19:20:45 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանության կիրառած հատուկ միջոցների հետևանքով տուժել են 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ

    16:54 14 Հունիս 2024

    «Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի դեմ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների արդյունքում ի թիվս բազմաթիվ ցուցարարների տուժել են նաև 10-ից ավելի լրագրողներ և օպերատորներ, որոնք իրադարձությունների կիզակետում կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները։

    Այսպես՝ լուսաձայնային նռնակների պայթյուններից և առաջացած հրմշտոցներից վնասվածքներ են ստացել «NEWS.am» լրատվական կայքի օպերատոր Վազգեն Եթումյանը, «ArmLur.am»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «ՍիվիլՆեթ»-ի/CivilNet-ի օպերատոր Նարեկ Հայրյանը, «ABC media»-ի լրագրողներ Նանե Հայրապետյանն ու Աղվան Ասոյանը, օպերատորներ Էդիկ Մալաքյանն ու Արման Ղարիբյանը, «MediaHub.am»-ի թղթակից Նարե Գևորգյանը, «Alpha News»-ի լրագրող Արփինե Բաղդասարյանը և օպերատոր Հովհաննես Հակոբյանը։

    Բախումների ընթացքում վնասվել կամ կորել է «Փաստինֆո» լրատվականի, PARA TV-ի, «Սպուտնիկ Արմենիա»-ի և այլ լրատվամիջոցների տեխնիկան՝ ուղիղ հեռարձակման սարքեր, տեսախցիկներ ու միկրոֆոններ։

    Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք ոստիկանության կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, ոչ պրոֆեսիոնալ, չհաշվարկված գործողությունները, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Մի շարք տեսագրություններում, ինչպես նաև «Ֆոտոլուր»/Photolure News Agency լրատվական գործակալության լուսանկարում պարզորոշ երևում է, որ լուսաձայնային նռնակներ ուղղվել են նաև լրագրողների ու օպերատորների կողմ, որտեղ կուտակված էին լրատվամիջոցների տեսախցիկները։ Սա հիշեցնում է 2016 թվականի հուլիսին Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունները լուսաբանող լրագրողների թիրախավորումը և նրանց նկատմամբ չարդարացված ուժի կիրառումն ու հետապնդումները, ինչը վկայում է, որ ոստիկանության գործելաոճում գրեթե ոչինչ չի փոխվել, և լուրջ կասկածի տակ է դնում հռչակված բարեփոխումների մասին պնդումները։

    Այս ֆոնին խորը մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ երկրի առաջին դեմքերն անվերապահորեն արդարացրել են ուժային կառույցների գործողությունները՝ նույնիսկ չսպասելով դրանց վերլուծությունների արդյունքներին, ինչը պարարտ հող է ստեղծում հետագայում նման գործողությունների կրկնման համար։

    Վրդովմունք է առաջացնում նաև այն, որ նույն օրը, երբ Ազգային ժողովի նիստում՝ վարչապետի հետ հարցուպատասխանի ժամանակ, վիճաբանություն է սկսվել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև, անվտանգության ծառայության աշխատակիցները փորձել են ԱԺ-ի օթյակից բռնի ուժով դուրս հանել լրագրողներին՝ արգելելով նրանց կատարել մասնագիտական պարտականությունները՝ տեսանկարահանել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցողը։ Այսպիսի անընդունելի գործելաոճ խորհրդարանում դրսևորվել է նաև նախորդ տարիներին, և սա դարձել է արատավոր ավանդույթ։

    Ելնելով վերոգրյալից՝ մենք պահանջում ենք․

    իշխող քաղաքական ուժից՝ հանդես գալ հայտարարությամբ և հայցել ներողամտություն հունիսի 12-ի իրադարձությունների ընթացքում տուժած բոլոր լրագրողներից ու լրատվամիջոցներից, փոխհատուցել նրանց վնասները և միջոցներ ձեռնարկել ճգնաժամային իրավիճակներում նրանց անվտանգ գործունեությունն ապահովելու համար,

    Ներքին գործերի նախարարությունից՝ ծառայողական քննություն իրականացնել և վերլուծել ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը, բացահայտել խախտումները, հրապարակայնորեն ընդունել դրանք և պատասխանատվության ենթարկել իրենց լիազորությունները չարաշահած ծառայողներին։

    Մենք մեր համերաշխությունն ու սատարումն ենք հայտնում ցավալի իրադարձություններում տուժած բոլոր լրագրողներին ու օպերատորներին, մաղթում շուտափույթ ապաքինում և տոկունություն»:

    ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

    ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

    ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

    ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

    ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

    ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

    «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

    «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

    ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս