08:15:35 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արման Վարդանյան․ Հայաստանում կբացվի կանադական YEDI ինստիտուտի կամպուսը

    15:52 21 Օգոստոս 2019

    «Այժմ քննարկում ենք մեծ կամպուսի շինարարությունը Հայաստանում, որտեղ IT մասնագետները, այլ ոլորտի մասնագետները, որոնք ունեն լավ ծրագրեր, կարող են և՛ ֆինանսավորում ստանալ, և՛ կյանքի կոչել իրենց բոլոր նախաձեռնությունները։ Շատ կարևոր է նաև ներդրումային մթնոլորտը, որը բարելավվում է Հայաստանում։ Կարևորում ենք կառավարության մասնակցությունը նման ծրագրին։ Միջազգային  ընկերությունների համար, այո՛, կարևոր են գործընկերները, բայց ոչ պակաս կարևոր է կառավարության աջակցությունը, քանի որ շատ ծրագրեր նաև երկկողմանի են՝ Հայաստանի և Կանադայի կառավարությունների միջև»,-այսօր այս մասին ասաց Գ.Վ.Պլեխանովի անվ. ՌՏՀ Երևանի մասնաճյուղի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը՝ Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) միջազգային START- UP ծրագրի հանդիսավոր շնորհանդեսին, որի պաշտոնական գործընկերն է Հայաստանում։

    Նշենք, որ YEDI-ն, որը կանադական բիզնես-ինկուբատոր, աքսելերատոր և վենչուրայի ֆոնդ է, ֆինանսավորվում է Կանադայի կառավարության, խոշոր բանկերի և մասնավոր կազմակերպությունների կողմից։ Այն աջակցում է ստարտ-ափերին, գործարարներին, նրանց համար անցկացնում թրեյնինգներ։  Այժմ YEDI-ն ցանկություն է հայտնել իր կամպուսը բացել նաև Հայաստանում ու նաև այստեղ իրականացնել իր ծրագրերը՝ ողջ աշխարհից գործարարների ու նաև հայաստացիների համար։

    Արման Վարդանյանը նշեց, որ ի սկզբանե, երբ YEDI-ն Երևանում նախատեսել էր անցկացնել սեմինար՝ Իրանից, Չինաստանից, Հնդկաստանից, Վիետնամից  Start-up ծրագրերում ներգրավված խոշոր գործարարների մասնակցությամբ, չի եղել Հայաստանում կամպուսի ստեղծման ծրագիր։ Սակայն, շփվելով մեր մասնագետների հետ, հանգել են այն որոշման, որ Հայաստանում պետք է բացել տարածաշրջանային կենտրոն։

    «Կարծում եմ, կենտրոնը կընդլայնվի ու իր մեջ կներառի նաև Իրանը, Իրաքը, Վրաստանը, Ուկրաինան և այլ երկրներ։ Այսինքն, Հայաստանը կլինի մի կենտրոն, որը կկարողանա սպասարկել 7-ից 10 երկիր»,-ասաց Արման Վարդանյանը։

    Կենտրոնի ծրագրերին կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ով ունի լավ գաղափար ու այն կապված չէ միայն IT ոլորտի հետ՝ չնայած, երբ ասում են ստարտ-ափեր, բոլորը նկատի են ունենում  բարձր տեխնոլոգիաները։ Իսկ թե որտեղ կկառուցվի կենտրոնը, դեռևս քննարկվում է։

    Խոսելով Գ.Վ.Պլեխանովի անվ. Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում դիմորդների քանակի մասին՝ Արման Վարդանյանը նշեց, ամեն տարի ավելանում է դիմորդների քանակը։

    «Մենք մեր դասախոսների համար անցկացվում են թրեյնինգներ, վերապատրաստումներ ու, համոզված եմ, որ գնալով էլ ավելի բարձր մակարդակի վրա է գտնվելու, քանի որ
    Պլեխանովը համաշխարհային մակարդակում առաջատար ԲՈւՀերից մեկն է»,-ասաց Արման Վարդանյանը, հավելելով, որ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում գործում է ՌԴ սահմաններից դուրս գտնվող աշխարհում միակ ռուսական պետական քոլեջը (միջին մասնագիտական կրթություն՝ 9-րդ դասարանի հենքով), որն այս տարի ունի 2,5 անգամ ավելի դիմորդ, քան սպասվում էր։

    Քոլեջում ուսումը վճարովի է, բայց հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել, որի համաձայն վճարում է ամենաբարձր առաջադիմություն ունեցող ուսանողների կրթության վճարը։

     

    Արման Վարդանյանը նշեց, որ  Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում սովորելն ավելի մատչելի է՝ համեմատությամբ նույն որակի, նույն մակարդակի վրա գտնվող թե՛ ռուսական, թե՛ արևմտյան ԲՈւՀ-երի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս