09:01:28 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 2024-ի 11 ամիսներին ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշներին նման ցուցանիշներ. Գևորգ Պապոյան

    12:00 13 Հունվար 2025

    2024 թվականի դեկտեմբերի ցուցանիշներով՝ 11 ամսվա տվյալներով, տնտեսական ակտիվության աճը կազմում է 7,4 տոկոս: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

     

    Ըստ նախարարի՝ հունվար-նոյեմբերին գրանցվել է արտահանման մոտ 74 տոկոս աճ, ներմուծման՝ 41,5 տոկոս աճ, արդյունաբերության՝ 7,6 տոկոս, մշակող արդյունաբերության՝ 10,5 տոկոս, ծառայությունների աճը կազմել է 6,3 տոկոս, գյուղատնտեսության աճը հունվար-սեպտեմբերին՝ 1,8 տոկոս, շինարարության աճը՝ 14,9 տոկոս:

     

    «Եթե համեմատության մեջ դիտարկենք, ապա մենք ունեցել են նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշներին նման ցուցանիշներ, հատկապես՝ 2019 թվականի:

     

    Ինչո՞ւ չեմ խոսում 2021, 2022, 2023-ի մասին, որովհետև դրանք, ըստ էության, ավելի ֆորսմաժորային ժամանակահատվածներ են եղել, և այդ հատվածներում, տարբեր արտաքին գործոններով պայմանավորված, մենք տարբեր բացասական և դրական ցուցանիշներ ենք ունեցել, և հիմա արդեն մտել ենք կայունության փուլ: Նման ցուցանիշները պահպանելը, օրինակ՝ 6, 7, թեկուզ՝ 5,5 տոկոս տնտեսական աճ ունենալը, և այդպիսի շարունակական բարձր աճեր ունենալը, արդեն իսկ բավականին բարձր ցուցանիշ է համարվելու: Այդպես էլ կա, միջազգային գործընկերների կողմից էլ է այդպես համարվում»,- ասաց նա:

     

    Նախարարը նաև ներկայացրեց վերջին տարվա ընթացքում գրանցված «հիմնական դինամիկաները»:

     

    «Եթե նախկինում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ծառայություններն էին, և դա նաև շատ էր քննադատվում, երբեմն կապվում էր խաղային բիզնեսի զարգացման հետ, ապա այժմ, պետք է նշեմ, որ մեր տնտեական աճի մեջ, իհարկե, ծառայությունները շարունակում են մեծ դեր ունենալ, բայց ծառայություններն իրենց դերով զիջել են շինարարությանը և, որ ամենակարևորն է՝ արդյունաբերությանը: Այսինքն՝ արդյունաբերությունը մեր տնտեսության մեջ իր աճի չափաբաժնով երկրորդն է եղել, ինչը կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է»,- ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս