01:41:08 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը ներկայացնող պարային զույգը դարձել է մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

    16:20 13 Նոյեմբեր 2024

    Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով-Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակաների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում:

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:

    Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ աշխարհի առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. 

    «Ամեն ինչ ֆանտաստիկ էր: Բոլորը շատ գոհ և երջանիկ են հեռացել մեր երկրից՝ ամենավառ տպավորություններով: Մեր միջազգային գործընկերները միայն գովասանքի խոսքեր հնչեցրին առաջնության կազմակերպման վերաբերյալ»»,- Գեորգի Բաբայանի խոսքերն է մեջբերում ԿԳՄՍ նախարարությունը: 

    Գեորգի Բաբայանը բարձր է գնահատել Հայաստանը ներկայացնող զույգի ցույց տված արդյունքը և նշել՝ Յարոսլավ Կիսիլյովն ու Սոֆյա Ֆիլիպչուկն իրենց նորամուտն էին նշում մեծահասակների մրցապայքարում:

    «Սա աննախադեպ արդյունք էր մեր զույգի համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեծահասակների կարգում սա նրանց առաջին տարին էր: Վստահ եմ՝ դեռ մեծ հաջողություններ են ունենալու»- ասել է Գեորգի Բաբայանը:

    Երևանում անցկացված մեծահասակաների 10 պարաձևով աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալը նվաճել են Լեհաստանի ներկայացուցիչները: 

    Որակավորման փուլից հետո լավագույն 24 զույգերը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որից հետո կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել 12 զույգ: Եզրափակչում հանդես է եկել 6 զույգ՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս