16:12:40 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան

    12:40 20 Հունիս 2024

    ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես ասված է.

     

    «Հարգելի՛ քաղաքացիներ,

     

    հունիսի 20-ը աշխարհում նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այդ օրը ևս մեկ առիթ է՝ ուշադրություն հրավիրելու ամենամեծ մարդասիրական ճգնաժամերից մեկին՝ փախստականների հիմնախնդրին:

     

    Այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության տակ են վերցվել և փախստականի կարգավիճակ ստացել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները:

     

    Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի ապահովվի փախստականի կարգավիճակ ունեցող մեր հայրենակիցների պաշտպանությունն ու ինտեգրումը, կենսական պայմանների բարելավումը։

     

    Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ձեռնարկում է աջակցման տարբեր միջոցառումներ թե՛ օրենսդրական փոփոխությունների, թե՛ ծառայությունների մատուցման առումով։ Մեր հայրենակիցների սպասարկումը ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում իրականացվում է արտահերթ կարգով։

    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքով առաջացած մարտահրավերներին դիմակայելու հարցում ՆԳ նախարարությունը համագործակցում է միջազգային և ներպետական տարբեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ։

     

    Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից իրականացվում է այդ անձանց տվյալների թվայնացումը, որպեսզի նրանք լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից։

     

    Կարևորելով այս օրը՝ վերստին ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, լինելով 1951 թ. «Փախստականների կարգավիճակի մասին» Ժնևի կոնվենցիան ստորագրած պետություն, շարունակում է քայլեր ձեռնարկել փախստականների խնդիրների հավաքման և դրանց լուծման ուղիների նախանշման ուղղությամբ։

    Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության և յուրաքանչյուրիս հոգածության ներքո՝ առաջնորդվելով հանդուրժողականությամբ և համերաշխությամբ»,- նշված է ուղերձում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս