07:53:36 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամենայն Հայոց կաթողիկոսը Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտի հետ քննարկել է եկեղեցական կառույցների վերականգնումը

    15:50 8 Հունիս 2019

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

     

    Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին, ինչպես նաև կայցելի տարբեր վանքեր ու պատմական վայրեր:

    Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը:

     

    Ուրախություն հայտնելով Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Պավելի Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ ընդգծել է, որ այն ոչ միայն անձնական բարեկամական ու ջերմ կապերի վերահաստատումն է, այլև միտված է նպաստելու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների և գործակցության առավել զորացմանը: Նորին Սրբությունը վերհիշել է Մոսկվայի հոգևոր ակադեմիայի ասպիրանտուրայում միտրոպոլիտի և իր ուսումնառության տարիները, անցած հոգևոր ծառայության ուղին:

    Վեհափառ Հայրապետը կարևորել է նման այցելությունները` անդրադառնալով նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ ունեցած պարբերական հանդիպումներին, որոնց ընթացքում քննարկվում են Եկեղեցիների առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:

    Իր հերթին Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Պավել միտրոպոլիտը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար, հաստատել է, որ երկար ժամանակ է, ինչ ցանկանում է այցելել Հայաստան: Միտրոպոլիտը նաև նշել է, որ քաջատեղյակ է հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու անցած դժվարին ու հերոսական պատմական ուղուն և իր ծառայության տարբեր վայրերում մշտապես առնչվել է Հայոց Եկեղեցու կառույցների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նորին Սրբազնությունը Հայոց Հովվապետին ներկայացրել է նաև Բելառուսում Ուղղափառ Եկեղեցու գործունեությունն ու հոգևոր կյանքի ներկայիս կացությունը:

    Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս անդրադարձ է կատարել Հայաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Եկեղեցու ջանքերին եկեղեցական կառույցների վերականգնման, հոգևորականների պատրաստության և եկեղեցաշինության ոլորտներում: Մասնավորապես խոսվել է Միածնաէջ Մայր տաՃարի ամրակայման և վերանորոգության աշխատանքների մասին:

    Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը հոգևոր եղբորը մաղթել է արևշատ կյանքի երկար օրեր և արդյունավետ գործունեություն ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն Բելառուսի հավատավոր ժողովրդի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս