16:40:24 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն ՀՀ-ին 18 միլիոն եվրոյի աջակցություն կհատկացնի. համաձայնագիրը հաստատվեց

    13:59 20 Հունիս 2024

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության հունիսի 20-ի նիստին գործադիրի հաստատմանը ներկայացրեց «ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև պետության և դիմակայունության ամրապնդման պայմանագիր ՀՀ-ի համար» ֆինանսավորման համաձայնագիրը և այն հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

    Ըստ փոխվարչապետի՝ 2024 թվականի առաջին եռամսյակում ստորագրված 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ այս ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը, մասնավորապես՝ նպաստել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջնահերթ, միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ներառմանը:

    «Ծրագրի շրջանակում նախատեսվում է միանվագ բազմանպատակ դրամական օգնության տրամադրում, աջակցություն ժամանակավոր կացարանների կարիքների և կոմունալ ծախսերի ուղղությամբ, աջակցություն կանանց և խոցելի խմբերին, ինչպես նաև հյուրընկալող համայնքների սոցիալ-տնտեսական վերականգնում»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

    Փոխվարչապետը նաև տեղեկացրեց, որ օրակարգում հաստատվել է նաև չզեկուցվող մի հարց, այն է՝ հավանություն տալ ԵՄ-ի հետ ստորագրված բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագրի հաստատմանը, որի շրջանակում Եվրամիությունը կհատկացնի ևս 3 մլն եվրո:

    «Այս ծրագիրը ևս նպատակ ունի աջակցելու Կառավարությանն առավել լայն բարեփոխումների գործընթացում, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ-տնտեսական ներառման, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական պաշտպանության և զբաղվածության ռազմավարությունների կիրարկման հարցում»,- ասաց նա:

    Փոխվարչապետը նաև պարզաբանեց՝ 15 միլիոնն անհատույց բյուջետային աջակցություն է, իսկ 3 միլիոնը՝ աջակցության ծրագրերի իրականացման ֆինասավորմանն աջակցելու նպատակով:

    «15 միլիոնը բյուջետային աջակցությամբ փոխանցվելու է պետական բյուջե, իսկ 3 միլիոնը՝ ըստ օպերատորների»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս