15:27:39 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թող այդ թուղթը մեզ ցույց տա, և մենք որոշենք՝ ստորագրենք, թե ոչ. Կարին Տոնոյան

    18:34 23 Նոյեմբեր 2021

    Այսօր ժամն է հնչեցնելու Հայաստանի բոլոր եկեղեցիների զանգերը, որովհետեւ այսօր վտանգի տակ է ամենաթանկը՝ մեր հայրենիքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժում» նախաձեռնող խմբի հավաքի ընթացքում ասաց «5165» կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը։

    «Երեկ մենք պահանջում էինք բացել այն փաստաթուղթը, որը պատրաստվում են ստորագրել, այսօր մենք տեսանք, որ պաշտոնապես դիմեցին Ռուսաստանին, որ ռուսները միջնորդեն առանց նախապայմանների հաշտություն կնքվի թուրքերի հետ: Մեր հին ցավին մի նոր ցավ ու տագնապ առաջացավ. Էդ ի՞նչ առանց նախապայմանների, այդ ինչ պայմաններ եք մի կողմ դնելու: Ես չեմ պատրաստվում հրաժարվել որևէ կտոր հողից: Մեր հայրենիքի կորո՞ւստն եք արձանագրելու:

    Այո, այսօր մենք կանգնած ենք այս հայրենիքը կորցնելու վտանգի առաջ, բայց չի նշանակում, որ այդ վտանգից պետք է կորցնենք մեր ամբողջ հայրենիքը կամ այս մի կտորը պահելու համար պետք է տանք ամբողջը, ինչպես իրենք են իրենց մտքերում արձանագրում: Չի կարող այդպիսի բան լինել՝ մարդն իր ձեռքը փրկելու համար ամբողջ մարմինը չի տալիս»,- ասաց Կ. Տոնոյանը:

    Նա նշեց, որ գնալու են մինչև վերջ՝ մինչև երկիրը չազատեն այս ազգադավներից:

    «Ես որևէ մեկին թույլ չեմ տա բանակցել իմ որդու արյամբ պահած թեկուզ մեկ կտոր հողի համար և դիմում եմ բոլորին՝ գիտնականին, գյուղացուն, ուսուցչին, բժշկին, շինարարին՝ դուք բոլորդ մեկ կտոր հողի վրա եք ապրում, այդ ձեր տան կտորի համար յուրաքաչյուրը պետք է պայքարի:

    Իմ թոռնիկը պետք է ազատ Հայաստանում ապրի, որովհետև իր հայրն է պահել այդ հայրենիքը»,- ասաց Արցախի անմահացած հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը:

    Նա ընդգծեց, որ որևէ մի փաստաթուղթ որևէ իշխանավոր  իրավունք չունի ստորագրելու, եթե ժողովուրդն իրեն չի տվել այդ իրավունքը:

    «Սահմանադրությամբ մեր իրավունքն է՝ տարածքներին վերաբերող յուրաքանչյուր հարց պետք է հանրաքվեով անցնի: Ուրեմն բացեք այդ փաստաթուղթը: Այդ վարչապետը թող ոչ մի թուղթ մեր փոխարեն չստորագրի, թող այդ մեծ պատասխանատվությունը չվերցնի իր վրա: Մենք իրեն ազատում ենք այդ մեծ հոգսից: Թող այդ թուղթը մեզ ցույց տա, և մենք որոշենք՝ ստորագրենք, թե ոչ:

    Մեր վարչապետ կոչվածին կոչ ենք անում՝ դուրս արի այստեղ: «Լայվի» հետևում մի թաքնվեք, դուրս եկեք ու առանց ոստիկանների կանգնեք ժողովրդի մեջ ու պատասխանեք մեր հարցերին: Միայն այդպես կարող ենք լսել ձեր պատասխանները, հակառակ դեպքում ձեր պատասխանները միայն ձեր սարքովի հարցերի, ֆեյքերի հարցերի համար է:

    Այլևս չկա այդ միամիտ ժողովուրդը, ձեզ այլևս ոչ ոք չի հավատում այս երկրում»,- ասաց Կարին Տոնոյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս