10:42:15 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գորիսում ոստիկանական կոշտ քայլերը հակառակ էֆեկտն ունեցան. ովքեր տատանվում էին՝ Առուշանյանի օգտին քվեարկեցին. քաղաքագետ

    01:40 19 Հոկտեմբեր 2021

    Իշխող կուսակցության վարկանիշն անցած ամիսների ընթացքում նվազել է և շարունակում է նվազել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:

    Նշենք, որ Հայաստանի 6 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փաստացի պարտվեց 3 խոշոր քաղաքներում՝ Գորիսում, Մեղրիում և Գյումրիում,սա այն դեպքում, երբ ընդամենը ամիսներ առաջ` խորհրդարանական արտահերթ ընտրություններում, ՔՊ-ն բացարձակ առաջատար էր գրեթե բոլոր քաղաքներում և մարզերում:

    Ընտրություններին նախորդած ամիսների ընթացքում իշխանության վարկանիշը նվազել է, բացի դա, քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմն անընդհատ խորհրդարանական ընտրությունների ընթացքում շահարկում էին նախկինների վերադարձը, որը հաջողությամբ աշխատում էր, իսկ ՏԻՄ ընտրությունների դեպքում այդ գործոնը չաշխատեց.

    «Այս անգամ հասարակության համար վախենալու «բոբոյի» կերպար ստեղծելը բարդ էր, այստեղ մարդիկ ավելի պրագմատիկ են ընտրություն կատարում, բնականաբար, գործող իշխանությունը չէր կարող իրական դաշտում հաղթել, ինչն էլ վերագրվեց երեք ամենախոշոր համայնքներին»,-ասաց զրուցակիցը:

    Նկատենք, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, որի դեպքում ողջ քարոզարշավն իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, համայնքների դեպքում քարոզարշավ իրականացնելու պարտականությունն «ստանձնել էին» ՔՊ-ական պատգամավորները:Ողջ քարոզարշավի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները քաղաքապետի իրենց թեկնածուների հետ միասին շրջել են քաղաքներում և քարոզարշավ իրականացրել:

    Հարցի՞ն՝ արդյոք այն հանգամանքը, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանն անձամբ չէր մասնակցում քարոզարշավին, որևէ ազդեցություն ունեցել է ընտրության արդյունքների վրա, զրուցակիցը պատասխանեց.

    «Չեմ կարծում, դա էական նշանակություն է ունեցել, չէր կարող Նիկոլ Փաշինյանն անձամբ գնալ Գորիս և գոռգոռալ, որ Գորիսի քաղաքապետին «փռելու է ասֆալտին, ծեփելու է պատերին»:Այսինքն՝ քանի որ այդ գործոնը չկար, որ «հեսա թալանածը բերելու ենք, հետ բաժանենք», իշխող քաղաքական ուժը պարտվեց, չեմ կարծում, եթե Նիկոլ Փաշինյանն անձամբ քարոզարշավ աներ, դրանից ինչ-որ բան էր փոխվելու»:

    ՏԻՄ ընտրությունները հատկապես լարված անցան Գորիսում, որտեղ հիմանական մրցակցությունն ընթանում էր Գորիսի գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանի և ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի միջև:

    Ընտրություններին ընդառաջ Գորիս էին բերվել ոստիկանական մեծաթիվ ուժեր, բերման ենթարկվեցին «Առուշանյան» դաշինքի անդամները, խուզարկություն իրականացվեց նրանց դաշինքի շտաբում, դաշինքը գլխավորող Առուշ Առուշանյանը ողջ քարոզարշավի ժամանակ եղել է կալանավայրում: Չնայած այս անհավասար պայքարին՝ Առուշանյանը կրկնակի ձայներով հաղթեց ՔՊ-ական թեկնածուին:

    Քաղաքագետի արձանագրմամբ՝ իշխող քաղաքական ուժի համար ակնհայտ էր, որ պարտվում են, ուստի փորձել են վերջին օրերին ահաբեկումներով, ոստիկանական ուժերով իրավիճակը շտկել, փոխել իրենց օգտին, ինչն էլ հակառակ ազդեցությունն է ունեցել.

    «Ոստիկանական կոշտ քայլերը հակառակ էֆեկտն ունեցան, նույնիսկ նրանք, ովքեր տատանվում էին, գնացին և Առուշանյանի օգտին քվեարկեցին: Ամբողջ հանրապետությունում է դա հակառակ ազդեցությունն թողնում, ուղղակի ընտրություններն այստեղ էին և դա ակնառու դարձավ: Նույնն էլ ամբողջ Հայաստանում է, մենք տեսել ենք ցուցարարների նկատմամբ կիրառած ոստիկանական կոպիտ ուժը, դրանք հակառակ էֆեկտն են ունենում, այդ պատճառով է, որ իշխանությունների վարկանիշը գահավիժում է»,-ասաց զրուցակիցը:

    Ըստ նրա՝ Գորիսում իշխանության հաղթանակը նաև գորիսեցիների պատասխանն էր իշխանության վարած քաղաքականությանը, որի հետևանքով էլ լուրջ անվտանգային խնդիրներ են ստեղծվել Գորիսում և ողջ Սյունիքում.

    «Եթե ադրբեջանցիները գալիս են և Գորիսի համար անվտանգային խնդիրներ են ստեղծում, ապա իրականում դա միայն Գորիսի խնդիրը չէ, այլ ամբողջ Հայաստանի խնդիրն է։ Շատ ցավալի է, որ, օրինակ, դիլիջանցիներին թվում է՝ թե այդ սպառնալիքը միայն Սյունիքին է վերաբերում, իրենց չի վերաբերում։ Այս հատվածական մտածողությունը, ցավոք սրտի, մեզնում կա: Սա էլ իշխանությունների 3.5 տարվա գործունեության բացասական հետևանքներից է, որ հասարակությանը բաժանում էին սևերի-սպիտակների»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս