10:23:06 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՀ ԱԳՆ-ն Ալիևի այցն Արցախի օկուպացված տարածքներ համարում է հետագա ագրեսիվ պլանների մարմնավորում

    20:10 18 Մարտ 2021

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի օկուպացված տարածքներ Ադրբեջանի նախագահի այցի կապակցությամբ՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող  եկեղեցիների և հուշարձանների  պատերից։

    ԱՀ ԱԳՆ-ն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի նկատմամբ բացարձակ անհարգալից վերաբերմունքի ցուցաբերում է համարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա տիկնոջ՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցությամբ կատարած այցն Արցախի Հանրապետության օկուպացված Հադրութի շրջան: «Օկուպացված տարածքներում գտնվելու ժամանակ նախագահ Ալիևն անձամբ հանձնարարել է իրեն ուղեկցող պաշտոնյաներին ջնջել միջնադարյան հայկական արձանագրություններն օկուպացված տարածքներում գտնվող  եկեղեցիների և հուշարձանների  պատերից»,- ընդգծել են ԱՀ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ նման պաշտոնական այցերն Ադրբեջանի հայատյաց ու ռազմատենչ, քաղաքականության, ինչպես նաև հետագա ագրեսիվ պլանների մարմնավորումն են:

    Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Արցախի Հանրապետությունը բազմիցս տեղեկացրել է միջազգային հանրությանն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ահաբեկչության, նրա ռազմական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, ցեղասպանական ծավալապաշտական քաղաքականության կոպտագույն առաջմղման մասին:

    «Այդ ցեղասպան քաղաքականությունը հանցագործություն է մարդկության դեմ, միջազգային նորմերի, դաշնագրերի, բանաձևերի և համաձայնագրերի կոպիտ  խախտում և սպառնալիք ողջ քաղաքակիրթ աշխարհի համար»,- շեշտում են ԱՀ ԱԳՆ-ում՝ կոչ անելով համապատասխան միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու դատապարտելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը և զգուշացնելով, որ անգործությունն ու անտարբերությունը կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ:


     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս