16:46:30 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն Նիկոլ Փաշինյանի ձեռքով. Օհանյան

    21:06 24 Ապրիլ 2024

    Սահմանազատում չի իրականացվել, եւ սահմանազատումից հետո իրականացվում է սահմանագծում, այսինքն՝ ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացրել: Այս մասին այսօր Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

    Նրա խոսքով՝ դա վտանգավոր է:

    ՛՛Ամենակարեւոր վտանգն այն է, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է իրականացվի գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարեւորը այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, հետագա ապակայունացման առիթ: Այդ առումով, եթե մենք ուզում ենք, որ դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի 200-ից ավելի քկմ տարածքներից:

    Երկրորդը՝ դա ՀՀ օրենսդրության համաձայն տվյալ հատվածներում այն իրավունքներն են, որոնցից օգտվում են սահմանամերձ բնակավայրերի մեր քաղաքացիները: Դա տարածքների, արոտավայրերի, ջրաղբյուրների, էլեկտրականության, գազի եւ այլ երթակառուցվածքների հետ կապված խնդիրներն են:

    Դրանից հետո իրականացվում է սահմանագծում: Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչեւ մայիսի 15-ը ավարտել սահմանազատումը եւ անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է՛՛,-նշեց նախկին նախարարը:

    Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով փաստացի մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը: 

    ՛՛Այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով՛՛,-ընդգծեց նա:

    Օհանյանի խոսքով՝ Տավուշում տեղակայված N զորամիավորումը, որի անձնակազմն իր պարտականությունները պետք է կատարի, մեր սահմանների պաշտպանության համար է, ոչ թե դրանք հանձնելու:

    ՛՛Այս գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից ամբողջությամբ սահմանազատման եւ սահմանագծման ընթացակարգերի խախտումով են իրականացվում: Սրանք ապօրինի գործողություններ են: Այդ ամենն իրականացնելու համար նրանք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետեւ դրանք հետագայում ՀՀ իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդմանառիթ են հանիդսանալու:

    Ես կոչ եմ անում, որ հայ ժողովուրդն ամբողջությամբ ոտքի կանգնի, դիմադրության օջախներ ձեւավորեն ամբողջ հանրապետությունով մեկ, աջակցեն բանակին, որ բանակին այդպիսի հիմար հրամաններ չտան՛՛,-ասաց նա:

    Օհանյանն անդրադարձավ նաեւ վերջին օրերին ԵԿՄ-կանների վարքին:

    ՛՛Երկրապահը նրա համար է, որ երկիրը պահի, երկրապահը նրա համար չէ, որ անօրեն ինչ-որ գործողություններ անի: Ես խորհուրդ կտայի, որ երկրապահները, որոնք այսօր բանակի շարքում խնդիր են կատարում, իրենք ամբողջությամբ պետք է ենթարկվեն տարբեր հատվածներում պաշտպանական խնդիրներ կատարելու ժմանակ բանակի հրամանատարությանը եւ նույն կարգապահությամբ էլ կատարեն իրենց առջեւ դրված խնդիրը: Դա պետք է անեն, ոչ թե խառնվեն ներքաղաքական այս գործընթացներին՛՛,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս