14:36:33 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչպես է ստեղծվել հայկական դրամը

    09:56 24 Օգոստոս 2014

    Դրամի թողարկումները Հայաստանում հայտնի են արդեն Ք.ա. 1-ին հազարամյակից։ Դեռևս Երվանդունիների օրոք /Ք.ա 6-3-րդ դդ./ Հայաստանի սատրապները իրենց դիմապատկերներով դրամներ են թողարկել։ Այնուհետև Ք.Ա 3-րդ դարից սկսած արծաթյա դրամներ են հատել Խոփքի հայ թագավորներ Արշամը, Քսերքսեսը, Աբդիդարեսը։ Արտաշեսյանների ժամանակ /Ք.ա. 189-Ք.հ. 1/ դրամահատությունը Հայաստանում ավելի մեծ ծավալներ ստացավ, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք /Ք.ա. 95-55/ հայկական մետաղադրամները մտան նաև միջազգային շուկա։ Այնուհետև 1-ինից 9-րդ դարերում տեղական դրամների գործածության մասին չկա ոչ մի հիշատակություն, փոխարենը գործածվում էին օտարերկրյա դրամները և դրամական միավորները։ Մեզ հասած առաջին դրամները, որոնց վրայի մակագրությունները կատարված են հայերեն լեզվով, հատվել են Բագրատունիների արքայատոհմի /885-1045 թթ./ Լոռվա ճյուղի թագավոր Կյուրիկե Բ-ի կողմից։ 885-1045 թթ. գոյություն ունեցած` Կիլիկյան Հայկական Պետությունը հատել է իր սեփական դրամը` նաև հայերեն մակագրությամբ։ Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։ Հայաստանի Առաջին Հանրապետության օրոք /1918-1920/ թողարկվել են “ռուբլի” անվանական արժեքով չեկեր և տեղական թղթադրամներ` կրկին “ռուբլի” անվանական արժեքով։ Թղթադրամների հիմնական մակագրությունները հայերեն էին։ Խորհրդային շրջանում շրջանառվել են ԽՍՀՄ դրամները։

    Անկախացումից հետո հաստատվեց ՀՀ ազգային արժույթը` դրամը։ Մեկ դրամը հավասար է 100 լումայի։ Իսկ ազգային արժույթ թողարկելու բացառիկ իրավունքը, համաձայն ՀՀ օրենքի, պատկանում է ՀՀ Կենտրոնական Բանկին, որը նաև կազմակերպում և կարգավորում է կանխիկ դրամաշրջանառությունը հանրապետության տարածքում։ ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ տրամադրած տեղեկատվության համաձայն` հայկական դրամը՝ 10, 25, 50, 100 և 200 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ, ներդրվել է 1993 թ. նոյեմբերի 22-ին ։ 1994 թ. ներդրվեցին 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով մետաղադրամները։

    Այնուհետև` 1994 թ . և 1995 թ. ներդրվել են ավելի մեծ՝ 500, 1000 և 5000 դրամ անվանական արժեքներով թղթադրամները։ 1998-99 թթ. թողարկվել են նոր նմուշի թղթադրամներ՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 դրամ անվանական արժեքներով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները։ ՀՀ կենտրոնական բանկը թողարկել է նաև հիշատակային մետաղադրամներ։

    1997թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 100 դրամ անվանական արժեքով “Չարենց-100” մետաղադրամը՝ պատրաստված պղինձ-նիկելի համաձուլվածքից։ 1997թ. ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկվել է 25000 դրամ անվանական արժեքով “Անահիտ” ոսկե դրամը, որը նվիրված է հայկական Անահիտ աստվածուհուն։

    2001 թվականի հունիսի 6-ին թողարկվել է ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ անվանական արժեքով, նվիրված Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700 ամյակին։

    Շրջանառության համար դրամանիշերի անվանական արժեքների օպտիմալ կազմի որոշման համար միջազգային պրակտիկայում առկա են մի շարք մեթոդներ, որոնցով առաջնորդվում է նաև ՀՀ կենտրոնական բանկը։ Երկրների հիմնական մասում կիրառվում է 1, 2, 5-ական համակարգը (10-20-50, 100-200-500 — այլն), որը համարվում է առավել հարմարավետ տնտեսության մեջ վճարումներ իրականացնելու համար։

    2003թ. ցածր անվանական արժեքներով թղթադրամները՝ 10-500 դրամ անվանական արժեքներով, փոխարինվեցին մետաղադրամներով։ Պատճառն, ըստ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից մեզ տրամադրած տեղեկատվության, այն էր, որ ցածր անվանական արժեքներով դրամանիշերը, արագ են շրջանառվում՝ հետևաբար թղթադրամները շուտ են մաշվում, ինչը բերում է մեծ ծախսերի և շրջանառության մեջ գերմաշված թղթադրամների առկայության։

    1993թ. թողարկման 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամների դուրս բերումը շրջանառությունից պայմանավորված է շրջանառության մեջ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով մետաղադրամների ներդրման հանգամանքով։ 1994-95թթ. թողարկման 1000 և 5000 դրամ անվանական արժեքով թղթադրամների հետ կանչումը պայմանավորված է շրջանառության մեջ նոր թողարկման թղթադրամների ներդրմամբ։ Վերջիններս ունեն հնից տարբերվող դիզայն և առավել լավ են պաշտպանված։

    Շրջանառությունից հետ կանչված բոլոր թղթադրամները ենթակա են փոխանակման ՀՀ ԿԲ-ում և ՀՀ տարածքում գործող բոլոր առևտրային բանկերում (մասնաճյուղերում)։

    ՀՀ թղթադրամների և մետաղադրամների թողարկումն իրականացվում է մրցութային կարգով։ Ըստ գործող կարգի, թղթադրամների տպագրման և մետաղադրամների հատման նպատակով անցկացվող մրցույթներին կարող են մասնակցել միայն միջազգային ստանդարտներին համապատասխանող այն տպարանները, որոնք թողարկում են եվրո թղթադրամներ և հատում եվրո մետաղադրամներ։ ՀՀ թղթադրամները և մետաղադրամները թողարկվում են այն քանակությամբ, որն անհրաժեշտ է Հայաստանում կանխիկ դրամաշրջանառության ապահովման համար։

    ՀՀ դրամն ունի իր խորհրդանշանը, որն ընտրվել է մրցութային սկզբունքով։ Խորհրդանշանի նպատակն է գրառումներում‚ ՀՀ դրամ բառը ներկայացնել կրճատ տեսքով։

    ՀՀ դրամանիշերի դիզայնի ընտրություն նույնպես իրականացվում է մրցութային եղանակով։ Որևէ շարքի կամ թեմատիկայի վերաբերյալ հուշադրամների թողարկման նախապատրաստական աշխատանքներում ներգրավվում են համապատասխան ոլորտի ներկայացուցիչներ՝ գրականագետներ, նկարիչներ, ճարտարապետներ և այլն։ Դիզայնի առանձին տարրերի կիրառումը պայմանավորված է դրամանիշերի տպագրման (դրամահատման) տեխնոլոգիական առանձնահատկություններով։

    ՀՀ կենտրոնական բանկը մտահոգված է նաև հայկական դրամի` դրամակեղծումներից պաշտպանության հարցով։ Դրամակեղծումներից ՀՀ դրամը պաշտպանելու համար կիրառվում են առաջատար պաշտպանական հատկանիշներ։ Ներկայումս իրականացվում է ՀՀ թղթադրամների նույնականացում՝ բոլոր թղթադրամների վրա նույն տեղում կիրառվում են նույն պաշտպանական հատկանիշերը, նույնականացվում է բոլոր թղթադրամների դիզայնների տարրերը։ Նույնականացման նպատակն է հեշտացնել սպառողների կողմից թղթադրամների ստուգումը և ճանաչելիությունը։ 2011թ. արդեն շրջանառության մեջ է դրվել “նորացված” 1000 դրամ անվանական արժեքով ՀՀ թղթադրամը, 5000, 10000 և 20000 դրամ անվանական արժեքներով “նորացված” ՀՀ թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն 2012թ. ընթացքում։

    Կարեն Վարդանյան

    «Դե ֆակտո» ամսագիր

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս