12:48:37 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան

    22:07 28 Հունվար 2023

    Արեւմուտքում շատ լավ պետկերացնում են, որ առանց արտաքին ուժի ներկայության Լեռնային Ղարաբաղում հայերի համար որեւէ երաշխիք լինել չի կարող, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, թե Ալիեւն ինչ ռեժիմ է կերտել իր պետության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

    Նրա խոսքով, ինքնորոշման փոխարեն Արցախի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների մասին թեզերը Արեւմուտքի կողմից սկսեցին կիրառվել բացառապես այն բանից հետո, երբ Հայաստանը դրա հետ համաձայնեց. «Այսինքն Արցախի իրավունքների մասին խոսելիս իրենք խոսում են անվտանգության ու ազատ տեղաշարժի իրավունքի մասին, ոչ թե ազգերի ինքնորոշման մասին, որի մասին 30 տարի արցախցիները խոսել են: Հիմա իրավիճակը փոխվել է:

    Բանն այն է, որ Թուրքիան ամբողջությամբ կանգնած է Ադրբեջանի թիկունքին: Ավելին, բոլոր տեսակի միջազգային ու դիվանագիտական ճնշումների մի մասը Թուրքիան վերցնում է իր վրա եւ ասում է Ալիեւին՝ եթե ինչ-որ հարցով քեզ կզանգեն, կասես, թող ինձ զանգեն, ես բոլոր խնդիրները կկարգավորեմ, դու գնա մեր պանթուրքիստական ընդհանուր գաղափարը մղի առաջ, միջանցքի հարցը լուծի, ինչով պետք է՝ ես քեզ կաջակցեմ, այդ թվում զինված գործողություններով»,-ասաց Սուրեն Սարգսյանը:

    Հարցին, թե եթե Արեւմուտքին հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, այդ բացը ո՞վ է լրացնելու, նա պատասխանեց. «Լրացնելու է Թուրքիան, որովհետեւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ներգրավվածություն չունի, հեռու է, կարիք էլ չունի այստեղ ունենալու զինված ներկայություն: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից: Եվ ինչու պետք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր մյուս բարեկամ Ադրբեջանից: Երրորդը, մենք պետք է հասկանանք, թե որքանով ճիշտ կլինի Հայաստանում ունենա ամերիկյան ռազմական ներկայություն՝ հաշվի առնելով իրանական գործոնը: Այդ դեպքում Հայաստանը կդառնա տարբեր պետությունների ագրեսիվ խաչման կետ, Սիրիա, ինչը ես շատ քիչ հավանական եմ համարում: Այսինքն ԱՄՆ զինված ուժերը Հայաստանում լինելու հեռանկար չունի, որովհետեւ իրենք կարող են այդ հարցերը լուծել իրենց ռազմավարական դաշնակիցների միջոցով: Օրինակ, արաբական աշխարհում ամերիկյան շահերը սպասարկում է Իսրայելը, մեր տարածաշրջանում ամերիկյան շահերը կարող է սպասարկել Թուրքիան: Այո, պրոբլեմատիկ ու անկանխատեսելի դաշնակից է, բայց  դաշնակից է, նաեւ բնական դաշնակից է»:

    Նրա խոսքով, ԱՄՆ-ում էլ են հասկանում, որ ռուս-թուրքական մրցակցությունը միշտ եղել է եւ լինելու է. «Այլ հարց է, թե տարածաշրջանում ինչ կփոխվի, եթե Ռուսաստանը փորձի մեծացնել իրանական գործոնը, որպեսզի կարողանա հակակշռել թուրքական ազդեցությանը, որովհետեւ Թուրքիան իրոք լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար»:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ