08:22:28 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, որից 33-ը՝ զինծառայող. Արցախի ԱԻՊԾ

    16:21 29 Հունիս 2022

    Արցախի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 29-ին,  հերթական հանդիպումն է ունեցել անհետ կորած համարվող զինծառայողների հարազատների հետ, որին մասնակցել են նաև միջգերատեսչական հանձնաժողովի անդամները:

    Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից  հայտնում են, որ  «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանը Կարեն Սարգսյանին զեկուցել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նույնականացման արդյունքներով հաստատված աճյունների և դրանցում առկա խնդիրների մասին:

    Հանդիպման ժամանակ հանձնաժողովի նախագահը անհայտ բացակայող համարվող զինծառայողների հարազատների հետ քննարկել է դատագենետիկական նույնականացման հետագա գործընթացի, կրկնակի նմուշառումների անհրաժեշտության և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

    Կարեն Սարգսյանը վստահեցրել է ծնողներին, որ հանձնաժողովն ամբողջ գործիքակազմով լծված է անհայտ ճակատագրերի բացահայտման ուղղութամբ տարվող աշխատանքներով:

    Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս այս ձևաչափով շահագրգիռ կառույցների պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալ և քննարկել հետագա անելիքները:

    2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը, որոնողական աշխատանքների արդյունքում ի հայտ է բերվել 1711 աճյուն և մասունքներ: Մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական:

    Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս