15:27:13 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կընդլայնվի հայ-սերբական մշակութային համագործակցությունը

    17:37 9 Դեկտեմբեր 2021

    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության հնարավորությունները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:

    Պատվիրակության կազմում էին Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող Սաշա Սրեչկովիչը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը մասնակցել են նույն վարչության մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը և գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը:

    Աստղիկ Մարաբյանը ողջունել է հյուրերին և նշել, որ հանդիպումը մշակութային երկխոսության նոր հնարավորությունների առիթ կդառնա:
    Ինչպես իրազեկել են սերբ գործընկերները, նրանք արդեն եղել են Սարդարապատի հուշահամալիրում, այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ծանոթանալ թանգարանների գործունեությանը:

    Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչի խոսքով՝ իրենք մշակութային համագործակցության բազմաթիվ ուղղություններ են տեսնում. մասնավորապես` ժողովրդական արվեստների ցուցահանդեսների կազմակերպում, թանգարանային ֆոնդերի պահպանության և փորձագետների փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործության ոլորտի վարպետների ուսուցողական հանդիպումներ:

    Պատվիրակության անդամները նշել են, որ Սերբիան վերջերս է վավերացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, և այդ շրջանակում առաջարկել են համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում համատեղ հայտ գրանցելու ուղղությամբ:

    Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-սերբական մշակութային կապերը գրահրատարակչության ոլորտում զարգացնելու հեռանկարները: Կողմերը փաստել են, որ հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են` համապատասխանաբար սերբերենից հայերեն և հակառակը, ինչը երկու ժողովուրդների մերձեցման և փոխճանաչման լավ միջոց է:

    Սերբ գործընկերները նաև իրենց հիացմունքն են հայտնել հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին, որոնք վկայում են հայերի՝ հնագույն ազգ լինելու մասին: Այս համատեքստում քննարկվել են նաև մշակութային տուրիզմի զարգացման ուղիները:

    Հանդիպման ավարտին որոշվել է հստակեցնել փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպման մանրամասները և ժամանակացույցը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս