10:40:29 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մրցույթին մասնակցած 1 ընկերությունն է որոշել ուղեվճարի չափը. պարզաբանում՝ Գառնիում տրանսպորտի թանկացման վերաբերյալ

    00:46 6 Հոկտեմբեր 2022

    Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է, թե ինչու է թանկացել Գառնի համայնքը սպասարկող հանրային տրանսպորտի արժեքը։

    Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետեւաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի կողմից ներկայացված սահմանաչափով։

    «Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կայացել է 2021 թվականի հոկտեմբերի 29-ին, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերությունը։

    ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի 10.11.2021 թվականի N 2119-Ա հրամանով հաստատվել են Կոտայքի մարզի երթուղիների, այդ թվում՝ Գողթ-Գառնի-Երեւան երթուղու, փոխադրավարձերը եւ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպության ընտրության մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ին տրվել է Կոտայքի մարզի միասնական երթուղիների սպասարկման իրավունք։

    «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 11–րդ հոդվածի 5–րդ մասի համաձայն՝ երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ ներհամայնքային երթուղային ցանցը սպասարկող օպերատորի կողմից սպասարկվող երթուղիների, որոնց սպասարկումն իրականացվում է ավագանու սահմանած փոխադրավարձով:

    Բացի այդ՝ ՀՀ կառավարության 03.12.2020թ. թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգի 26-րդ կետի համաձայն՝ մրցույթին մասնակցող կազմակերպությունները մասնակցության հայտին կից մեկ ուղեւորի փոխադրավարձի մասին տեղեկատվությունը ներկայացնում են փակ ծրարով, որը բացվում է մրցույթի արդյունքները ամփոփելու ժամանակ։

    Նվազագույն գին ներկայացրած մասնակիցը կամ մրցույթի միակ մասնակիցը ստանում է սակագնի գնահատման առավելագույն միավոր։ Քանի որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ կազմակերպություն՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն, հետեւաբար մրցութային կարգի պահանջներին համապատասխան հաղթող ճանաչվելու արդյունքում երթուղիների փոխադրավարձերը սահմանվել են փոխադրողի կողմից ներկայացված սահմանաչափով»,– ասվում է նախարարության տված պարզաբանման մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս