11:17:03 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են գերիներին հայրենիք վերադարձնելու հարցը

    11:21 3 Դեկտեմբեր 2021

    Դեկտեմբերի 2-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԱԳ նախարարական համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ։

    ԱԳՆ-ից  հայտնում են, որ ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության դինամիկայի կապակցությամբ՝ այդ առումով նշելով նաև խորհրդարանական մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։

    Նախարար Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարմանն ուղղված հումանիտար օգնության տրամադրման համար։

    Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված հերթական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրան հետևած վերջին զարգացումները։

    Մտքեր են փոխանակվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության տևական և համապարփակ կարգավորման վերաբերյալ։

    Ընդգծվել է նաև ռազմագերիների ու այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման, միջազգային կառույցների՝ Արցախ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս