15:18:04 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գների սահմանափակում մտցնել

    01:02 6 Հոկտեմբեր 2022

    Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթի գների սահմանափակում եւ այլ նոր պատժամիջոցներ մտցնել, հայտնում է AP-ն։

    ԵՄ-ում Չեխիայի նախագահության պաշտոնական հայտարարության համաձայն՝ դիվանագետները Բրյուսելում համաձայնություն են կնքել, որը ներառում է նաեւ ԵՄ-ից Ռուսաստան օդանավերի պահեստամասերի արտահանման սահմանափակումներ եւ երկրից պողպատի ներմուծման սահմանափակումներ:

    ԵՄ-ն արգելք կսահմանի ծովային ճանապարհով այլ երկրներ ռուսական նավթի վերին սահմանաչափից բարձր գնով փոխադրման վրա, որը G7-ի երկրները ցանկանում են սահմանել մինչեւ դեկտեմբերի 5-ը, երբ ուժի մեջ կմտնի ռուսական նավթի մեծ մասի վրա ԵՄ էմբարգոն: Կոնկրետ գինը դեռ որոշված չէ։

    Գները սահմանելու վերաբերյալ համաձայնության հասնելը հեշտ չի եղել, քանի որ ԵՄ մի քանի երկրներ մտավախություն են ունեցել, որ դա վնաս կհասցնի իրենց նավագնացության ոլորտին: Պատժամիջոցների մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի հինգշաբթի։

    Պատժամիջոցների նոր փաթեթն անցյալ շաբաթ առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ։

    Նոր պատժամիջոցները ներառում են նաեւ այնպիսի ապրանքների «ներմուծման ընդլայնված արգելք», ինչպիսիք են պողպատե արտադրանքը, փայտի զանգվածը, թուղթը, մեքենաները եւ կենցաղային տեխնիկան, քիմիական նյութերը, պլաստիկը եւ ծխախոտը:

    Ուժի մեջ կմտնի նաեւ ռուսական կազմակերպություններին ՏՏ, ինժեներական եւ իրավաբանական ծառայությունների մատուցման արգելքը։

    ԵՄ-ի միջոցներն առայժմ ներառում են Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների սահմանափակում, ռուսական կազմակերպությունների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի հետ ֆինանսական գործարքների արգելք, եւ ավելի քան 1000 մարդու եւ 100 կազմակերպությունների ակտիվների սառեցում:

    Ռուսական նավթամթերքների մեծ մասի վրա ԵՄ պլանավորված արգելքը կարող է ստիպել Ռուսաստանին նվազեցնել գները՝ նոր գնորդներ գտնելու համար: Նավթ արդյունահանող ՕՊԵԿ-ի երկրները չորեքշաբթի հանդիպում են անցկացնում, որպեսզի քննարկեն արդյունահանման կրճատումը նավթի գների բարձրացման համար, ինչը կօգնի Ռուսաստանին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս