08:47:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի Գետավան համայնքի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ

    17:18 4 Դեկտեմբեր 2022

    Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում: Այս մասին NEWS.am-ին  հայտնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

    «Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։

    Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։

    Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։

    Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։

    Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։

    Ըստ նախնական տեղեկությունների, Քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։

    Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։

    Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»,- հայտնում են ԱՀ Ոստիկանությունից։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս