10:13:22 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել․ «Խոպանչիների կառավարություն»

    21:36 23 Փետրվար 2024

     

    «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է գրել․

     

    «Խոպանչիների կառավարություն»

     

    Քանի որ «խոպանչիների հարկի» թեման այսօր փառահեղ մեկնաբանվեց կառավարության նիստում, և հասարակությունն այն քննարկում է տարբեր տեսանկյուններից, փորձեմ մեկ տեսանկյուն էլ ես առաջարկել։

     

    Կա վարկած, որ արտագնա աշխատողների հարկման թեման բարձրացվում է ԵԱՏՄ հանդեպ Հայաստանում բացասական տրամադրություններ գեներացնելու համար։ Վերջում ասվելու է՝ մեղավորը ԵԱՏՄ-ն է։ Բայց սա ուղղակի վարկած է։

     

    Ինչ խոսք, արդար և խիստ հարկահավաքությունը կենսունակ պետության պարտադիր պայմանն է։ Բայց դրա զուգահեռ թեման բյուջեի վերահսկողությունն է։ Յուրաքանչյուր անհատ հարկատու, ու հասարակությունը՝ որպես հավաքական հարկատու, իրավունք ունեն հարցնելու. իսկ բյուջեի ափռցփռ ծախսերը՝ մեկ աղբյուրից գնման ճանապարհով, հասարակության հետ ճշտվե՞լ են։ Խոսքը ահռելի թվերի, բազմաթիվ միլիարդների մասին է, որոնք անվերջ կոռուպցիոն ենթատեքստեր է պարունակում։ Դեգեներատ միջոցառումների համար միլիոնավոր դոլարներ ծախսելիս ո՞ւմ եք հարցրել։ Ավինյանի երդմնակալության վրա ծախսված մոտ հարյուր միլիոնը քաղաքացու հետ ճշտվե՞լ է։ Բարձրաստիճան պաշտոնյաների համար անվերջ գնվող թանկարժեք մեքենաները, առանձնատների և կաբինետների թանկարժեք վերանորոգումները, և այլն, և այլն։ Մեր երկրում մնացե՞լ է արդյոք բյուջեի վերահսկման որևէ մեխանիզմ։

     

    Սա շատ կարևոր է պահ է։ Եթե մենք հարցին չնայենք այս տեսանկյունից, ապա «խոպանչիների հարկը» չի լի լինելու վերջինը, և միայն նրանց չի ասվելու՝ եթե հարկ չեք տալիս, ապա «մեր» ճանապարհներով մի քայլեք, երթևեկեք։ «Մենքը» ո՞վ է, «մերը» ո՞րն է։ «Մեր» սարքած Լաչինի ու Քարվաճառի ճանապարհներով երբ գնում էիք Շուշի՝ երդմնակալության արարողություն կազմակերպելու, դո՞ւք չէիք սարքել ճանապարհները, էդ պատճառո՞վ էդքան հեշտ հրաժարվեցիք մեր երկրից։

     

    Ցանկացած աբսուրդ հարկատեսակ կարելի է հնարել ու արդարացնել նույն տրամաբանությամբ։ Օրինակ.

     

    1. «Հղիների հարկ». ինչո՞ւ պետք է մեկ հոգին՝ մայրը, երկու հոգու ծանրությամբ քայլի մեր մայթերով, չէ՞ որ «մեր» ասֆալտը մաշվում է։ Կամ ինչո՞ւ մեկ հոգին երկու հոգու փոխարեն պետք է մեր թթվածինը շնչի, ջուրը խմի։

     

    2. Արցախցիների վրա կարելի է դնել տուրիստական նոր «city tax»։ Բա ինչո՞ւ պետք է «մեր» փողոցներով քայլեն, «մեր» 29800 ք/կմ–ի վրա ապրեն։

     

    3. «Չմեծարման հարկ». նա, ով հրաժարվում է Մեծարգո վարչապետ ասել, պետք է հարկ մուծի։

     

    4. «Հայրենիքի հարկ». ով շարունակում է Արարատը մերը համարել, երազել նրա մասին կամ նայել նրա կողմ, լրացուցիչ կհարկվի։

     

    5. «Հիշողության հարկ». ցեղասպանության մասին հիշելը, Արցախի մասին հիշելը, Ամարասը, Գանձասարը հիշատակելը ևս հարկման ենթակա է։

     

    Երբ պետությունը կորցնում է իր կենսագործունեության տրամաբանական ընթացքը, ապա ամեն աբսուրդ բան հնարավոր է, և ոչ միայն հարկերի մասով։ Վերջում՝ մի շատ վտանգավոր երանգի մասին, որը դեռևս աննկատ մնաց՝ ներհասարակական նոր բաժանման, նոր բարիկադի նոտան՝ արտագնա հայ, այստեղ ապրող հայ, «մեր ու ձեր» ճանապարհ և այլն։ Իրենց հայտնի ռեպերտուարի մեջ են։

     

    Հ.Գ. Այնուամենայնիվ, խոպանը մի կողմ. սոցիալական թեմաները կարևոր են, սակայն ես չեմ բացառում, որ այս կապիկություններն արվում են իրականում Ֆրանսիայում արած վտանգավոր հայտարարություններից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Երեկվանից հետո Նիկոլի հայտարարությունների շնորհիվ Հայաստանը հայտնվել է բոլորովին նոր, ծայրահեղ վտանգավոր վիճակում, և բոլոր ընդդիմադիր ուժերն այսօր պարտավոր են կենտրոնանալ և վերջապես իրենց դրսևորել որպես քաղաքական միավորներ։ Մենք պարտավոր ենք ադեկվատ արձագանքել նոր իրողություններին։ Սրա մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս