14:13:33 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջիկայում խնամքի նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող և մինչև 2 տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից և վարձու աշխատող լինելու հանգամանքից

    15:42 27 Սեպտեմբեր 2022

    Ըստ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի` առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից:

    Կառավարության հեղինակած ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում:

    Օրենքի գործողությունը տարածվելու է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2023 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո: Ընդ որում, վարձու աշխատողների եւ գյուղաբնակ ծնողի համար գործող օրենսդրական կարգավորումները գործելու են, եթե երեխան ծնվել է մինչեւ 2023 թ. հունվարի 1-ը, իսկ գյուղաբանկ ծնողի դեպքում` նաեւ եթե դիմումը ներկայացվել է մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը:

    Պահպանելով գործող կարգավորումներով սահմանված խնամքի նպաստի իրավունք տվող հիմանական պայմանները եւ ժամկետները` նախագծով նաեւ առաջարկվում է վերանայել խնամքի նպաստի իրավունքի իրացման մյուս պայմանները` դրանք չփոխկապակցելով աշխատանքից ազատվելու կամ բնակության վայրը փոխելու հետ:

    Օրենսդրական նախաձեռնությունը բխում է Կառավարության ծրագրից եւ միտված է ծնելիության կայուն աճ ապահովելուն:

    ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հավաստմամբ` գյուղաբնակ եւ քաղաքաբնակ բոլոր ծնողները կստանան այս նպաստը:

    Փոխնախարարը նաեւ նշել է, որ գրավոր առաջարկներ չեն ներկայացվել, իսկ բանավոր առաջարկները կքննարկվեն համատեղ:

    Այս նպաստի համար պետբյուջեում նախատեսվել է շուրջ 17.6 մլրդ դրամ:

    Քննարկման արդյունքում նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս