16:23:50 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը․ ԲՏԱ նախարարություն

    22:45 1 Դեկտեմբեր 2023

    «Հայասաթ-1» առաջին մասնավոր նախաձեռնության արբանյակն արձակվել է տիեզերք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։

    Տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար կարևոր ուղղություն է: Վերջին տարիներին ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման և առաջընթացի համար:

     

    Կարևորելով տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության, գիտության, տեխնոլոգիական զարգացումը՝ 2020թ. մարտի 6-ին ընդունվեց Տիեզերական գործունեության մասին ՀՀ օրենքը՝ կարգավորելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտը: Օրենքը սահմանում է տիեզերական գործունեության շրջանակը, հիմնական սկզբունքները և հարկային արտոնություններ է տրամադրվում տիեզերական ընկերությունների համար:

    Տիեզերական գործունեությունը ՀՀ-ում լիցենզավորման ենթակա գործունեություն է, որը տրամադրում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

    2021թ. հոկտեմբերի 21-ին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրել է տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան:

    2023թ. սեպտեմբերի 7-ին տիեզերական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացավ նաև առաջին մասնավոր ընկերությունը՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը:

    Դեռ 2022թ. մայիսի 25-ին Հայաստանն արձակեց իր առաջին Armsat-1-ը Երկրի հեռակա դիտարկման արբանյակը և սկսեց երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։

    Այսօր էլ արդեն տիեզերք է արձակվել «Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակը:

    «Հայասաթ-1»-ի արձակումը հերթական քայլն է՝ Հայաստանում զարգացնելու տիեզերական գործունեությունը, տիեզերական սարքաշինությունը։ Սա նաև միջազգային համագործակցությունների, հայկական ինժեներական տաղանդի կարևոր փորձարկում է:

    Հատկանշական է, որ կարևորագույն այս իրադարձությունն իրականություն է դառնում մասնավոր ընկերության՝ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի շնորհիվ։

    Հայ ինժեներներն իրենց ուրույն դերն են ունեցել աստղագիտության և տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ուղղություններում։ Այս ծրագիրն այդ նվաճումները շարունակելու և նոր մակարդակի հասցնելու առաջին, բայց հաստատուն քայլն է` տիեզերական տերությունների շարքում Հայաստանի տեղորոշման համար։

    Շնորհավորում ենք «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի աշխատակիցներին, բոլոր նրանց, ում տաղանդի և կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը նոր առաջընթաց է գրանցում։

    Մաղթում ենք «Բազումք»-ի թիմին բեղմնավոր գործունեություն, գիտական նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման»,-նշված է հաղորդագրության մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս