22:23:11 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերջին տարիներին առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են. Անահիտ Ավանեսյան

    22:24 24 Սեպտեմբեր 2021

    Հայաստանի առողջապահական համակարգի առաջիկա բարեփոխումները լայն քննարկման առարկա դարձնելու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում հանրապետության բուժհաստատությունների տնօրենների հետ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

    Ողջունելով ներկաներին` նախարարն ընդգծել է, որ կառավարության հնգամյա ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացման համար ոլորտի փորձառու մասնագետների հետ քննարկումները չափազանց կարևոր են:

    «Կարծում եմ`ընթացիկ աշխատանքային քննարկումների և հարցերը ճիշտ ժամանակին վերհանելու միջոցով լուծումներ գտնելու մոտեցումը կօգնի մեզ առաջ շարժվելու. առանց դրա դժվար է պատկերացնել որևէ բարեփոխում»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

    Խոսելով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման մասին` Ավանեսյանը տեղեկացրել է, որ մեկ ամսվա ընթացքում հանրային քննարկման կներկայացվի առողջության ապահովագրության ամփոփված հայեցակարգը, որի ներդրումը համալիր գործընթաց է լինելու: Մասնավորապես`ֆինանսական միջոցների ծավալի մեծացումը կուղեկցվի առաջիկա տարիներին ապահովագրության տարբեր բաղադրիչների մասով ծավալուն բարեփոխումներով`էլեկտրոնային առողջապահության ներդրում, որակի չափանիշների սահմանում և դրանց շարունակական մոնիտորինգ, տեսչական մարմինների աշխատանքի վերանայում, լիցենզավորման և մասնագիտական զարգացման ինստիտուտի ներդրում և այլն:

    «Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը`մտքերի փոխանակման, առկա խնդիրների օբյեկտիվ գնահատականը մեզ փոխանցելու, համակարգի ճիշտ ներդրման գործիքներ մատնանշելու իմաստով»,-ասել է նախարարը:

    Անահիտ Ավանեսյանը կարևորել է պետական միջոցների կենտրոնացմամբ` առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման միջոցով բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխումը: Այդ նպատակով առաջիկայում կապիտալ ծախսերի գերակա մասը կուղղվի մարզային պոլիկլինիկաների ամբողջական վերանորոգմանն ու վերազինմանը:

    Նախարարն անդրադարձել է նաև պետպատվերի ծավալներին` նշելով, որ վերջին տարիներին օբյեկտիվ հիմքերով առողջապահության համակարգը աշխատել է գերծանրաբեռնված, սակայն պետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը`աճել են, և այդ աճը շարունակական է լինելու:

    Միաժամանակ, նախարարն ընդգծել է առկա և հատկացվելիք ռեսուրսներն ըստ հասցեական օգտագործելու անհրաժեշտությունը` արդյունավետության բարձրացման նկատառումներով:
    Բուժհաստատությունների տնօրեններն իրենց աջակցությունն են հայտնել այդ բարեփոխումներին, հնչեցրել իրենց առաջարկները:

    Հանդիպման վերջում Անահիտ Ավանեսյանը խոստացել է, որ բարեփոխումների տարբեր փուլերում նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս