիրելի մարդու կորուստ:
Ռոմանտիզմը մահացու հոգեվիճակ է մինչեւ 21 տարեկանը: Ինչ է պետք մարդուն` իրեն երջանիկ զգալու եւ կյանքը որպես անտանելի բեռ չընկալելու համար: Հոգեբան Կարինե Նալչաջյանը երջանկության բանաձեւը կազմում է սիրված եւ ինքնաիրացված լինելու բաղադրիչներով:
Հոգեբանական խնդիրներ` գումարած սոցիալական, առողջական, ընտանեկան: Ամեն տարի ինքնասպան է լինում 1 մլն մարդ. աշխարհում ամենաշատը` Հունգարիայում: Հայաստանում ինքնսպանությունների թիվը վերջին տասը տարում ավելացել է մի քանի անգամ: 1986-ի տվյալով` 100 հազար բնակչից ինքնասպան էր լինում 3 մարդ, քառորդ դար անց այդ ցուցանիշը ավելացել է վեց անգամ: Մեր երկրում միայն անցյալ տարի ինքնասպանության 647 փորձ է գրանցվել` 9.3 տոկոսով 2010-ից ավելի: Առաջին տեղում Երևանն է, հետո` Շիրակի, երրորդ տեղում` Արարատի մարզը:
Ցավալի է, որ դեռահասների շրջանում էլ է այդ թիվն աճում, այդ տարիքում առավել խոցելի են աղջիկները: Բարեբախտաբար, ինքնասպանության փորձի արդյունքում արձանագրված մահերի թիվն է կրճատվել: Անցյալ տարի Հայաստանում սեփական կյանքին սեփական կամոք հրաժեշտ է տվել 195 մարդ` առավելապես միջին տարիքի տղամարդիկ: Այդ դեպքերը գրեթե միշտ սոցիալական հողի վրա են եղել: Վիճակագրության ամենամռայլ մանրամասները վիճակագիր Կարինե Կույումջյանն է փոխանցում:
Օրենքը մարդուն ինքնասպանության հասցնելը պատժելի արարք է համարում: Եկեղեցին էլ չի ներում նրանց, ովքեր գիտակցված ինքնասպանություն են գործում` «Աստված տվել է կյանքը, Աստված էլ պետք է վերցնի» հիմնավորմամբ: Ինքնասպանների համար թաղման արարողություն չի իրականացնում: Ինքնասպանությունն, ամենից առաջ, սոցիալական երևույթ է. ասում են մասնագետները:
Դրանից զատ` շատ աղանդներ էլ իրենց անդամներին մեղքի զգացողություն եւ երկրային կյանքի հանդեպ վախ են ներշնչում, վախեցնում աշխարհի վերջով, դրանով իսկ դրդելով նրանց ինքնասպանության:
Աղանդավորականների շրջանում տարածված է ինքնազոհաբերման գաղափարը: Քիչ չեն նաեւ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ: Որոշ տարօրինակ գաղափարներով էլ տարված` իրենց էմո կոչողներն էլ են փորձում ինքնասպանությամբ վերջ տալ իրենց կյանքին:
Ում դիմի հուսահատված մարդը: Եկեղեցում որքան էլ լսեն մարդուն, միեւնույն է` նրա ուսերից սոցիալական ծանր հոգսը չի թեթեւանում: Հոգեբան Կարինե Նալչաջյանն առաջարկում է ստեղծել մշտապես գործող հույսի հեռախոսներ` մարդկանց գոնե լսելու համար եւ թերեւս նաեւ հիշեցնելու, որ կյանքում միշտ էլ կարելի է գտնել ինչ-որ պատճառ, հանուն որի արժե ապրել:
Slaq.am - Լրատվական աղբյուր