18:39:03 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը ԼՂ ամուր երաշխիքների ներքո

    15:40 29 Փետրվար 2024

    Եվրոպական խորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության և ԵՄ անվտանգության ու պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց, որոնցում խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ու կոչ անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակչության անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ ամուր երաշխիքների ներքո։

     

    Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցն ընդգծում է հայկական մշակութային, պատմական եւ կրոնական ժառանգության պաշտպանության կարեւորությունը՝ պահանջելով պաշտպանել դրանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։

     

    Եվրախորհրդարանականները զեկույցում նշել են, որ Բաքուն խախտել է միջազգային եւ մարդու իրավունքները, ափսոսանք հայտնել, որ խախտել է նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարությամբ և ԵՄ միջնորդությամբ իրականացվող բանակցություններում ստանձնած պարտավորությունները։

     

    «Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական երկխոսությունն առաջընթացի միակ կայուն ճանապարհն է և կոչ է արվում ԵՄ-ին ու նրա անդամ պետություններին աջակցել նման ջանքերին», - ասված է զեկույցում, որն ընդգծում է, որ արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղությունը, որը պահպանում է երկու երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, կայունության նախապայմանն է։

    Զեկույցը նախազգուշացնում է, որ ուժի կիրառմամբ և հարևան երկրների տարածքային ամբողջականության խախտմամբ նպատակներին հասնելու ցանկացած ջանք պետք է արժանանա ԵՄ-ի և միջազգային հանրության վճռական պատասխանին։ Կոչ է անում Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը (EUMA) ուշադիր հետևել տեղում զարգացող անվտանգության իրավիճակին, թափանցիկ հաշվետվություն տրամադրել խորհրդարանին և ակտիվորեն նպաստել հակամարտությունների կարգավորման ջանքերին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պաշտպանունակությունն ուժեղացնելու նպատակով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության սահմաններից դուրս նրա անվտանգության տարածքը ընդլայնելու նպատակով։

     

    Զեկույցն անդրադառնում է նաեւ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերություններին՝ նշելով, որ երկկողմ կապերի ցանկացած խորացում պետք է պայմանավորվի նրանով, որ երկիրը էական առաջընթաց գրանցի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար ազատությունների, ներառյալ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության հարցում։  

     

    Ընդունված զեկույցը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը և նրա լիակատար հարգանքը երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաեւ բարձր է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը չի ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ, և նրա վերջին կոչերը՝ վերսկսելու խաղաղ բանակցությունները Ադրբեջանի հետ ամենաբարձր մակարդակով։ Զեկույցը նաեւ ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս