12:23:12 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունաստան-Բուլղարիա նոր գազատարը «նշանակում է ազատություն». Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

    23:48 1 Հոկտեմբեր 2022

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը այցելել է հույն-բուլղարական գազատարի բացման արարողությանը` ընդգծելով Ռուսաստանից էներգակիրների ներմուծմանը ապավինելը դադարեցնելու ԵՄ-ի վճռականությունը, հայտնում է AP-ն:

    Ելույթ ունենալով Սոֆիայում կայացած արարողության ժամանակ՝ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ողջունել է խողովակաշարը որպես կարեւոր ներդրում՝ սահմանափակելու «իր գազի եւ նավթի պաշարները ԵՄ-ին շանտաժի ենթարկելու կամ պատժելու համար օգտագործելու Ռուսաստանի կարողությունը»: «Այս գազատարը փոխում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված իրավիճակը։ Այս նախագիծը նշանակում է ազատություն»,- ասել է ֆոն դեր Լյայենը՝ նշելով, որ Եվրահանձնաժողովը գրեթե 250 միլիոն եվրո է հատկացրել նախագծի ֆինանսավորման համար։

    Հուլիսին ավարտված Հունաստան-Բուլղարիա գազատարի նշանակությունը զգալիորեն աճել է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումից հետո։

    «Բուլղարիայում եւ ամբողջ Եվրոպայում մարդիկ զգում են Ռուսաստանի հետ պատերազմի հետեւանքները: Բայց նման նախագծերի շնորհիվ Եվրոպան բավականաչափ գազ կունենա ձմռան համար»,- վստահեցրել է ֆոն դեր Լյայենը։ «Եվրոպան ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Ռուսաստանից կախվածությունից ազատվելու համար։ Դա քաղաքական կամքի խնդիր է»:

    182 կմ երկարությամբ խողովակաշարն անցնում է Հունաստանի հյուսիսարեւելյան Կոմոտինի քաղաքից, որտեղ այն միանում է Տրանսադրիատիկ գազատարին, մինչեւ կենտրոնական Բուլղարիայի Ստարա Զագորա: Ծրագրերը նախատեսում են տարեկան 3 միլիարդ խորանարդ մետր գազի սկզբնական հզորություն՝ ապագայում մինչեւ 5 միլիարդ խորանարդ մետրի ընդլայնման հեռանկարով:

    Նախագծի բուլղարացի ղեկավար Թեոդորա Գեորգիեւան ասել է, որ խողովակաշարը կօգնի գազ մատակարարել հարավարեւելյան Եվրոպայի այլ երկրներ: «Մենք հնարավորություն ունենք գազ մատակարարել Արեւմտյան Բալկաններ, ապահովել Մոլդովային եւ Ուկրաինային մատակարարումները»,- ասել է Գեորգիեւան։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ