16:24:13 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում

    16:25 16 Հունիս 2024

    Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կարգը, նախատեսված քայլերն ու դրանց հերթականությունը ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանված և Գյումրիում բնակություն հաստատած ընտանիքներին։ Մարզպետի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են ծրագրից օգտվելու մանրամասները։

     

    «Կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք օր առաջ բնակարանամուտ տոնեք, իսկ Շիրակի մարզպետի աշխատակազմը մշտապես պատրաստ է լիազորությունների շրջանակում լսել, սատար կանգնել և աջակցել Շիրակում բնակություն հաստատած բոլոր ընտանքիներին»,- Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի անունից ողջունելով ներկաներին՝ նշեց մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը։

     

    Պատասխանատուները տեղեկացրել են, որ, ըստ կարգի, դիմումներն ընդունվում են առցանց եղանակով հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում), հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։ Միջոցառումն իրականացվում է 3 փուլով։

     

    Պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին, պատասխանել ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին։ 

     

    Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է 5 մլն դրամ, 4 մլն դրամ և 3 մլն դրամ՝ ըստ կառավարության որոշմամբ հաստատված համայնքների ցանկի։ 

    Շիրակի մարզում այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3664 քաղաքացի է բնակվում՝ 1011 ընտանիք։ Գյումրիում բնակվում է 2549 քաղաքացի՝ 677 ընտանիք։

    Ըստ պատասխանատուների՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հետ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս