01:26:19 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես դրա մասին ոչինչ չեմ լսել. Խաչանովը՝ Արցախին աջակցող հաղորդագրությունները դադարեցնելու մասին

    00:45 27 Հունվար 2023

    Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Կարեն Խաչանովն ասում է, որ թենիսի առաջնության կազմակերպիչները իրեն չեն ասել, որ դադարեցնի Արցախին աջակցող ուղերձներ գրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ավստրալիական 7News պարբերականը:

    Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի 26-ամյա թենիսիստը խաղից հետո հեռուստատեսային տեսախցիկի օբյեկտիվի վրա գրել է այնպիսի հաղորդագրություններ, ինչպիսիք են՝ «Ամո՛ւր մնա, Արցախ» և «Շարունակի՛ր հավատալ մինչև վերջ: Արցա՛խ, դիմացի՛ր»։

    Լրատվամիջոցը նշում է, որ այսպիսով Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, որը մեկ ամիս է՝ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է:

    «Ես հայկական արմատներ ունեմ հայրական կողմից, պապիկիս, նույնիսկ մորս կողմից, ես կիսով չափ հայ եմ: Ես պարզապես ուզում էի իմ ժողովրդին ցույց տալ ուժ և աջակցություն», - քառորդ եզրափակիչից հետո ասել է Խաչանովը լրագրողներին:

    Կարեն Խաչանովի հաղորդագրություններն Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի զայրույթն են առաջացրել: Նրանք Խաչանովի գործողությունները որակել են որպես «ատելության գործողություն» և գրություն են ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիային՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել թենիսիստի դեմ:

    Սակայն Խաչանովին ոչ ոք չի ասել, որ նա դադարեցնի հաղորդագրություններ գրելը:

    «Ես դրա մասին ոչինչ չեմ լսել, առայժմ ոչ», - ասել է Խաչանովը:

    Խաչանովին է միացել նաև Մելբուրնի հայ համայնքը, որը Ավստրալիայի բաց առաջնությանն է եկել Արցախի դրոշներով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս