02:18:01 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 8-ամյա երեխայի վիրահատությունն ավարտվեց (թարմացված)

    20:30 2 Ապրիլ 2018

    00:42


    Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանն ասաց, որ Ռուբինա Մարկոսյանի վիրահատությունը րոպեներ առաջ ավարտվեց. վիրահատությունը նորմալ է անցել, երեխայի վիճակը կայուն է: 

    Մինասյանի խոսքով՝ աղջիկը դեռ մոտ երկու շաբաթ կմնա հիվանդանոցում, սակայն նրան ոչ մի վտանգ չի սպառնում: 

    00:35

    «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած պայթյունին, հայտնեց, որ տուժածների մեծ մասի վիճակը բավարար է, միջին ծանրության. մեկ աղջիկ վիրահատվում է:

    «Վիրահատությունը մոտակա ժամերի ընթացքում կավարտվի, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա և նշեց, որ արդեն 1.5 ժամ է՝ վիրահատությունը սկսվել է և մոտենում է ավարտին:

    00:14

    «Բուրգեր Քինգում» պայթյունից տուժած ութամյա աղջկա՝ Ռուբինա Մարկոսյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը։

    Նրա խոսքով, վիրահատությունը դեռ չի ավարտվել, սակայն արդեն կարելի է ասել, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Երեխան ազդրի հատվածում մեծ պատռված վերքեր էր ստացել, վիրահատվում է։

    00:08

    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ պայթյունի հետևանքով վնասվել են օբյեկտի խոհանոցը (60 քմ), սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:

    23:30

    «Միայն մեկ երեխա է, որ վիճակը ծանր է, մեծ գործողություն իրականացվեց», - նշեց Ա.Բաբլոյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է:

    ԱԺ նախագահի խոսքով՝ բոլոր վիրավորները տարբեր վնասվածքներ ունեն՝ թեթև, միջին և ծանր:

    «Հիմա ծանր վիրահատությունը կավարտվի, արդեն երեխային կբերեն պալատ և բոլորին կհսկեն մինչ առավոտ», - նշեց նա:

    Արա Բալոյանն ասաց, որ այս պահին բոլոր վիրավորների վիճակը կայուն է:

    Թե ինչ վնասվածք ունի ծանր վիճակում գտնվող հիվանդը, ԱԺ նախագահն ասաց.

    «Բավականին մեծ վնասվածք է ազդրի վերին երրորդականում, մկանները բոլորը վնասվել են, վնասվածքը մինչև ոսկոր է հասել»:

    Նա նշեց, որ վիրավորները այրվածքներ չեն ստացել, միայն բեկորային վնասվածքներ են:


    22:29


    ԱԻՆ-ի պաշտոնական կայքը ճշգրտում է, որ միջադեպի հետևանքով կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի):


    22:24

    21:55

    Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում պայթյունի հետևանքով Երևանի Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 տուժած, որոնցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից՝ հավելելով, որ մնացած 7-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

    «Մեզ մոտ տեղափոխվածները գրեթե բոլորն էլ անչափահաս են՝ 6, 8, 19, 16, 15, 14, 15 և 25 տարեկան։ Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է և հենց այս պահին վիրահատում են»,- ընդգծեցին ԲԿ-ից։

    Երեխային, ով ունի կոնքազդրային հոդի հատվածում շատ մեծ վնասվածքներ, վիրահատում են միկրովիրաբույժները և վնասվածքաբանները։  

    21։42

    ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 9 տուժած։ Նրանց առողջականի մասին տեղեկություն չի հայտնվում։

    21։28
     
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 7 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

    Հիշեցնենք, որ քիչ առաջ Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 7 մարդ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը։

    «Տեղեկությունները խիստ նախնական են և կարող են փոխվել։ Տուժածների թվում  երեխաների առկայության մասին տեղեկությունները ճշտվում են։ Պատճառները դեռևս հայտնի չեն»,- ասաց նա։

    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

    «Արմենպրես»-ը ճշտում է դեպքի այլ մանրամասներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:





    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս