17:00:21 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը

    22:31 21 Մայիս 2024

    Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։

     

    Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։

     

    Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։ Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը։

     

    Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամեհ Նագիբ Վահբան ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ուղղություններով իրականացվող միջոցառումները և աշխատանքները։

     

    Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցեր։

    Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ընդգծել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս