04:27:44 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քանի դեռ չունենք ազգային իշխանություն, այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա. Արսեն Բաբայան

    21:13 2 Հուլիս 2022

    «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը գրում է. 

     

    «Տեղապտույտը հենց ձեր «խաղաղության» օրակարգն է

     

    ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքում խոսելով հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերություններից նշել է, թե մենք հիմա ապրում ենք կարծրատիպով, որ հնարավոր չէ խաղաղ ապրել թուրքերի և ադրբեջանցիների հետ: Նա խորհուրդ է տվել կոտրել այդ կարծրատիպը: Միաժամանակ ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահության ֆորմատը, մասնավորապես պատճառաբանելով, թե ամերիկացի և ֆրանսիացի համանապագահները պարզապես չեն կարողանում կամ չեն ուզում շփվել ռուս համանախագահի հետ:

     

    «Կարծրատիպը» կոտրելու անհրաժեշտությունը Թորոսյանը պայմանավորել է տեղապտույտից դուրս գալու անհրաժեշտությամբ: Մինչդեռ, պատմությունը ցույց է տվել, որ տեղապտույտը հենց այս անհեռատես օրակարգն է, որ մշտապես ունեցել ենք ու անհաջողության ենք մատնվել: Հայտնի է բոլոր ժամանակներում լսված՝ «էս թուրքերն էն հին թուրքերը չեն: Սրանք լրիվ նոր ու քաղաքակիրթ թուրքեր են»: Այս պատմական փաստի մասին մի հրաշալի ներկայացում ունի նաև Վարդան Պետրոսյանը: Նա շատ պատկերավոր ներկայացնում է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել, երբ մեր պատմության ընթացքում բոլոր ժամանակների ՔՊ-ականները այսպես են փորձել կառուցել մեր հարաբերությունները թուրքերի հետ:

     

    Ես մշտապես պնդել եմ, որ խաղաղությունն իսկապես անհրաժեշտություն է, սակայն այն չի կարող գոյություն ունենալ, երբ քեզ պարտադրում են, իսկ դու՝ մուրում: Արսեն Թորոսյանի իշխանությունն ապացուցել է, որ այդ խաղաղություն կոչվածն իրենք, մեր անունից, մուրում են: Իսկ համաշխարհային պատմության բոլոր վկայությունները հաստատապես փաստում են, որ չի կարող գոյություն ունենալ պարտադրանքի լեզվով խաղաղություն: Դրանք հակադրություններ են, բնությանն ու քաղաքակրթությանը դեմ սպասելիքներ:

     

    Եվ ուրեմն, քանի դեռ չունենք ազգային իշխանություն, որը կկարողանա իրապես ապահովել արժանապատիվ և մեզ համար երաշխավորված անվտանգ խաղաղություն՝ այս պատմական տեղապտույտից մենք այդպես էլ դուրս չենք գա»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս