02:18:54 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնին 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել

    11:43 3 Դեկտեմբեր 2024

    Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնում են հիմնադրամից:

    «Հարկ ենք համարում նշել, որ դրամահավաք–միջոցառումները դեռ շարունակվում են, իսկ վերջնական արդյունքները կամփոփվեն տարեվերջին:

    «Հեռուստամարաթոն 2024» դրամահավաքի արդյունքներն ըստ երկրների.

    Հայաստան՝ $1,218,185
    ԱՄՆ՝ $7,700,717
    Ֆրանսիա՝ $3,430,000
    Տորոնտո (Կանադա)՝ $1,052,000
    Գերմանիա՝ $133,000
    Նիդերլանդներ՝ $50,000
    Արգենտինայի և Բրազիլիայի համատեղ դրամահավաք՝ $47,529
    Մեծ Բրիտանիա՝ $40,000
    Արգենտինա՝ $39,000 (հավելյալ հանգանակություններ)
    Ավստրալիա՝ $20,000
    Ռումինիա՝ $1,995
    Անանուն նվիրատուներ տարբեր երկրներից՝ $1,570,000

    «Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ շնորհակալություն է հայտնում ՀՀ տարածքում գործող բանկերին, որոնք իրենց մեծ ավանդը ներդրեցին համայն հայության համար կարևոր այս դրամահավաքին` ընդհանուր առմամբ հանգանակելով 280,000,000 ՀՀ դրամ (Արդշինբանկ, Ամերիաբանկ, Ֆասթբանկ, Էվոկաբանկ, Հայէկոնոմբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ԱՄԻՕ բանկ, Կոնվերսբանկ, Ինեկոբանկ, ՎՏԲ, ԱրմՍվիս բանկ):Հանգանակությունների համար շնորհակալություն ենք հայտնում նաև ԱԿԲԱ բանկի և Հայաստան համահայկական հիմնադրամի համատեղ թողարկած ԱԿԲԱ Վիզա Բարերար քարտի քարտապաններին, Digitain կազմակերպությանը, «Տիգրան Մեծ» հրատարակչությանը, ԵՊՀ Հիմնադրամին, Գառնի Ինվեստ ՈւՎԿ–ին, «Թել Սել»–ի բաժանորդներին, ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ին, «Երևանի գարեջուր» ՓԲԸ–ին, ինչպես նաև բոլոր նվիրատուներին:

    Նշենք, որ «Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

    - սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,
    - համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,
    - սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,
    - սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,
    - բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,
    - մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

    Բացի վերոնշյալից, 2025-2026թթ․ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

    1. Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

    2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

    Շնորհակալ ենք Հիմնադրամի միջազգային ցանցին, բոլոր գործընկերներին եւ նվիրատուներին շարունակական աջակցության, անմնացորդ նվիրումի եւ Հայրենիքի կողքին կանգնելու համար, ինչի շնորհիվ 2025-26թթ. ընթացքում ՀՀ սահմանային բնակավայրերում ապրող տասնյակ հազարավոր շահառուներ կօգտվեն Հիմնադրամի կողմից իրականացվող զարգացման ծրագրերից»,-նշում են հիմնադրամից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս