12:27:32 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կցանկանամ հերքվի, որ մակագրման համակարգին միջամտություն չի եղել, բայց կասկածներ ունեցել եմ, որ իրականում միջամտություն եղել է. այսպես ասած՝ հոտառությունն ինձ չի դավաճանում. Վարդազարյան

    21:30 18 Հոկտեմբեր 2021

    Գործերի էլեկտրոնային բաշխման համակարգում հնարավոր միջամտությունների վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը դեռևս չի հրավիրվել հարցաքննության, սակայն դեմ չէ՝ որոշակի տեղեկություն ունենալու գործի քննության ընթացքի վերաբերյալ։ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե երբ կվերադարձվի մակագրման համակարգը, որովհետև սերվերը պահելը նախաքննական մարմնում և չվերադարձնելն ակնհայտ ճնշում է՝ դատական համակարգի նկատմամբ։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ այս գործով ևս փորձեն սլաքներն իր դեմ ուղղել՝ նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործի հարուցումը եղել է ապօրինի, չի հաղթահարվել անձեռնմխելիությունը, և չի բացառվում, որ գործի վարույթը հետագայում կարող է կարճվել, հետեւապես գուցե նոր մեղադրանք առաջադրվի Վարդազարյանին՝ ԲԴԽ-ից նրան հեռու պահելու համար՝ Ռ.Վարդազարյանը նկատեց՝ չի կասկածում, որ ամեն ինչ անելու են, որ հնարավորինս ուշ վերականգնվի ԲԴԽ պաշտոնում, սակայն վստահեցնում է՝ կհիասթափվեն։

    Ինչ վերաբերում է մակագրման նոր համակարգի ներդրման մասին հայտարարություններին, Վարդազարյանը նշեց, որ դրա ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ խոսակցությունները, առաջին բարձրաձայնումը, քայլերի կատարումը արվել է իր նախագահության օրոք, համակարգը հին էր, բավականին խնդիրներ ուներ և թարմացնելու անհրաժեշտություն կար, բայց դա որևէ կերպ չի նշանակում առգրավվել և համակարգը թողնել առանց պատահականության սկզբունքով մակագրության։
    «Այն, որ համակարգը անհրաժեշտ էր վերազինելել, դրանում՝ կասկած չկար, բայց առանց գործողը վերցնելու»,-նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ համակարգը վերազինելն անհրաժեշտություն էր, բայց ոչ ամբողջ դատական իշխանության համակարգը կազմալուծելու գնով։

    Վարդազարյանի խոսքով՝ եթե նախաքննության ընթացքում հայտնաբերվեն որոշակի միջամտություններ մակագրման գործընթացում, շատ ուրախ կլինի, եթե մեղավորները պատասխանատվություն կրեն։ Ավելին՝ մակագրումների ընթացքում հնարավոր միջամտությունների հնարավորության կասկածներ միշտ ունեցել է նաև Ռուբեն Վարդազարյանը. «Ինքս փորձել եմ ինձ համար գոնե ճշտել, երբեք դա ինձ չի հաջողվել»։ Իսկ թե ինչով էր պայմանավորված կասկածները՝ Վարդազարյանը նշեց, որ հիմա կդժվարանա ասել, դա նկատել է դեռևս Կենտրոն դատարանի նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ աշխատելիս, միշտ նման կասկածներ եղել են, իսկ փաստ ունենալու դեպքում հանցագործության մասին հաղորդում կներկայացվեր, ծառայողական քննություն կիրականացվեր, նման փաստ երբևէ չի ունեցել։

    «Գիտեք, մոտեցումներս երկակի են։ Կցանկանամ, որ հերքվի, պարզվի, որ միջամտություն չի եղել։ Եթե պարզվի, որ միջամտություն է եղել, համակարգի համար շատ բացասական եմ գնահատում, բայց որպես անհատ՝ Ռուբեն Վարդազարյան, պետք է նշեմ, որ, այսպես ասած, հոտառությունն ինձ չի դավաճանում »,- նշեց Վարդազարյանը։
    Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, Վարչական և Սնանկության դատարաններում գործերի՝ էլեկտրոնային բաշխման համակարգերը, ինչի հետևանքով արդեն չորս ամիս է, ինչ մակագրումներն իրականացվում են դատարանների նախագահների կողմից՝ «ձեռքով»։

    Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ