Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վենետիկի քաղաքապետարան: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Երևանը և Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ երկու քաղաքների միջև համաձայնագրի ստորագրման արարողությանը: Փաստաթուղթն ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին:
Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ քաղաքապետ Ջորջո Օրսոնիին, Վենետիկը և Երևանը քույր քաղաքներ հռչակելու գործում ցուցաբերած պատրաստակամության և ջերմ ընդունելության համար: Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքները պատմական և մշակութային հարուստ անցյալ ունեն և համագործակցության լավ ապագա: Նա վստահություն է հայտնել, որ քույր քաղաքների միջև փոխգործակցությունն ավելի արդյունավետ կլինի՝ ներառելով համաձայնագրում նշված բոլոր ոլորտները: Տարոն Մարգարյանը Վենետիկի քաղաքապետին հրավիրել է Երևան՝ 2012 թվականի ապրիլի 23-ին մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, իսկ հոկտեմբերին՝ իր գլխավորած պատվիրակությամբ ներկա գտնվելու Երևանի 2794-րդ տարեդարձին: